ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարդիկ հիշում են, թե ինչպես էր այժմ փոխարտգործնախարար, ավելի վաղՙ ԱԺԿ լիդեր, իսկ էլ ավելի վաղՙ Վազգեն Մանուկյանի համախոհ Շավարշ Քոչարյանն անվերջ խոսում Հայաստանում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունից: Նա ասում էր, որ մարդկանց փոխարինելը դեռ քիչ է, պետք է համակարգը փոխել: Այժմ պաշտոնյա` նա այդ մասին վաղուց չի խոսել, հուսանք, որ դրա համար պատնեշ է նրա դիվանագիտական ստատուսը, այլապես կարող ենք մտածել, որ կամ նա պաշտոն ստանալով այլեւս համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում, կամ այդ համակարգային փոփոխություններն, այնուամենայնիվ, սողալով եւ աննկատ են եղել, այնքան աննկատ, որ «խաբարներս» չի եղել: Վերջին միտքը, սակայն, 100 տոկոսանոց ժխտման կարժանանա ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր շրջանակներից հավասարապես, իսկ առաջինին, թեեւ չէինք ուզենա հավատալ, բայց եթե այդպես լիներ, դա կլիներ դասական օրինակ այն իրողության, որ մեր` անգամ ամենագաղափարական համարվող ընդդիմադիրներին բոլոր ժամանակներում ոչ թե Հայաստանում հեղափոխությունն ու փոփոխություններն են հետաքրքրում, այլ` փոքր հաշվով սեփական կարիերան, մեծ հաշվով` իր կողմնակիցների (իր թայֆայի) կարիերան, հայերեն ասած` իշխանության գալը: Իսկ համակարգային փոփոխությունների բախտը դեռ երկար չի բերի Հայաստանում, քանի որ մտածողություն փոխելու համար դեռ սերունդ պետք է փոխվի. օրինակ` Ալիկ Արզումանյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի ժամանակը մեր պետության մեջ նույնքան հարուստ է եղել թայֆայաբազությամբ, յուրայիններին կերակրամանի մոտ պահելու «հեղափոխական» թպրտոցով, որքան հիմա, եւ այդ նույն մարդիկ իշխանության վերադառնալով հազիվ թե իրենց մեջ նստած թայֆայաբազին հաղթեն: Իսկ համակարգ փոխելու համար կրթություն, դաստիարակություն, նոր ձեւով ապրելու սովորույթ է պետք, որ միանգամից չի գալիս, այլ աստիճանաբար: Ոչ թե մի օր արթնանում ու տեսնում ես, որ համակարգային փոփոխություն է եղել` ինչպես ձյունն է գալիս մի գիշերում, այլ քայլ-քայլ, ինստիտուտների կայացմամբ, օրենքները դեմոկրատացնելով եւ ամենակարեւորը` օրենքները կիրառելու կամքը սանտիմ առ սանտիմ ամրացնելով են պետությունները գնում համակարգային փոփոխությունների: Մի օրինակով ասեմ, որ հասկանալի լինի. կրթության համակարգում, ըստ սիրողական հաշվումների, ընդունելության քննությունների ժամանակ 25-30 մլն դոլարի կաշառք է պտտվում: Այ սա բացասական իմաստով համակարգված մի բուրգ է, որի թելերն աստիճանաբար կենտրոնանում են դեպի վեր, եւ եթե ամենավերեւից մեկն անսպասելիորեն կամք դրսեւորի եւ թելերից մեկը բաց թողնի` բուրգը կփլվի, իր տակ թողնելով թացն ու չորը եւ շղթայական ռեակցիա առաջացնելով: Կամ էլ նվազագույնը, այդ կամք դրսեւորողը դուրս կմնա համակարգից, իսկ բուրգը կշարունակի իր գոյությունը` նրան շրջանցելով:
Այսինքնՙ կաշառքը կամք դրսեւորելով վերացնելը, իշխանական նավը վարողին մեկ ուրիշով (ընդդիմադիրով փոխարինելը) չի կարող նշանակել փոփոխություն, չի նշանակում համակարգի բարելավման սկիզբ: Բուրգի գոյությանն իրականում կարող է սպառնալ բուրգ ծնող պատճառների վերացումը, մյուս զուգահեռ բուրգերի պատճառահետեւանքային կապը կամաց-կամաց մաքրելով` դանդաղ, բայց ազգովին շարժումը: Մնացած խոսակցությունը, թե, օրինակ, այսինչ մաքուր մարդը, որ ղեկավարի բուրգը, կաշառք չի լինի, առնվազն երեսպաշտություն է, քանի որ կաշառքը կշարունակի ճամփորդել` այդ մարդուն շրջանցելով կամ... տապալելով:
Հիմա գանք այն խնդրին, թե Հայաստանում կա՞ն գոնե նվազագույն այն մի քանի գործոնները, որոնք պարտադիր են իշխանափոխության կամ հեղափոխության համար, անկախ այն բանից, որ մարդկանց` թող որ բավական ստվար խումբ խոսում է այդ մասին:
Աղքատության շատ բարձր տոկոս երկրում` գումարած սոցիալական խնդիրները լուծել խոստացող եւ կարողացող ուժ:
Ընդդիմադիր եւ իշխանամետ զանգվածների ուժերի` գոնե 50:50 փոխհարաբերակցություն:
Ղարաբաղի ստացված խնդիր, որի հայանպաստ լուծումը դուրս է իշխանության ուժերից:
Ահա գոնե այս նվազագույն երեք գործոնն առկա է Հայաստանում` դիտարկենք:
Սկսենք վերջինից. այն, որ ՀԱԿ-ականներն իրենց շրջանակը կոչում են շարժում, դա, մեղմ ասած, չափազանցություն է: Անգամ Հայոց համազգային շարժումը, իր ստեղծման պահից արդեն երկու-երեք տարի հետո շարժում չէր, այլ ոչ այնքան մեծաթիվ կուսակցություն, որն աստիճանաբար դեպի զրոյական վարկանիշի հասավ: Վերջին` ավագանու ընտրությունները, որոնք, ի դեպ, տողերիս հեղինակը որպես ընտրություն բովանդակային առումով կասկածի տակ է դրել, այնուամենայնիվ ցույց տվեցին, որ մարդկանց շատ գերակշիռ զանգված թքած ունի «ընդդիմադիր շարժում» կոչվածի վրա, քանի որ դա իր համար անհասկանալի մարդկանց եւ անհասկանալի նպատակների մի համախումբ է: Հենց դրանով պետք է բացատրել գուցե այդ գերակշիռ զանգվածի` կաշառման կամ այլ շահագրգռությունների հանդեպ պատրաստակամությունը: Իսկ որ երեկ բանտից դուրս եկած Ալիկ Արզումանյանն ասում էր, թե պետք չէ գիգանտամանիայի հետեւից ընկնել` հակադրվելով «շարժումը մարում է, 20 հազար էր վերջին հանրահավաքայինների թիվը» կարծիքներին, եւ եթե 4 դժգոհ քաղաքացի կա` պետք է բանակցել այդ 4-ի հետ, հասկանալ` ինչո՞ւ են դժգոհ: Որ կա դժգոհություն հասարակության մեջ` իհարկե կա, բայց դժգոհողների շատ մեծ մասըՙ Ալիկ Արզումանյանին չէ, որ հավատում է: Այդ դժգոհությունը մանրատվում է` մի մասը հավատում է երկրի նախագահին, մի մասը Ծառուկյանին, մի մասը` Դաշնակցությանը, այդ իսկ պատճառով կոնգրեսին հավատացողները հենց այնքան են, որով հեղափոխություն չես անի, եւ որով շարժումը մարում է: Իսկ դժգոհողներին գեներացնող նոր ուժեր են հարկավոր լինելու, որոնց մեջ չի երեւում դեռ` ի՞նչ դեր է ունենալու կոնգրեսը: Այնպես որ` դժգոհներ կան, բայց որ այդ դժգոհների բանակը հենց կոնգրեսինն է, նրա համակիրներն ու ընտրողները, սա առնվազն բլեֆ է: Այնպես որ` սոցիալական դժգոհների շերտը դեռ Հայաստանում հեղափոխության բալաստ չէ, որովհետեւ նրա տարբեր շերտերի խնդիրների մասնակի լուծումներ տեղի են ունենում, իսկ իշխանական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ 50:50 հարաբերակցություն, այն էլ խիստ վերապահումով, այն էլ` եթե բոլոր ընդդիմադիր ուժերը մի հրաշքով միավորվեն...
Ղարաբաղի խնդիրը, որը սովորաբար հայ հասարակության մեջ փոփոխություններ գեներացնող ամենաստույգ պատճառն է եղել մշտապես: Կոնգրեսական առաջնորդն ու իր համախոհների նեղ շրջանակը արտահերթ հանրահավաքը որպես պահեստային միջոց կիրառելով, հույս ունեին, թե միջազգային ճնշումների ներքո փաստաթղթի ստորագրում պարտադրելով ԼՂ հարցում` ռեզոնանս կլինի մեր ներքաղաքական կյանքում, եւ առհասարակ հարցի արագացումը կարող է երկրորդ կյանք տալ Ալիկ Արզումանյանի չսիրած բառով` մարող շարժմանը: Բայց արդեն նշաններ են երեւում, որ հերթական անգամ հարցը մնալու է հենց այդպես` կոնսերվացված, թեեւ Սարգսյան-Ալիեւ մոսկովյան հանդիպումից առաջ դժվար է նման բան ասելը: Այսպես, թեեւ հենց օրերս ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս էր հայտնել, թե հուլիսի 17-ին Մոսկվայում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը «կհաջողվի ամրապնդել Պրահայում եւ Սանկտ Պետերբուրգում արձանագրված առաջընթացը: Բացի այդ` ֆրանսիացի համանախագահն էլ հայտնի դարձրեց, թե մադրիդյան փաստաթղթի 15 սկզբունքներից 2-3-ն են ընդամենը համաձայնեցված: Բայց մինչեւ այժմ հայտնի էլ չէ, թե այդ ինչ սկզբունքներ են: Եթե այդպես կրիայի քայլերով են առաջ գնում, հազիվ թե մի 10 տարուց հարց լուծեն:
Դրան գումարած` իրեն, ինչպես միշտ, տարօրինակ է պահում Իլհամ Ալիեւը. «Վեստիին» ասում է, թե համաձայնագրի ստորագրումից հետո զորքերը դուրս կբերվեն 5 շրջաններից, իսկ Քելբաջարից եւ Լաչինից զորքերի դուրսբերումն ակնկալվում է համաձայնագրի գործողության մեջ մտնելուց 5 տարի անց, որը եւ փոխզիջումային ժամկետ է համարում: Բայց արդեն դրանից 1 օր անց, չորեքշաբթի օրը, Սիրիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում հիշել է ՄԱԿ-ի ինչ-որ 4 բանաձեւ` որոնցով առանց որեւէ պայմանի պետք է ազատել ադրբեջանական տարածքները, թե բա` Հայաստանի ագրեսիային պետք է վերջ տրվի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Իսկ հայերի ասած ինքնորոշման իրավունքի մասին էլ` թե հայերը վաղուց ինքնորոշվել են... Հայաստանում:
Բացի այդ էլ, անգամ ռուս համանախագահ Մերզլյակովի ասածից է երեւում, թե հարցի լուծումը դեռեւս հեռու է: Նա ասում էր, որ լավ կլինի բանավեճը վիճելի կետերի շուրջը հրապարակային լինի: Այ այդտեղ է թաքնված շան գլուխը, որովհետեւ եթե երկու երկրների հասարակություններին տեղյակ պահվի մադրիդյան 15 կետի մասին, մի այնպիսի աղմուկ կբարձրանա, որ երկու երկրներն էլ պարզապես լույսի արագությամբ հեռու կսլանան խնդրի լուծումից: Ադրբեջանի արտգործնախարարը հենց երեկ է ասել, թե Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, որի իրավական կարգավիճակը պետք է որոշի Ադրբեջանը, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան Ադրբեջան, եւ դա հայկական կողմի հետ բանակցությունների մաս է, մինչդեռ Ս. Սարգսյանը այս երկու օրը հանդիպումներից մեկի ժամանակ ասաց, թե ԼՂ կարգավիճակի որոշումը Հայաստանի համար մնում է առանցքային:
Այնպես որ այս հարցի պատասխանն էլ, կարծես, ընդդիմության օգտին չէ: Հուսանք, որ որեւէ փաստաթուղթ հազիվ թե պարտադրվի, կողմերն այնքան էլ մոտ չեն լուծմանը, եւ մեր աստվածաշնորհ արմատականները հազիվ թե մոտակայքում շանս ստանան շահարկելու այդ թեման: Համենայն դեպս այս թեզը պնդելու կամ չպնդելու հեռանկարն ավելի հստակ կերեւա մոսկովյան հանդիպումից հետո:
Որ իրավիճակը Հայաստանի համար բարենպաստ չէ, ինչ-որ առումով կարելի է սպասել, քանի որ Ադրբեջանը նավթային խաղաքարտը շարունակում է աջուձախ խաղացնել, եւ այժմ անգամ` Ռուսաստանի հետ: Սակայն հազիվ թե գերտերությունների տարբեր շահերի հակակշռումը թույլ տա մեր ընդդիմության համար ցանկալի` արագացումն ու սրումը ԼՂ հարցում: