Իսրայելյան դիվանագիտությունից դասեր քաղելու մասին երեկ «Արմատ» ակումբում զրուցում էին ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը եւ քաղաքական գործիչ, հայ-իսրայելական հարաբերությունների մասնագետ Արտակ Գրիգորյանը:
Ջամալյանը կարծում է, որ մենք Իսրայելի հետ որոշակի ընդհանրություններ ու նմանատիպ չլուծված խնդիրներ ունենալով հանդերձ, այդ խնդիրների լուծման դիվանագիտության եւ որդեգրած տակտիկայի առումներով զիջում ենք Իսրայելին: Հատկապես նշելով, որ հրեաները Իսրայելի տարածքներն արաբներից գնած ու վերաբնակեցրած լինելով հանդերձ` պետական մտածելակերպով կարողանում են կառչել իրենց բնակավայրից ու պայքարելով շատ հարցերում հաջողությունների են հասնում: Ի տարբերություն մեզ, որ արտաքին վտանգ զգալու դեպքում փորձում ենք արտագաղթել` այդպես գտնելով հարցի լուծումը:
Արտակ Գրիգորյանն էլ ավելացրեց, որ հրեաների մասին ունեցած մեր պատկերացումները, թե նրանք շահամոլ ու հաշվենկատ են, այնքան էլ իրական չեն. նրանց պետական ընկալումը շատ խորն է: Այնուհետեւ Գրիգորյանը վերլուծելով աշխարհաքաղաքական գործընթացները` եզրակացրեց, որ Իսրայելի համար հիմա գերխնդիրներից մեկը Իրանի հետ հարաբերությունների բարելավումն է, իսկ մյուսը` ԱՊՀ երկրների հետ լավ հարաբերությունների հաստատումը` մասնավորապես Հարավային Կովկասի երկրների հետ: Եվ աշխարհին ապացուցելու համար, որ արաբների հետ ունեցած իրենց խնդիրներն ամենեւին էլ կրոնական-դավանաբանական հիմքեր չունեն, Իսրայելը հիմա հակված է մուսուլմանական նոր դաշնակից ձեռք բերելու, իսկ Հարավային կովկասում դրա ամենահարմար թեկնածուն Ադրբեջանն է, որի հետ էլ Իսրայելը սկսել է ակտիվորեն ամրապնդել լավ հարաբերությունները:
Վերջում Գրիգորյանը կարեւորեց, որ աշխարհաքաղաքական տարածաշրջանային այս զարգացումներից հետ չպետք է մնա նաեւ Հայաստանը: Եթե հաշվի առնենք միայն մեր ժառանգած կրոնական ու մշակութային այն հսկայական հարստությունը, որը մենք ունենք Իսրայելի տարածքում, դա մեզ արդեն պետք է պարտադրի ակտիվորեն գնալ Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացման, որից կշահի թե՛ Հայաստանը, թե՛ Իսրայելը: Բայց Գրիգորյանը խորհուրդ տվեց նաեւ պահպանել ոսկե միջինը, որպեսզի Իրանը շատ չխանդի նոր ջերմացող այդ հարաբերություններին:
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ