Ինչպես 2007-ի մադրիդյան առաջարկությունները, այնպես էլ դրանց լրամշակված տարբերակը ներառում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության փաստացի ամրագրումը: «Արմինֆոին» այսպիսի տեղեկատվություն է հայտնել ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներից մեկը` անանուն մնալու պայմանով:
Ըստ հայ դիվանագետի, բացի ԼՂՀ անկախության փաստացի ճանաչումից, այս փաստաթղթում, որի մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների երեք ղեկավարները, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը` հանրաքվեի միջոցով: Նշենք, որ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ երկրների ղեկավարների կողմից G8-ի շրջանակներում արված հայտարարությունը` ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլիզադեն արդեն հասցրել է հայտարարել, որ. «Եթե ամեն ինչ լուծվեր միայն հայտարարություններով, ապա աշխարհում չէր լինի ոչ մի խնդիր, մարդիկ կմահանային ձանձրույթից եւ հակամարտությունների բացակայությունից»: Գուլիզադեն, որին դուր չի եկել երեք գերտերությունների Նախագահների դիրքորոշումը, բառացիորեն հայտարարել է հետեւյալը. «Սա բացարձակ մերկապարանոց հայտարարություն է, որի նպատակն է միայն իրենց ազնվականացնելը, այլ ոչ թե ինչ-որ ձեւ ազդելը հակամարտության վրա, որից տուժել է ադրբեջանական ժողովուրդը: Նմանատիպ հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խմբի խամանախագահ երկրները հնարում են ինչ-որ աբսուրդ սկզբունքներ` կոչելով դրանք մեկ մադրիդյան, մեկ պրահյան գործընթաց, որոնք թույլ չեն տալիս պատժել զավթչին եւ վերականգնել արդարությունը»,-ասել է նա: Այս առումով, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, Վաֆա Գուլիզադեի տրամաչափի ,անկախե քաղաքագետների միջոցով, փորձել են, ճշմարտությունը խեղելու իրենց ձգտման մեջ, սեփական գլխից բարձր ցատկել, ինչով էլ բացատրվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներին ուղղված քննադատությունը: