«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


ՄՈՌԱՑՎԱԾ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ

ՄԱՆՈՒԿ ԹՈՓՈՒԶՅԱՆ

«Սահմանադրական» Թուրքիայում Կիլիկիո 1909 թ. ապրիլյան աննախադեպ աղետն ունեցավ իր անաչառ ու ազնիվ ականատես վավերագրողները, որոնք հեռատեսությամբ պատմության դատին հանձնեցին իրագործված ոճրի ողջ ողբերգականությունը` անմարդկային, անօրինակ դրսեւորումների փաստառատ մանրամասներով:

Պատմության ատաղձը վավերագրերն են, ուստի առանց դրանց չկա իրական պատմություն:

Հարկավ, անուրանալի է տոհմիկ հաճընցի, ադանայաբնակ դեղագործ Հ. Թերզյանի, անզուգական Զապել Եսայանի, Արշակուհի Թեոդիկի, նահատակ Ներսես եպս. Դանիելյանի, Ադանայի հայոց առաջնորդ Մուշեղ եպս. Սերոբյանի, հրապարակախոս Սուրեն Պարթեւյանի, օսմանյան խորհրդարանի հայազգի երեսփոխան Հ. Պապիկյանի եւ այլոց նվիրական ու սերունդների առաջ ունեցած պարտքի եւ պատասխանատվության բարձր զգացումով կատարած գործը:

Տեղին է հիշատակել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանի «հոգեւորականի կոչմանը ու հավատին անպատեհ» (իր խոսքերն են) սրտառուչ, սակայն անզոր պոռթկումը. «Եթէ Մահմետի Ալլահը քրիստոնէից գթոյ եւ սիրոյ Աստուածն է, այլ եւս պիտի չհաւատամ»:

Թյուրիմացաբար, թե ինձ անհայտ այլ պատճառներով այսօր գրեթե մոռացության է մատնված Կիլիկիո աղետին ուղղակի առնչվող մի չափազանց կարեւոր ու փաստառատ վավերագիր, այն է` Պոլսո հայոց պատրիարքարանի այրիախնամ հանձնաժողովի տեղեկագիրը, որը հրատարակվել է 1912 թ. Պոլսում (տպարան «Շանթ», Ղալաթիա): Վերջինիս համակողմանի, պատշաճ գիտական վերլուծության եւ գնահատականի առաքելությունը թողնելով գիտակ մասնագետներին, այնուամենայնիվ օգտակար եմ գտնում ընթերցասեր հանրության ուշադրությունը հրավիրել նշված տեղեկագրի վրա:

Նախ համառոտ`տեղեկագրի ստեղծման հանգամանքների մասին:

Պոլսո հայոց պատրիարքարանը Կիլիկիո աղետյալներին սատարելու, նրանց բարոյական եւ նյութական հնարավոր օգնություն ցուցաբերելու նպատակով ձեռնարկեց մի շարք անհետաձգելի ու գործուն միջոցներ, այդ թվում` կազմավորվեցին որբախնամ եւ այրիախնամ հանձնաժողովներ: Վերջինիս ատենադպիր ընտրվեց 1915-ին նահատակված Ժակ Սայապալյանը: Այրիախնամ հանձնաժողովն ուներ իր գավառական մասնաժողովները` Տարսոնում, Անտիոքում, Ադանայում եւ այլուր: Սրանք գլխավորում էին ժամանակի այնպիսի անձնվեր եւ պատկառազդու հոգեւորականներ, ինչպիսիք էին Պետրոս ծ. վարդապետ Սարաջյանը (հետագայում` Սսո աթոռի կաթողիկոս), Շահե ծ. վարդապետ Գասպարյանը, Ն. եպիս. Դանիելյանը (Սսական վարդապետ):

Այնուհետեւ խիստ հրատապ դիտվեց յուրատեսակ տեսչական այցով Պոլսից Կիլիկիա գործուղել իրավասու եւ համարժեք լիազորություններով օժտված այրիախնամ հանձնաժողովի մի պատասխանատուի: Կիլիկիայի գավառներում աղետյալների հիմնախնդիրները ուսումնասիրելու եւ տեղում լուծումներ գտնելու առաքելությամբ 1911-ի օգոստոսի 18-ին Ժ. Սայապալյանը մեկնեց Հալեպ, ապա Քեսապ, Անտիոք, Այնթափ, Մարաշ, Զեյթուն, Հաճըն, Սիս, Ադանա եւ այլուր: Ընդհանուր առմամբ, Ժ. Սայապալյանը Կիլիկիայում գտնվեց յոթուկես ամիս: Այդ երկար եւ արգասաբեր շրջագայության հանրագումարը եղավ իր իսկ կազմած տեղեկագրի հավելվածը, որն ամփոփում է Օսմանյան Թուրքիայի Հալեպի եւ Ադանայի նահանգներում (կուսակալություններում) այրիախնամ հանձնաժողովի ու Ժ. Սայապալյանի ծավալած գործունեության արդյունքները:

Բնականաբար տեղեկագիրը իր հավելվածով գիտական ուսումնասիրություն չէ, այլ առաջին հերթին փաստահավաք ժողովածու է` յուրօրինակ հաշվետվություն Պոլսո հայոց պատրիարքարանին ներկայացնելու համար: Ուշադիր ընթերցողը, սակայն, տեղեկագրի հավելվածում կարող է գտնել 1909 թ. Կիլիկիո աղետի մասշտաբներին, աշխարհագրությանը վերաբերող չափազանց ուշագրավ նյութեր, տեղեկություններ, տարաբնույթ մանրամասներ: Տեղեկագրի շարադրանքը հատուկ է հաշվետվություններին ներկայացվող պահանջներին: Ինչպես նշվեց, ընդգրկում է գրեթե ողջ պատմական Կիլիկիան: Ժ. Սայապալյանը, ըստ իս, բացառիկ ու եզակի տեղեկություններ է հրամցնում հետաքրքրասեր ընթերցողին` Կիլիկիայի առանձին բնակավայրերում հայ բնակչության թվաքանակի, առօրյա կենցաղի, զբաղվածության, ազգային-հասարակական կյանքի, տնտեսական եւ բարոյական վիճակի մասին:

Հարկ է ընդգծել, որ Ժ. Սայապալյանը սոսկ փաստագրող չէ: Աներկբա է, որ նա օժտված է ուշիմ վերլուծաբանի անժխտելի հմտություններով:

Առավել քան տպավորիչ են տեղեկագրում զետեղված այն նյութերը, որոնք վերաբերում են կիլիկահայության առանձին հատվածների նահապետական կենցաղին, կրթական գործի անմխիթար վիճակին, առողջապահական օրախնդիր հիմնահարցերին: Նյութի շարադրման ընթացքում ակներեւ է հեղինակի քաղաքացիական դիրքորոշումը, իրատեսական մոտեցումները` զերծ կեղծ հայրենասիրական ներբողական ոճից, ընթերցողին մղում է խորհելու, տրամաբանելու: Արժե հիշեցնել, որ ամփոփված նյութերը լրջմիտ եւ խոհուն ականատեսի վկայություններ են, ինչն արժանահավատ են դարձնում դրանք:

Ժ. Սայապալյանը հարկավոր դեպքերում չի շրջանցել այնպիսի մի նուրբ թեմա, ինչպիսին հայերի ինքնապաշտպանությունն է: Համարձակ է նրա տեսակետն այս հարցում, դիտել տալով, որ Սիսի, Կարս-Բազարի, Հաճընի, Զեյթունի հայ բնակչությունը զերծ է մնացել ջարդերից` ուժին ուժ հակակշռելով: Հետաքրքրական է Անտիոքի 6 հայկական գյուղերին վերաբերող եզրահանգումը, որ դրանք իրենց աշխարհագրական դիրքի եւ «ամփոփ զանգված մը կազմող թվին պատճառավ, քիչ թե շատ կրցած են տեր ըլլալ մարդկային բնական եւ տարրական իրավունքներուն» (էջ 11): Ցավով արձանագրվում է, որ եթե Հասան-Բեյլի գյուղի 370 տնից բաղկացած հայ բնակչությունը կարողանար «ինքնապաշտպանության պես բնական ու նվիրական խնդրո մը շուրջը» համաձայնության գալ, ապա «շատ հավանորեն ազատ կրնային մնալ խուժանական վայրագություններ» (էջ 66): Դրվատվում է Դյորթ-Յոլի (Չոք-Մարզվան) եւ շրջակա գյուղերի հայ բնակչության «գեղեցիկ ինքնապաշտպանությունը», հավելելով, որ «հակառակ իրենց թրքախոսության, ազգային զգացումը բավական կենդանի է» (էջ 60):

Տեղեկագրի հավելվածը հնարավորինս ստույգ տեղեկություններ է պարունակում Կիլիկիո հայ ավանդական կրոնական համայնքների եւ նրանց թվաքանակի վերաբերյալ: Օրինակ, հիշատակվում է, որ Սիսի գավառի Կարսի գավառակի Նյուրփետ (Նոր-Բերդ) գյուղի բնակչության կեսը եղել են բողոքականներ (էջ 56): Ժ. Սայապալյանը անթաքույց համակրանքով է խոսում Այնթապ քաղաքի «կրթական հաստատություններով եւ միություններով բեղուն հայության» մասին (էջ 27):

Թերեւս մեզանում անսովոր եւ խորհելու առիթ տվող բնութագրեր են տրված Կիլիկիո արծվաբների` Զեյթունի եւ Հաճընի բնակչության մասին, առաջնահերթ ընդգծելով նրանց «արիությունը, բնածին եւ նախնական արժանապատվության զգացումը», ինչպես նաեւ կենցաղի ու նկարագրի հոռի եւ դատապարտելի կողմերը (էջեր 37, 52): Մոռացված չեն Մարաշի սանջակը եւ Մարաշ քաղաքը, շրջակա 28` բացառապես լեռնային գյուղերը:

Չափազանց արդիական եւ ուսանելի է հնչում (նաեւ այսօր) Ժ. Սայապալյանի այն մտերմիկ խորհուրդը, թե աղետից կաթվածահար մարդկանց համար դրամական միանվագ նպաստներ բաշխելու փոխարեն ծայրահեղորեն անհրաժեշտ է «դարձյալ աշխատելու ստիպել զանոնք, աշխատության հրապույրը ճաշակել տալ» (էջ 19):

Դիպուկ է հեղինակի նկատառումը, որ աղետի հետեւանքները «չարաշուք կերպով ազդած են պետութեան թէ՛ նիւթական եւ թէ՛, մանաւանդ, բարոյական կացութեան վրայ: Այս ճշմարտութիւնը եթէ լաւ ըմբռնուէր, ամէնէն ազդու եւ ամէնէն փրկարար դասը կ,ըլլար օսմանցիութեան ապագային համար» (էջ 80): Ավաղ, հետագա դեպքերն ապացուցեցին տրամագծորեն հակառակը:

Անաչառ լինելու պարագան պարտադրում է չմոռանալ, որ «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն» պատմագրքում (Նյու Յորք, 1934 թ. էջեր 39, 91) հեղինակը` Տարսոնի հանրաճանաչ քոլեջի շրջանավարտ Գր. Գալուստյանը, օգտվել է տեղեկագրի, իբրեւ աղբյուրի նյութերից, քաղել Մարաշին եւ Զեյթունին առնչվող համապատասխան տեղեկատվություն:

Վերջում, իբրեւ տոհմիկ կիլիկեցիների ժառանգ, կարծում եմ, որ խնդրո առարկա տեղեկագիրը կիլիկյան ջարդերի տխրառիթ 100-ամյակի կապակցությամբ կարժանանա հարկավոր գնահատանքի եւ կդրվի գիտական շրջանառության մեջ` ծառայելով մեր ժողովրդի եւ պետականության արդար իդեալներին:

Մանուկ Թոփուզյանըՙ Սահմանադրական դատարանի անդամ

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբՙ որոշում եմ Մանուկ Թոփուզյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ», նշված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 8-ի հրամանագրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4