Զովունու Ամո թաղամասի վրայով անցնող բարձրավոլտ հոսանքագծերի պատմությունը ուզածդ գլուխկոտրուկից բարդ է
Երբ գլխավերեւում տարօրինակ ձայնարկումներով լարեր են անցնում, ցավում է գլուխդ, սրտի աշխատանքն էլ դժվար է թվում, թերեւս գտնվելու վայրը Զովունու գյուղի Ամո թաղամասն է, որտեղ հիմնականում եզդիներ են ապրում ու ունեցած-չունեցած խնդիրները կապում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելու հետ: Իսկ խնդիրներ եզդիները Զովունիում շատ ունեն: Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը տրամադրել էր այդ խնդիրներին անդրադառնալու հնարավորություն` «Լրագրողական առաքելություններ ռադիո եւ տպագիր մամուլի ներկայացուցիչների համար» ենթանախագծի շրջանակներում:
Նախ տնկեցին հենասյուները, խոստանալով, թե էլեկտրականության բարձր լարման հոսանքագծերը կանցկացվեն միայն գծերի անցկացման տարածքի վրա գտնվող տների տեղափոխությունից հետո: Հետո, երբ եզդիները ամռանը սարում էին, քաշեցին գծերը եւ միացրին հոսանքը: Եվ սա դեռեւս 70-ականների սկզբին: Այսպիսին է Ամո թաղամասի եզդիների հիմնական դժգոհության պատմությունը, որ հավելմամբ արտահայտվում է առողջական լուրջ խնդիրներով:
Ավդալյանների եզդի ընտանիքը Զովունի գյուղի եզդիական Ամո թաղամասում մեծամասնություն է կազմում: Էջմիածնի Ջրառատ գյուղից 1936-ին Կոտայքի մարզ տեղափոխված Ավդալյանները գյուղի տարածքում մի քանի քրդական տուն են տեսել, ընդ որում, քրդերը հեռացել են եզդիների տեղափոխությունից ոչ շատ անց:
70-ականներին արդեն եզդիական Ամո գյուղի մի քանի տների վրայով, Քյալաշ Ավդալյանի ներկայացմամբ, անցկացվել են հոսանքատար բարձրավոլտ գծեր: «Իմ հերս ու հորոխպերս էին, բողոքեցին, ասացին, թե ուրիշ տեղում տուն կտան: Մինչեւ ժողովուրդը սար գնաց ամռանը, հետ եկանք, գծերն արդեն քաշել էին», պատմում է Քյալաշը:
Ամոյի եզդիներն ասում են, թե իրենց թաղամասում շատացել են սրտի կաթվածի դեպքերը, մարդիկ ճնշման խնդիրներ ունեն, իսկ անձրեւ գալիս միշտ անպակաս են պատահարները: Դրան ավելանում է, ըստ Քյալաշ Ավդալյանի, նաեւ Զովունու գյուղապետի անուշադրությունը Ամո թաղամասի նկատմամբ: Եզդիների ոչխարների աղլատեղերը, եզդիների խոսքերով, գյուղապետը վաճառել է, այդ տեղում կազինոներ են կառուցվել, ոռոգման ջուր եզդիներին չի տրվում, գյուղամեջի ճանապարհները չեն սարքվում, գազամատակարարում չի իրականացվում հենց միայն Ամո թաղամասում:
Քյալաշը պնդում է, թե անցյալ տարի «Հայաստանի էլցանցեր» ընկերությունից, նաեւ կառավարությունից ներկայացուցիչներ են եկել, խոստացել, թե բարձրավոլտ գծերը կտեղափոխեն, բայց այդպես էլ ոչինչ չի արվել: Քյալաշի կինը` Զինա Կարոյանն էլ, որ զրույցի պահին իրենց տան բակում օջախի վրա բալի մուրաբա էր եփում, իր հերթին դժգոհ է, որ հող չունեն, միայն անասուն պահելով են ընտանիք պահում: Ընտանիքն էլ բազմամարդ է` երեք որդի, յուրաքանչյուրն իր հերթին երեքական երեխա ունի, եւ բոլորը միասին են ապրում: Քյալաշ Ավդալյանի խոսքերով, իրենք 20 կով ունեն, 200 ոչխար, պանիր են պատրաստում, շուկայում վաճառում, ձմռանն էլ կաթը հանձնում են տարբեր ընկերությունների:
Հոսանքագծերից զատ` բա գա՞զը, ջո՞ւրը...
Ուսո Ավդալյանը 76 տարեկան է, ինքն ու երկու եղբայրները սրտի կաթված են տարել, կինն ու որդին` նույնպես: Նա պատմում է, որ եզդիներն այս տարածք եկել են 1936-ին, իսկ 1965-ին ներկայիս Զովունի գյուղ են տեղափոխվել Ապարանի համանուն գյուղի որոշ բնակիչներ` հիմնելով գյուղի հայկական թաղամասը, որ եզդիական Ամոյից առանձնանում է Եղվարդ տանող ճանապարհով:
Ուսոյի տունն անմիջապես հոսանքալարերի տակ է, գրեթե 15 գիծ է ճթճթում Ուսոյի տան վերեւում: «Մենք էս հոսանքի տակ վառվում ենք, հանեք մեզ էստեղից կամ էս գծերը հանեք», ասում է Ուսոյի 53-ամյա, երկու անգամ սրտի կաթված տարած կինը` Դիլու Թաժդինյանը : «Բողոքել ենք դեռեւս Դեմիրճյանի ժամանակ, եկան, խոստացան, թե մեզ կտեղափոխեն, էդպես էլ չկատարեցին»:
Սարգիս Ղուկասյանը հայ է, որ ապրում է եզդիների թաղամասում արդեն 6 տարի: Նա էլ հավաստում է, որ անձրեւի ժամանակ հոսանքագծերի տակ գտնվող տներից մարդիկ փախչում են: Այլազ Ավդալյանն էլ Ամո թաղամասից է: «Եթե կողմնապահություն չեն անում, ինչո՞ւ եզդիների մայլեն գազ չկա: Ամեն ինչ ղրաղ դնենք, ինչի՞ մեզ գազ չեն տալիս, չէ՞ որ նույն հող ու ջրի մարդ ենք», բարձրավոլտ հոսանքագծերի թեմայից տարբեր բողոք է ներկայացնում Այլազը:
«Ուր ասես բողոքել ենք, չեն օգնում: Մի թիզ հող չեն տալիս, գոնե խոտ պահելու համար: 14 նաֆար ենք, 900 քմ տարածք ունեմ, իրար հետ քնում ենք: Գոնե 1000 քմ տային, մի բան սարքեինք, ապրեինք», դժգոհում է Այլազը: Նրա հավաստմամբ, տարին մի քանի անգամ գալիս են, մագնիսական դաշտ ստուգում, «հետո էլ խաբում, հույս տալիս ու գնում»:
Գյուղապետի իրականությունը ոչ մեկի հետ չի բռնում
Զովունու գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը համաձայն է, որ բարձրավոլտ գծերի տակ ապրելը վնասակար ու վտանգավոր է, բայց նշում է, թե գծերի տեղափոխությունը «հանրապետության բյուջեի կեսի չափ երեւի ծախս է պահանջում, դրա համար հարցը մնաց, չնայած նախագահ Քոչարյանի նախընտրական ծրագրում էլ կար»:
Զովունի համայնքի հողերից 74 հա գտնվում է բարձրավոլտ գծերի տակ, այդ թվում` մի մասը եզդիական Ամո թաղամասից: «Ժամանակին եզդիները դիմել են, 18 ընտանիքի բնակարան է հատկացվել, միայն մեկն է տեղափոխվել, մյուսները հրաժարվել են», ասում է Զովունու գյուղապետը:
Ոռոգման ջուր չի հատկացվում եզդիների թաղամասին, քանի որ տնամերձի կարգավիճակով այդ թաղամասում հողեր չկան, բայց, գյուղապետի հավաստմամբ, առաջիկայում ծրագիր կա ոռոգման ցանցի կառուցման, որ ֆինանսավորվելու է «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրով: Գազն էլ, Ավետիսյանի խոսքերով, համայնքի կատարելիք խնդիրը չէ, այլՙ «Հայռուսգազարդ» ընկերությանը:
Զովունու գյուղապետը պնդում է, թե հողերի սեփականաշնորհման ժամանակ եզդիների թաղամասի որոշ հատված մտնում էր Երեւանի մեջ, ուստի հող չի տրվել: Ով էլ դիմել ու գյուղատնտեսական նշանակության հողեր է ստացել, հետո հրաժարվել է, քանի որ զբաղվում են հիմնականում անասնապահությամբ:
Գյուղը փաստացի 7000 բնակիչ ունի, գրանցված են 5400-ը, որից 28 տոկոսը` եզդիներ, որոնցից էլ ներկա պահին ապրում են գյուղում 1100-ը: Գյուղի բացառիկությունը, ըստ գյուղապետի, 12 հազար ոչխարն են, 1200 խոշոր եղջերավոր անասունները: «Շատ բնակիչներ միտումնավոր են մտել բարձրավոլտ գծերի տակ», պնդում է գյուղապետ Ավետիսյանը, իսկ կազինոների առումով էլ ասում, թե մենթալիտետի հարց է: Մինչդեռ Զովունուց, ըստ նրա, ոչ մի երիտասարդ կազինո չի գնում, բացի այդ, կազինոների համար տարածքի տրամադրումը համայնքի համար եկամտաբեր է:
Ավետիսյանը պնդում է, որ եզդիներն ուզում են կազինոների դիմաց գտնվող հողատարածքները, որ եզդիների խոսքով, իրենց ոչխարների հին աղլատեղերն են, զավթել են: «Բայց ի՞նչ աղլատեղ Երեւանի քթի տակ, բացի այդ, դրա տակ գերեզմաններ են, պատմամշակութային հուշարձաններ», ներկայացնում է գյուղապետը: Բացի այդ, այդ հողերը տնօրինում է էլցանցը, քանի որ դրանց վրայով անցնում են բարձրավոլտ գծերը, եւ այդտեղ խստիվ արգելվում է հողահատկացումները:
Տնե՞րն են եղել սկզբում, թե՞ հոսանքագծերը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անվտանգության տեխնիկայի տեխնիկական շահագործման եւ հուսալիության դեպարտամենտի պետ Ռոմիկ Հարությունյանը վստահեցնում է, թե ժամանակին, երբ անցկացվել են բարձրավոլտ գծերը, դրանց անվտանգության գոտում տներ չեն եղել: Անվտանգության գոտին փոփոխական է` կախված բարձրավոլտ գծի լարման մեծությունից, սակայն ամեն դեպքում այդ տարածքներում որեւէ շինարարություն անթույլատրելի է:
«Գյուղը գծից բավականին հեռու էր գտնվում, հաղորդագծերի տակ գյուղ չի եղել, միայն ոչխարները պահելու տեղեր` ցանկապատված», ներկայացնում է Ռոմիկ Հարությունյանը, ավելացնելով, որ 80-ականներին տեղի բնակիչները կամաց-կամաց սկսել են կապիտալ կառույցներ անել, սկզբում քարե ցանկապատեր են կառուցվել, գոմեր, 90-ականներին արդեն այդ գոմերը համարելով սեփականությունՙ սկսել են առանձնատներ կառուցել:
Այս տարածքում մի մասը սեփականության իրավունք ունի, որոնց էլ ժամանակին հատկացվել են բնակարաններ, մինչդեռ հոսանքագծերի տակ գտնվող անվտանգության գոտիների հողատարածքները չեն կարող օտարվել առանց տվյալ դեպքում ՀԷՑ-ի հետ համաձայնեցման, ինչը չի արվել:
ՀԷՑ-ի անվտանգության եւ վերահսկողության տնօրենության ներկայացուցիչ Շավարշ Ավետիսյանի մեկնաբանությամբ, Զովունի գյուղում ներկա դրությամբ 92 բնակելի տուն ստացել է սեփականության իրավունք, 40-ը կառուցված են անվտանգության գոտիների խախտումներով, ուստի չունեն սեփականության իրավունք, 35-ն էլ կառուցվել են առանց համայնքապետի թույլտվության, դրա համար էլ գրանցում չեն ստանում կադաստրում:
«Այստեղ ազգային խտրականության հարցն է շահարկվում, մինչդեռ Ամո թաղամասը հայտնվել է հոսանքագծերի անցկացումից հետո», պնդում է Ավետիսյանը: Ըստ նրա, երկու ելք կա: Կամ տեղափոխել գծերը, ինչը գծերը Հրազդանի կիրճի մյուս ափ տեղափոխելու պարտադրանքի պատճառով գործնականում տեխնիկապես եւ ֆինանսապես ներկա պահին հնարավոր չէ: Կամ առկա օրենսդրության շրջանակներում փորձել լուծել հարցը:
Իսկ օրենսդրական հիմքի առումով գոյություն ունի 2004-ի կառավարության որոշում, որի համաձայն այն տները, որոնք անմիջապես հոսանքագծերի տակ են, ենթակա են քանդման եւ փոխհատուցման շուկայական արժեքով: Այս կատեգորիայից նրանք, ովքեր ստացել են ժամանակին բնակարաններ կամ չունեն կառուցման թույլտվություն, փոխհատուցում չեն կարող ստանալ: Տները, որոնք եզրային հաղորդալարերից 5 մ-ից մինչեւ 20 մ անվտանգության գոտում են, կարող են շահագործվել` անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացմամբ:
Տեղափոխություն խոստացել էին, բայց միայն մեկ բնակարան հատկացվեց
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ներկայացմամբ, Զովունի գյուղի Ամո եզդիական թաղամասում մոտ 350 ընտանիք կա, որոնց մի մասը դեռեւս մնացել է գյուղում ու զբաղվում է անասնապահությամբ: 1991-ին հողի սեփականաշնորհման ժամանակ 350 դիմում է ներկայացվել Թամոյանի միջոցով, բայց հող չի տրամադրվել եզդիներին: Ըստ Թամոյանի, Ամո գյուղը գոյություն ունի 1915 թվից:
60 հզ. եզդիների համայնքն ամենամեծն է Հայաստանում, ու Թամոյանը Ամո թաղամասի խնդիրների առումով չի բարձրացնում ազգային խտրականության հարց: «Հայերը գյուղում ունեն ոռոգման ջուր, գազ, կոյուղի, եզդիները չունեն: Գազի առնչությամբ գյուղապետի ասածները սուտ են», ասում է Թամոյանն ու ի հաստատումն սեփական խոսքերի ներկայացնում «Հայռուսգազարդ» ընկերության` իր դիմումին տված պատասխանը:
Դրա համաձայն, ընկերությունն իր հասանելիքն արել է` Զովունի գյուղի գազաֆիկացման աշխատանքների կատարման առումով դեռեւս 2004-2005 թթ.: Համայնքապետարանը եւս այդ ընթացքում պետք է իրականացներ գյուղի մնացած, այդ թվում` եզդիաբնակ թաղամասերի թվով 150 առանձնատների գազաֆիկացման աշխատանքները, ինչը չի արվել:
1962-72 թթ. Ամո գյուղի ղեկավար Ազիզ Թամոյանը նաեւ պնդում է, թե հոսանքագծերը քաշելիս այդ տարածքում տներ եղել են, մոտ 20-ը: Գյուղացիները փորձել են ընդդիմանալ, բայց ստացել են դատարկ խոստումներ: Ինչ վերաբերում է այդ բնակիչներին այլ տեղում բնակարաններով ապահովելուն, ապա Թամոյանը վստահեցնում է, որ բնակարաններ խոստացել են, բայց հատկացրել են միայն մեկը: Ներկա դրությամբ բարձր լարման հոսանքալարերի տակ մոտ 40 տուն կա:
Թամոյանը նաեւ վստահեցնում է, թե ոռոգման ցանց կա, բայց ջուր չեն տալիս: Սրբավայր կառուցել թույլ չեն տալիս, փակել են գերեզմանոց տանող ճանապարհի մի հատվածը:
Հողաշինության բաժինն ու կադաստրն իրար հակասում են
Կոտայքի մարզպետարանի հողաշինության բաժնի վարիչ Լյովա Պետրոսյանը նշում է. «Ամո թաղամասը հիմնվել է 1930-ականներին, երբ այնտեղ որեւէ լար չի եղել: Զովունի գյուղը հիմնվել է ավելի ուշ` 1964-ին, երբ Ամո եզդիական բնակավայրին կից տարածք են տեղափոխվել ապարանցիներ, սակայն գյուղը կառուցել են Ամոյից ավելի հյուսիս»:
«Այնտեղ տարբեր հնության տներ կան, որ երեւում է անգամ անզեն աչքով: Հին տները բնականաբար մինչեւ հոսանքալարերի այնտեղ հայտնվելն են կառուցված եղել: 80-ականներից այդ բնակիչներին պարբերաբար հավաստիացրել են, որ այդ լարերը տեղափոխվելու են»:
«Զովունի գյուղն ու Ամո թաղամասը մինչեւ 1991 թվականը եղել են Երեւանի կազմում` Երեւանի քաղաքային սովետի օգտագործման հողեր են եղել: Որեւէ իրավական հիմք եզդիները չեն ունեցել տուն կառուցելու համար, քանի որ մինչեւ 1991 թվականը մարդիկ սեփականություն ունենալու իրավունք չունեին, ինչպես նաեւ տնամերձ ունենալու իրավունք»:
Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանի պետական կադաստրի գրանցման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը ներկայացնում է. «Ես ինքս Զովունի գյուղից եմ, մենք Զովունի ենք տեղափոխվել 1964-ին Ապարանից: Երբ մենք եկել ենք, Ամո գյուղում բնակիչներ են եղել, բայց հոսանքալարերի տակ տներ չեն եղել: Հետո, երբ առանձին ծուխ են առանձնացրել, նոր տներ են կառուցել, հենց լարերի տակ»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ