Իսպանական Բենասկե քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին առաջատարների մասնակցությամբ հանդիպումները: Զավեն Անդրեասյանը սպիտակներով հաշտություն կնքեց ադրբեջանցի Նիջաթ Մամեդովի հետ ու վաստակեց 6 միավոր: Առաջատարներից երկուսը` Վիկտոր Լազնիչկան եւ Ռոման Էդուարդսը հաղթեցին, որի շնորհիվ 6,5 միավորով գլխավորեցին աղյուսակը: Լազնիչկան պարտության մատնեց Լայթհայմին, Էդուարդսն առավելության հասավ Բուրմակինի նկատմամբ:
Առաջատարներին ընդհուպ մոտեցավ Հրանտ Մելքումյանը` հաղթանակի հասնելով Պետեր Միխալիկի հետ պարտիայում: Դրա շնորհիվ նա վաստակեց 6 միավոր եւ այժմ Զավեն Անդրեասյանի ու մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 3-10-րդ տեղերը: Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը` Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Մարիո Գոմեսի հետ եւ վաստակեց 5,5 միավոր:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր: 8-րդ տուրում Անդրեասյանը սպիտակներով կմրցի սերբ Միլոշ Պավլովիչի հետ: Մելքումյանի մրցակիցը կլինի լիտվացի Սարունաս Շուլսկիսը, իսկ Մովսիսյանն ուժերը կչափի չեխ Վլաստիմիլ Յանսայի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ