«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2009-07-08 | #127, 2009-07-09 | #128, 2009-07-10


ԱՆՁՆԱԿԱԶՄ

Օրեր տեւած անհողմությունից հետո երկինքը մեզ քամի ուղարկեց: Անշուշտ, դա ուրախալի է: Երկու-երեք հանգույցի փոխարեն շարժվում ենք արդեն յոթ-ութ հանգույց արագությամբ: Քամու ուղղությունը, սակայն, մերթ ընդ մերթ փոխվում է: Հարկավոր է գլուխ հանել եւ արագորեն ճիշտ կարգադրություններ անել անձնակազմին: Նավապետը պարտավոր է զբաղվել դրանով եւ իր ձայնը լսելի դարձնել քամու ոռնոցի պայմաններում: Իսկ տղաները պարտավոր են ոչ միայն ճիշտ հասկանալ նավապետին, այլեւ ճշգրտորեն կատարել նրա պահանջները: Հիրավի մրջնային կամ մեղվային աշխատանք է:

Նույնիսկ եթե քամու ուղղությունը 24 ժամ մնա անփոփոխ, դարձյալ անձնակազմի 7 անդամները պետք է պահպանեն կարգուկանոնը: Հերթապահը պետք է մնա իր տեղում, իսկ փոխարինողները պետք է քնեն: Հարկավոր է օրական երեք անգամ ուտել: Անձամբ ես պարտավոր եմ ռեպորտաժներ գրելու համար զանգահարել գրեթե բոլոր մայր ցամաքներ: Արիկը պետք է սքանավորի իմ գրածը եւ իմ ուղղումներից հետո համակարգչով ուղարկի ուր որ հարկն է:

Անձնակազմի մյուս անդամները գրառումներ չեն անում, մինչդեռ մարդկային հիշողությունը հազվադեպ է պահպանում դեպքերի բոլոր մանրամասնությունները: Նրանք երեւի կհիշեն, որ երկարատեւ ընդմիջումից հետո նավապետը որսաց մի մեծ ձուկ, որը ոչ ոք չկարողացավ դասակարգել: Կհիշեն, թե ինչպես մի թռչող ձկնիկ փորձեց ցատկել մեր նավի վրայով, բայց ընկավ իջեցված մեծ առագաստի վրա: Իսկ ժպտադեմ Վահագնը վերցրեց ձկնիկին եւ նետեց օվկինաոսի մեջ:

Ուզում եմ կրկին անդրադառնալ անձնակազմի անդամներին, որոնք շատ լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին: Իսկ լրջությունն այն է, որ նրանք այս նավարկության հենց սկզբից հասկացել են «Կիլիկիայի» եւ «Արմենիայի», ինչպես նաեւ նավարկության բուն պրոցեսների հսկայական տարբերությունը: Դա իր հերթին ենթադրում է վերաուսուցում:

Նավապետ Սամվել Կարապետյանը իր սկզբունքները չի բարձրաձայնում: Ենթադրենք, ծագել է ֆորսմաժորային իրավիճակ: Նա արդեն գիտի, եթե այն համարենք անլուծելի, ապա կմնա միայն նետվել ջուրը եւ խեղդվել: Հարկավոր է խնդիրը լուծել եւ իրավիճակից դուրս գալ գործողությամբ: Օրինակները շատ-շատ են. դույլեր «Կիլիկիայի» ջարդված ղեկաթիերի փոխարեն, մի քանի օրում շարժիչի «սեփական» կոլեկտորի ստեղծում, որի միջոցով արդեն հնարավոր է կառանվել նավահանգիստներում եւ այլն: Ահա այդպիսին է մեր նավապետը: Հինգ տարի առաջ, երբ ես նոր-նոր սկսել էի երազել հայկական շուրջերկրյա նավարկության մասին, «Արմենիայի» նավապետի տեղում տեսնում էի միմիայն Սամվել Կարապետյանին:

  Արմեն Նազարյանը տիտան է արդեն իսկ այն պատճառով, որ նավարկության նախապատրաստման վերջին երեք տարիներին ամեն օր համբերությամբ դիմացել է իմ անտանելի բնավորությանը: Խորամանկ է եւ գործնական: Նույնիսկ իմ հնարավոր նյարդային պոռթկումներում կարողանում է ինչ-որ օգտակար բան գտնել մեր ընդհանուր գործի համար: Մեր մարտերը հիմա շարունակվում են նավի վրա: Ես նրան ստիպում եմ մի քանի անգամ փոփոխել ռեպորտաժների տեքստերը, իսկ նա, համակարգչում փոփոխություններ կատարելով, գտնում է, որ այդ գործով պետք է զբաղվեն խմբագիրները: Իսկ ես ասում եմ. «Գրողը պետք է հարգի խմբագրին»: Հայաստանի նախագահը եւ վարչապետը պետք է իմանան, որ նույնիսկ փոթորկի պահին Արիկը զբաղվում է, ես կասեի, զուտ պետական գործով:

Ոչ առանց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի օգնությամբ մենք հասանք այն բանին, որ «Արմենիան» այսօր գրանցված է կապի միջազգային ծովային արբանյակային համակարգում եւ դուրս է գալիս Հայաստանի պետական դրոշով: Իսկ դա, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ ծովերի եւ օվկիանոսների որեւէ կետում մենք ծովային փրկության ծառայության տեսադաշտում ենք: Մեզ հավատացին եւ բացառության կարգով ձեւակերպեցին համապատասխան փաստաթղթերը: Բայց նախարարը միաժամանակ ինձ խնդրեց կազմել օրինագիծ, ըստ որի Հայաստանը կդառնա Ծովային միջազգային կազմակերպության անդամ: Ամբողջ հետխորհրդային տարածքում միայն մենք ենք մնացել «չվավերացված»: Մինչդեռ կառուցում ենք դեպի հարավ տանող երկաթուղի, եւ մեր բեռներն անցնելու են նաեւ օվկիանոսով: Ահա թե ինչպիսին է մեր նավապետի ավագ օգնականը, որը նաեւ մեր գլխավոր կապավորն է:

 Հայկ Բադալյան - Ամեն անգամ, մանավանդ խնջույքների ժամանակ, ես նրան ներկայացնում եմ որպես տասնամարտիկի: Եվ ահա իմ նավախցում, հսկայական գիտարշավային գրադարանի ֆոնի վրա Հայկին հարցնում եմ. «Հասկանում եմ, բաժակաճառի ժանրը թույլ է տալիս կամայականություններ: Բայց դու ինքդ ինչ-որ անհամարություն չե՞ս զգում, երբ քեզ անվանում եմ տասնամարտիկ եւ ընդսմին թվարկում միայն օպերատորի, մոտորիստի եւ էլեկտրիկի մասնագիտությունները»: Նա լայն ժպտաց եւ հանգիստ ասաց. «Իսկ ես կարծում էի, թե դուք գիտեք իմ բոլոր տասը մասնագիտությունների մասին եւ ժամանակի խնայողության համար եք թվարկում միայն երեքը»: Եվ նա սկսեց մատների վրա հաշվել: Չորրոդ մասնագիտությունը խոհարարությունն է. նա հմտորեն պատրաստում է մի քանի ճաշատեսակ: Հինգերորդը լուսանկարչությունն է. Հայկը երազում է բացել լուսանկարչական ցուցահանդես: Վեցերորդը առագաստանավորդի մասնագիտությունն է. «Կիլիկիան» նրան դարձրեց սպորտի վարպետ: Յոթերորդը հյուսնի, կարմրափայտագործի մասնագիտությունն է: Ութերորդն այն է, որ Հայկը կարող է քանդել, հավաքել, նորոգել կապի բոլոր արդիական, ներառյալ թվային, միջոցները: Իններորդ մասնագիտությունը բնակարանների նորոգումն է, ներկարարությունը, շինարարությունը: Տասներորդը ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների նորոգումն է:

  Սամվել Սարգսյան - Նավի խոհարար: Ուզում եմ դիմել նրա որդի Դավթին, որն իր գրեթե երկու մետրանոց հասակով բասկետբոլ խաղալու փոխարեն շեփոր է նվագում: Ուզում եմ նրան ասել, որ իր հայրն ավելին է, քան նավի խոհարարը: Սամվելը նավաստի է, բայց առաջին հերթինՙ հիանալի քարտեզագիր: Նրա որդի Դավիթը նույնպես հիանալի քարտեզագիր է եւ իմ խնդրանքով չափել է «Կիլիկիայի» եւ «Արմենիայի» ամբողջ երթուղիները: Բայց հայրը նաեւ ծովային տերմինաբանության պրոֆեսոր է, որի ժամացույցը նշում է միայն Գրինվիչի ժամը: Ծովային աշխատանքից ազատ պահերին նա զբաղվում է անձնակազմի սննդի հարցով: Հուլիսի 1-ին խոհարարը հայտարարեց, որ հինգ լիտրանոց բալոնների խմելու ջուրը սպառվել է, այսուհետեւ անձնակազմը պետք է խմի նավի բաքի ջուրը, այն էլՙ տեւական եռացումից հետո:

  Մուշեղ Բարսեղյան եւ Վահագն Մաթեւոսյան - Սեւանցի այդ երիտասարդները եկող տարի կավարտեն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետհամալսարանը: Դիպլոմային աշխատանքը կգրեն, իհարկե, «Արմենիայի» վրա, Հորն հրվանդանի մոտակայքում: Իսկ հետո՞: Նրանք ծնվել են ծովերում եւ օվկիանոսներում նավարկելու համար: Այդ երկուսին գործի բերմամբ ճանաչողները կասեն, որ նավարկության ընթացքում առանց նրանց շատ բաներ անհնար կլինեին: Երկուսն էլ ծովային հուսալիություն են, առագաստանավությունն ուսումնասիրել են բազմապատկման աղյուսակի պես: Արդեն այժմ պետք է մտածել նրանց ապագայի մասին, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են միայն առագաստների կառավարման գործում:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4