Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Միկայի» առջեւ դժվարին խնդիր էր ծառացած: «Հելսինգբորգի» հետ սեփական հարկի տակ երեկ անցկացված խաղում մեր ֆուտբոլիստները պետք է ձգտեին ոչ միայն 2 գոլ խփել, այլեւ անառիկ պահել սեփական դարպասըՙ հաջորդ փուլի ուղեգրի նվաճման համար: Դրա համար նախ անհրաժեշտ էր չափազանց ուշադիր գործել պաշտպանությունում, իսկ առջեւի գծում մեծ ակտիվություն դրսեւորել, արագ գրոհային գործողությունների շնորհիվ ճեղքել մրցակցի պաշտպանական պատնեշը եւ ամենակարեւորըՙ դիպուկ գտնվել գրոհների եզրափակիչ փուլում:
Նախորդ խաղի համեմատ «Հելսինգբորգի» մեկնարկային կազմում 5 փոփոխություն էր կատարվել: Ընդ որում թիմի առաջատարներ Հենրիկ Լարսոնն ու Էրիկ Սունդինը, որոնք գոլերի հեղինակներ էին դարձել Շվեդիայում, Երեւան չէին ժամանել: Ինչ խոսք, դա կարող էր ազդել հյուրերի հարձակողական ներուժի վրա:
Ինչպես եւ սպասվում էր, «Միկան» ակտիվ գործողություններով սկսեց հանդիպումը: Սակայն ցավոք մեկնարկային ակտիվությունը շատ կարճ տեւեց: Այդ ընթացքում երկու անգամ Ուլիսես Մոնտենեգրոն փորձեց գրավել դարպասը, սակայն դարպասապահը հետ մղեց հարվածները: «Միկան» գործում էր դանդաղ, գրոհները կազմակերպում էր փոքր ուժերով, ուստի դժվար էր նման խաղով սպառնալ մրցակցի դարպասին: Բացի այդ էլ, ֆուտբոլիստները հաճախակի էին չարաշահում անհատական խաղը: Գոլային միակ իրական պահը դաշտի տերերը ստեղծեցին 24-րդ րոպեին, երբ դարպասապահի դեմ մենմենակ հայտնվեց Արմեն Պետրոսյանը, սակայն վերջինս անփույթ խաղաց եւ չկարողացավ գրավել դարպասը:
Զգալով, որ «Միկայի» գրոհներն առանձնակի վտանգ չեն ներկայացնում, հյուրերը բավական աշխուժացան, որի արդյունքում մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին: Իսկ 68-րդ րոպեին օգտվելով «Միկայի» պաշտպանների անփութությունից, Ռենե Մակոնդելեն գրավեց դարպասը: Այդ գոլը փաստորեն վերջնականապես վճռեց հաջորդ փուլի ուղեգրի հարցը: Ճիշտ է, խաղավերջում Էդնեյը 11 մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն դա միայն փոքր սփոփանք էր:
«Միկան» չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը եւ դուրս մնաց հետագա պայքարից: Ցավալին այն է, որ հանձին «Հելսինգբորգի»ՙ «Միկան» եվրոպական միջին մակարդակի թիմի հետ գործ ուներ եւ իր լավագույն որակները դրսեւորելու դեպքում կարող էր հաջողությամբ հաղթահարել շվեդական արգելապատնեշը: Բայց առայժմ Եվրոգավաթներում հայկական ակումբները կաշկանդված են գործում, չեն կարողանում ինչպես հարկն է դրսեւորել իրենց, աչքի ընկնել կամային հատկանիշներով ու մարտական բնավորությամբ: Իսկ առանց նման հատկանիշների դրսեւորման միջազգային մրցասպարեզներում հաջողություն ակնկալելն անհնար է: Երեկվա հանդիպումը եւս մեկ անգամ հաստատեց դա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ