«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2009-07-08 | #127, 2009-07-09 | #128, 2009-07-10


ԼԵՎՈՆ ԹՈՒԽԻԿՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

Հայ թատրոնի եւ կինոյի լեգենդներից մեկն էլ կնքեց իր մահկանացուն` մեր հիշողությանն ի պահ հանձնելով իր հրաշալի դերակատարումներն ու մարդկային ինքնատիպ նկարագիրը: Կյանքից հեռացավ «Նվագախմբի տղաների» Ցոլակ Դարբինյանը, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի հիմնադիրներից ու երեւելի անհատականություններից մեկը, ով իր ստեղծագործությամբ եւ հայտնությամբ շարունակում էր մեր դերասանական արվեստի նշանավորների ավանդույթները:

Լեւոն Սիմոնի Թուխիկյանը ծնվել է Լենինականում, 1931 թ.: Շառավիղն էր մի մեծ ու շեն տոհմի, որի բնակավայրի հատկանիշներն էր պահում, կենցաղի ու մտածողության առանձնահատկությունները, որոնք հետագայում տեղ գտան նրա «Հեքիաթ, հեքիաթ պապս» եւ «Վերվարածները» վիպակներում: Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արմեն Գուլակյանի սանն ավարտում է նույն ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետն ու մինչեւ 1966 թ. աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` միաժամանակ նկարահանվելով կինոյում: Նրա կինոդերերը. Սուրենՙ «Ինչու է աղմկում գետը», Ռուբենՙ «Վերջին նետում», Ցոլակՙ «Նվագախմբի տղաները» մեծ ճանաչում բերեցին նրան` դասելով ազգային դերասանական դպրոցի երիտասարդ սերնդի լավագույն ներկայացուցիչների շարքին: Իսկ երբ Հրաչյա Ղափլանյանը հիմնադրեց դրամատիկական թատրոնը, Լեւոն Թուխիկյանը իր ստեղծագործական ճակատագիրը կապեց այդ թատրոնի հետ, ուր լիովին բացահայտվեցին նրա դերասանական բացառիկ կարողություններն ու գեղարվեստական հակումները... Լեւոն Թուխիկյանի Պարատովըՙ «Անօժիտ», Դոմենիկո Սորեանոնՙ «Ֆիլումենա Մարտուրանո», Ռիչարդըՙ «Ռիչարդ Երրորդ», Մամյանըՙ «Վերջին ուսուցիչը», Թափառնիկոսըՙ «Ատամնաբույժն արեւելյան», Մեք-Գրեգորըՙ «Իմ սիրտը լեռներում է», Մոսինՙ «Անուշ», մեկընդմիշտ իրենց տեղն են հաստատել 20-րդ դարավերջի ազգային թատրոնի պատմության մեջ:

Լեւոն Թուխիկյանը խորապես ազգային դերասան էր, ով կարողանում էր միանգամայն նոր ու ինքնատիպ արտահայտչաձեւերով հասնել ազգային տիպական բնավորության մատուցմանը, բեմատիպարների մտային եւ հուզական պլանների ներդաշնակմանն ու ցայտուն արտացոլմանը: Մեծ ուժ եւ ներքին մեծ պաթոս էին կրում նրա հերոսները, որոնք ունեին որոշակի ռոմանտիկականություն, հզոր տեմպերամենտ: Անմոռանալի են հայկական հեռուստաթատրոնում ստեղծված Մազութի Համոն («Երկիր Նաիրի» ) եւ Բագրատյանը («Մուսա լեռան քառասուն օրը»):

Լեւոն Թուխիկյանը նաեւ բեմադրիչ էր, գրող ու թատերագիր: Նրա «Կանաչ ստվեր» պիեսը սեփական բեմադրությամբ ներկայացվել է Հ. Ղափլանյանի անվան եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոններում: Տպագրել է «Երեք դիմակ» պիեսը, վեպի եւ վիպակների երկու գիրք:

Լեւոն Թուխիկյանի վաստակն ու ծառայությունները բարձր են գնահատվել ու նա արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր, ՀՍՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների: Նրան շնորհվել էր նաեւ ՀՍՍՀ պետական մրցանակ:

Լեւոն Թուխիկյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Լ. Թուխիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18-ինՙ Իսրայելյան 37, բն. 27 հասցեում, վերջին հրաժեշտի արարողությունը` հուլիսի 11-ին, ժամը 12-14-ը` Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հուղարկավորությունըՙ Երեւանի քաղաքային պանթեոնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4