Այս անվանումն էր կրում Երեւանի կամերային երաժշտության տանը անցկացված դաշնակահար Արմեն Մանասյանի մենահամերգը: Հայ մեծ երգահանի ծննդյան 140-ամյակի հետ կապված ընթացիկ տարին նպաստում է նրա ժառանգության նկատմամբ հետաքրքրության աշխուժացմանը: Շատ ուրախալի է, որ երիտասարդությունը եւս հետաքրքրություն է հանդես բերում:
1906 թվականին Կոմիտասի ստեղծած դաշնամուրային Յոթ պարը (համերգային պրակտիկայում սովորաբար առկա է Վեց պարի հրատարակությունը) իրավամբ համարվում է ազգային դասական արվեստի մարգարիտ: Դաշնակահարների համար դա փորձաքար է. երաժշտական հյուսվածքը թափանցիկ է եւ ռիթմիկ առումով հղկված, իսկ բնական ձայնաշարերի վրա հիմնված հարմոնիան ձեւավորվում է դաշնամուրի ամբողջ ծավալի տարածքում:
Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի 4-րդ կուրսը նոր ավարտած (պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարան, որի ղեկավարությամբ Արմենը պարապում է տասը տարիՙ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում սովորելու ժամանակներից) Արմեն Մանասյանը Կոմիտասի Պարերի կատարմանը մոտեցել է ինչպես որոշակի գեղագիտական խնդրի լուծման: Կանանց նրբագեղ պարերի շարանը («Մանուշակի»-«Երանգի»-«Ունաբի»-«Մարալի»-«Շուշիկի»-«Հետ ու առաջ»-«Կարնո շորոր») Մանասյանը ներկայացրեց ժամանակից ասես խունացած գույներով միասնական հնչյունային պաննոյի տեսքով, ինչն առավել սեւեռուն ունկնդրություն էր պահանջում ընկալման համար:
Պետք է ասել, որ ավանդական եվրոպական նվագացանկով դաստիարակված մեր դաշնակահարները, որպես կանոն, պատրաստ չեն ուսանողական տաիներին նվագելու Կոմիտասի պարերի ամբողջ շարքը: Պրոֆեսոր Քեչեկը, Արմենին ճիշտ ուղու վրա դնելով, գնահատեց նրա ներքին մտահավաքությունը, վերլուծականության հակումը, որոնք այնքան կարեւոր են Կոմիտաս կատարելու համար:
Պարերից հետո Արմեն Մանասյանը կատարեց Կոմիտասի երգերի հայտնի համերգային փոխադրումները, որոնք պատկանում են 20-րդ դարի երկրորդ կեսի երկու խոշորագույն հայ դաշնակահարներիՙ Ռոբերտ Անդրեասյանի եւ Գեորգի Սարգսյանի գրչին: Կոմիտաս-Անդրեասյանի «Գարուն ա» եւ «Կաքավիկ», Կոմիտաս-Սարգսյանի «Քելեր-ցոլեր» եւ «Երկինքն ամպել է» կոնցերտային պիեսները մտնում են մեր բոլոր դաշնակահարների նվագացանկի մեջ: Իր մեկնաբանության մեջ Մանասյանը ձգտում էր ընդգծել Կոմիտասի եւ նրա հետեւորդների աշխարհների ծագումնաբանական կապը եւ ընդհանրությունը: Թեեւ այդ պիեսների վիրտուոզությունն ու ազատ պոեմի բնույթը հանգեցրին լայնահունչության, Մանասյանին հաջողվեց որսալ գլխավորըՙ կոմիտասյան սրբությունների հոգեւոր մաքրությունը:
Երիտասարդ դաշնակահարի կենսագրության մեջ բախտորոշ նշանակություն ունեցան 2004-2005 թվականները, երբ նա դարձավ պատանի դաշնակահարերի Ա. Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի երկրորդ մրցանակի դափնեկիր: Ավելի ուշ Փարիզում հաղթեց Գալուստ Գյուլբենկյան միջազգային հիմնադրամի կազմակերպման Flame («Հուր») միջազգային մրցույթում (հիշեցնենք, որ հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղը բացվել է 1965 թ. Փարիզում): Առաջին մրցանակից բացի, Արմենը ստացավ երկու հատուկ մրցանակ, այդ թվում Գյուլբենկյան հիմնադրամի մրցանակը:
Փարիզի երաժշտական ընկերությունների հետ համագործակցությունը (որի շնորհիվ Արմենն այնտեղ առանձին ելույթներ ունեցավ) հանգեցրին 2009 թ. Պ. Չայկովսկու «Տարվա եղանակների» ձայնագրությամբ սկավառակի թողարկմանը: Պատշաճը հատուցելով Մանասյանի քնարապոետական ձիրքին եւ ոճաբանական կռահողությանը, այդուհանդերձ մենք համաձայն չենք Չայկովսկու «Տարվա եղանակների» 12 պիեսները ուրիշ հաջորդականությամբ կատարելու նրա ընտրությանը:
Մանասյանի քնարապոետական ընդունակությունների վկայությունն էր գրախոսվող համերգի երկրորդ մասը, որտեղ կատարվեց Լ. վան Բեթհովենի թիվ 21 դո մաժոր Սոնատը («Ավրորա», երկ 53): Ընտրելով եզրամասերի առավել հանդարտ տեմպեր, դաշնակահարը սոնատը մոտեցրեց հովվերգական տրամադրությանը: Դրա հետեւանքով շահեցին սոնատի քնարական-իդիլլական պատկերները, փոխարենը դրան բնորոշ ներքին դրամատիկ ուժը այդպես էլ մնաց չբացահայտված:
Կարծես թե Մանասյանը ուժ էր կուտակում համերգն ավարտած Ֆ. Լիստի վիրտուոզ պիեսիՙ Վ. Ա. Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի երկու թեմաներով ֆանտազիաների համար, որի կատարումը ունկնդիրներին գերեց գեղարվեստական եւ տեխնիկական խնդիրների ներդաշնակությամբ: Վիրտուոզ կառույցների բարդությանը ցուցադրաբար չդիմակայելով (Լիստը ստեղծագործությունը գրել է 1842-ին, իսկ 1912-ին «Ֆիգարոյի» այդ կոնցերտային ֆանտազիան խմբագրել է դաշնամուրային փոխադրումների մեկ ուրիշ վարպետՙ Ֆերուչչո Բուզոնին), հմտորեն տիրապետելով ծավալուն ձեւին, Մանասյանը ստեղծեց կենսահաստատ էներգիայի վառ, տպավորիչ պատկեր: Մոցարտյան երաժշտությունից բխող կենսական ուժը, Լիստի բուռն խառնվածքով կրկնապատկելովՙ ի դեմս հայ երիտասարդ դաշնակահարի գտավ ճիշտ մեկնաբանի:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր