«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


ԳՈՒՑԵ ՉԱՐԺԵ՞ ԽՈՐՀՐԴԱՊԱՇՏ ՄՆԱԼ, ԹԵ ՉԷ ԶՈՒԳԱՀԵՌՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլիի գլխավորած պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ըստ երեւույթին, հերթական անգամ ոչ համարժեք սպասումներ է արթնացրել Բաքվում: Ինքը` դեսպանը, մասնավորապես, դրանից ենթադրել է, որ «եթե հայերը չընդունեն մեկնած ձեռքը», ապա «պատրաստ է զենք վերցնել եւ պատերազմի գնալ»: Բյուլբյուլ-օղլին, այսպիսով, տուրք է տալիս նեղ ազգայնական այն շրջանակների ճնշմանը, որոնք նրա այցը համարեցին ոչ այլ ինչ, քան` «հայերի մոտ ծնկաչոք խնդրանքի գնալ»:

Ղարաբաղյան կողմն, ինչ խոսք, զուտ քարոզչական եւ, ինչու չէ` նաեւ այլ նպատակներով կարող էր օգտագործել ոչ անհայտ Ակիֆ Նաղիի սույն «մարգարեությունը» եւ նոր կրքեր բորբոքել Ադրբեջանում: Սակայն, ի տարբերություն ադրբեջանական հանրության, ԼՂՀ-ում թանկ են գնահատում խաղաղարար ամեն մի նախաձեռնություն եւ նպատակադրված են ոչ թե կասեցնել, այլ զարգացնել երկու ժողովուրդների միջեւ շփումներ հաստատելու ջանքերը:

Նախապես տպավորություն կար, որ դեսպան Բյուլբյուլ-օղլին եւ ԼՂՀ այցելած ադրբեջանական մյուս գործիչները նույնպես ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց առաքելությանը եւ կարող են դիմագրավել ներքին մարտահրավերներին: Պետք է ցավով արձանագրել, որ, ինչպես նախկինում բազմիցս, այս անգամ էլ ադրբեջանական կողմը չկարողացավ «իրենից հասուն լինել» եւ դարձյալ ենթարկվեց ամբոխահաճության գայթակղությանը:

Ընդհանրապես, երկու ժողովուրդները չէին հայտնվի ներկա անցանկալի դիմակայության մեջ, եթե Ադրբեջանի քաղաքական վերնախավն ու մտավորականությունը ժամանակին կարողանային հաղթահարել ներքին «մեծապետականությունը» եւ հասկանային, որ երբ խոսքը վերաբերում է ազգային արժանապատվությանն ու սեփական զավակների սոսկական անվտանգության ապահովմանը, այլ կարգի, լինեն դրանք պատմական, տնտեսական, թե քաղաքական, փաստարկները մոռացվում են: Կամ` առնվազը չեն կարեւորվում:

Հակամարտության անցած տարիներին արդեն մեկ անգամ` 1991-ի ամռանը, կողմերը, շեշտում եմ` առանց որեւէ մեկի, այդ թվում` Հայաստանի միջամտության, կարող էին մեղմել փոխադարձ անվստահությունը եւ լրջորեն քննարկել հետագա փոխհարաբերությունների ողջ համալիրն ու այդ ամենի շուրջը ձեռք բերել իրավական ուժ ունեցող համաձայնություն, եթե Ադրբեջանի կառավարող վերնախավը, ԱԺՃ-ն եւ ազգայնական մտավորականությունը «հարբած լինելով» Թուրքիայի նախագահ Օզալի մոսկովյան այցով եւ խորհրդային կայսրապետության կողմից դրա արդյունքում արտոնված «Կոլցո» ֆաշիստական ռազմագործողության ծավալներով, չմերժեին հաշտության առաջարկը:

Ադրբեջանում` չգիտեմ, բայց ԼՂՀ-ում պահպանվել են այդ օրերի բուռն քննարկումների մասին վկայող փաստաթղթեր: Դատելով ըստ այդմ, վստահաբար կարելի է պնդել, որ հասարակական-քաղաքական շրջանակների մեծամասնությունը դեմ էր «պարտվողական քաղաքականությանը»: Բայց մարզգործկոմն, այնուամենայնիվ, օգտագործեց վերջին հնարավորությունը` կանխելու վերահաս աղետը: Բաքուն, ցավոք, ըստ արժանվույն չգնահատեց այդ նախաձեռնությունը, դա համարեց «թուլության արտահայտություն» եւ ավելի կոշտացրեց իր կեցվածքը:

18 տարի անց ադրբեջանական կողմը զանազան ատյաններում, նույնիսկ նախագահի մակարդակով, խոսում է «ԼՂ-ում էթնիկ զտումների մասին»: Ադրբեջանում, սակայն, մոռանում են, որ 1991 թ. ամռանը ԼՂ-ում բռնատեղահանության էր ենթարկվել 24 հայկական գյուղ, հազարավոր հայ տղամարդիկ հեծում էին Շուշիի, Շահբուլաղի, Շուվելյանի համակենտրոնացման ճամբարներում: ՌԴ նախագահի ներկայացուցիչ, մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը ղարաբաղյան այցից իր տպավորություններում ակնարկում է, թե «պետք էր տեսնել Փոլադ Բյուլբյուլ-օղլիի դեմքը, երբ ներս էր մտնում իր հայրական տան շեմից` Շուշիում»: Միխայիլ Շվիդկոյը 1991 թ. պետք է տեսներ այն մարդկանց դեմքերը, ում ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու խորհրդային զինվորները նետում էին թափքածածկավոր զինվորական բեռնամեքենաներն ու բառիս բուն իմաստով արտաքսում իրենց տներից:

Կարծում եմ, որ երկու ժողովուրդների միջեւ գոնե նվազագույն շփումներ վերականգնելու առաքելությունն ստանձնած մարդիկ, որ կողմից էլ նրանք լինեն, պարտադրված են չհիշեցնել անցյալը, ոչ էլ մտավարժանքների տրվել, թե ի՞նչ է սպասվում ապագայում: Դա մթնոլորտը շիկացնելու եւ սեփական նախաձեռնությունը վիժեցնելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն է: Հարկավոր է ելնել ներկա իրողություններից եւ քայլ առ քայլ առաջ շարժվել` նպատակ ունենալով հասնել գոնե փոխադարձ հանդուրժողականության:

Մինչդեռ Ադրբեջանում, կարծես, ամեն ինչ վերադառնում է «ի շրջանս յուր»` դարձյալ մեծապետական հավակնոտություն, դարձյալ` Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ անհարգալի վերաբերմունք, դարձյալ «Ադրբեջանի ներուժի» եւ «միջազգային հեղինակության» առասպել, դարձյալ...

Իսկ ոմն Աքպեր Հասանով մեզ է խորհուրդ տալիս «դասեր առնել անցյալի սխալներից»: Այդ լավ է, որ Ադրբեջանում կարդում են չին փիլիսոփաներին եւ հարկ եղած դեպքում կարողանում իրենց մտքի աղքատությունը համեմել Կոնֆուցիուսից արած մեջբերումներով: Բայց վատ է, երբ չեն կարողանում հասկանալ, որ հենց իրենք պիտի անցյալի սխալներից դասեր քաղեն: Եվ առաջին հերթին հրաժարվեն ուժի կամ պարտադրանքի գաղափարախոսությունից:

Քաղբյուրոն եւ «անձամբ թանկագին Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովը», ինչպես կայսրության առաջնորդին սիրում էին մեծարել Բաքվում, չկարողացան Լեռնային Ղարաբաղի արմատական (ադրբեջանցի որոշ գիտունիկների համար հատկապես երրորդում եմ` նախաբնիկ- աբորիգեն-արմատական) հայ մեծամասնությանը պարտադրել Ադրբեջանի գերիշխանությունը: Դա չհաջողվեց Այազ Մութալիբովին, Աբուլֆազ Ալիեւ-Էլչիբեյին, Հեյդար Ալիեւին, ում համարում են «համազգային առաջնորդ»: Ընդ որում` չհաջողվեց նույնիսկ զենքի ուժով:

Իսկ այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ միջազգային հանրությունը, լինի ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ կամ ՆԱՏՕ, իրեն թույլ չի տա ԼՂՀ ժողովրդին պարտադրել որեւէ որոշում: Միջազգային հանրությունն, ընդհակառակը, մերժում է ծագած խնդիրներն ուժի միջոցով լուծելու մտայնությունը, որով Ադրբեջանին հորդորում է իրեն հուզող հարցերը քննարկել բանակցությունների սեղանի շուրջը: Սա է իրողությունը: Միայն իրավահավասարության եւ միմյանց հետաքրքրությունները փոխադարձաբար հարգելու ճանապարհով է հնարավոր լուծումներ գտնել:

Ինչ վերաբերում է Բյուլբյուլ-օղլիի հայրենասիրական մղումներին, ապա նրան կարելի է նկատել տալ, որ ներկա Ադրբեջանի տարածքում հայ գրականության, մշակույթի եւ պետական-քաղաքական, ռազմական գործիչների, գիտնականների այնքան տիրազուրկ տներ, Բաքվում եւ այլուր հայերի ձեռքով ու միջոցներով կառուցված այնքան շենքեր կան, որ եթե մի օր դրանց իսկական տերերի ժառանգները հավաքվեն եւ որոշեն այցի գնալ իրենց հորենական հիշատակներին, ապա վախենամ, թե Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանն ստիպված լինի չեղյալ հայտարարել մյուս բոլոր թռիչքները` ընդունելու համար միայն հայ ուխտավորներին: Մասնավորապես` եթե մարշալ Բաղրամյանի ժառանգները մի օր ուզենան այցելել Չարդախլու, Ադրբեջանի իշխանությունները կարողանալո՞ւ են վերականգնել իրենց իսկ ձեռքով ավերած Փառքի թանգարանը կամ հասցնելո՞ւ են վերստին կանգնեցնել Բաղրամյանի կիսանդրին: Այնպես որ` գուցե չարժե՞ խորհրդանշական ենթատեքստ տալ Շուշիում Բյուլբյուլի առանձնատանը: Թե չէ ակամա զուգահեռներ են ծնվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4