«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը հանդիսավոր պայմաններում կբացվի հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնի սրահներում, ֆրանսահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանի եւ ռեժիսոր Լորան Տյուելի «Մերձավոր շրջապատ» ֆիլմով: Իր գործունեության ողջ ընթացքում փառատոնը կայուն համագործակցել է մշակույթի նախարարության հետ եւ այն շարունակվում է: Երեկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը , փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Հարություն Խաչատրյանը , կինոգետ Հարություն Ստամբոլցյանը , փառատոնի գեղ. ղեկ. Սուսաննա Հարությունյանը հանդիպեցին լրագրողների հետ եւ ամփոփելով նախապատրաստական աշխատանքները նշեցին, որ կազմ ու պատրաստ կմեկնարկի փառատոնը: Անցած հինգ տարիների ընթացքում փառատոնը ոչ միայն իր կարեւոր տեղն է գտել ու գրավել Հայաստանի մշակութային կյանքում, այլեւ ընդգրկվել է միջազգային կարեւոր փառատոների շարքում: 65 երկրներից ներկայացված ավելի քան 400 մասնակցության հայտերից ընտրվել է 158 ֆիլմ, այդ թվումՙ 52-ը հայկական, ինչը մեր հանդիսատեսի համար հայ կինոյի ողջ համայնապատկերին ծանոթանալու աննախադեպ հնարավորություն է: Երեք միջազգային ժյուրիները կգլխավորեն Կոհեյ Օգուրին (Ճապոնիա), Ալեքսանդր Ռոդնյանսկին (ՌԴ) եւ Հայկ Բալյանը (Հոլանդիա): Ինչպես տեղեկացրեց Հարություն Խաչատրյանը, փառատոնի ընթացքում կլինի հետահայաց ցուցադրություններ երեք աշխարհամասերից` աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկու, Կաննի մրցանակակիրներ ճապոնացի Կոհեյ Օգուրիի եւ ամերիկացի Ռով Նիլսոնի ֆիլմերը: Փառատոնի ընթացքում վարպետության դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Ռոբ Նիլսոնը, Անջեյ Կրակովսկին, Նանա Ջորջաձեն, Սերգեյ Սոլովյովը եւ Կոհեյ Օգուրին: «Մեկ օր Եվրոպայում» արտամրցութային ծրագրում կցուցադրվեն լավագույն ֆրանսիական, գերմանական, հոլանդական եւ լեհական ֆիլմերը: Ի դեպ, փառատոնի գլխավոր հովանավոր «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը վճարել է փառատոնի ողջ տոմսերի արժեքի 90 տոկոսը, իսկ մնացյալ 300 դրամը` թողնված է որպես սիմվոլիկ գումար` բոլոր ֆիլմերի համար:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը դարձել է մեր երկրի այցեքարտը ամբողջ աշխարհում: Նախարարը նաեւ բարձր գնահատեց այն հանգամանքը, որ փառատոնը ընդլայնվելով, հարգանքի տուրք է մատուցում մեր մեծերինՙ կինոյի երախտավորներ Արման Մանարյանին, Բագրատ Հովհաննիսյանինՙ նշելով նրանց 80-ամյա հոբելյանները: Կնշվեն նաեւ Ներսես Հովհաննիսյանի 70-ամյակը եւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի 40-ամյակը, Մոսկվայի կինոյի բարձրագույն ինստիտուտի 90-ամյակը:
Հարություն Խաչատրյանը անդրադառնալով փառատոնային կենտրոնի հիմնմանը նշեց, որ այն գրեթե լուծված է: Իսկ նորությունը այս փառատոնի այն է, որ մշակույթի նախարարությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հիմնել են մեկ ոսկե եւ երեք արծաթե «Մանթաշյանց ասպետ» շքանշանը, որ հանձնվելու է մշակույթի ասպարեզում մեծ դերակատարություն ունեցող մեկենասներին: Հաջորդ նորույթը` «Մանթաշյանց ասպետ» ակումբի հիմնադրումն է, որի նորընծա նախագահին կտրվի քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Ալեքսանդր Մանթաշյան» քանդակը: Փառատոնի կազմակերպիչները մեծ հույսեր են կապում նորաստեղծ ակումբի հետ, որը մշտապես պետք է հոգ տանի երիտասարդ ստեղծագործողներին աջակցելու եւ նրանց կողմից ստեղծված ֆիլմերը միջազգային փառատոներին ներկայացնելու խնդրում:
Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն հուլիսի 12-ին, ժամը 16.00-ին Երեւանի Զորավոր եկեղեցում կկայանա Ծիրանի օրհնության արարողությունը, որով էլ կազդարարվի «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ