«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


ԼԱՐԱԽԱՂԱՑԻ ՊԵՍ ԶՈՒԳԱԿՇՌՎԱԾ

Զուգակշռությունը միանգամայն նկատելի է ինչպես փառատոնի, այնպես էլ նրա տնօրեն, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանի ստեղծագործական կյանքում. իր նոր` «Սահման» ֆիլմի հետ տարեսկզբից հեղինակավոր փառատոներում շրջելու եւ մրցանակներ շահելու հետ մեկտեղ կարողանում է հնարավոր ամեն բան անել փառատոնն ամրացնելու եւ ներկայանալի դարձնելու համար: Փառատոնի կազմակերպիչների աշխատանքային պայմաններն այս տարի անհամեմատ հարմարավետ են դարձել մեծ դժվարություններից հետո նոր գրասենյակ տեղափոխվելուց հետո, սակայն նախափառատոնային լարվածությունը չի նվազել` բացման ֆիլմը խոշոր կինոթատրոնում ցուցադրելու հնարավորություն չունենալու պատճառով:

Փառատոնային կենտրոն ունենալու անհրաժեշտությունը թեպետ հասունացել է, բայց դեռեւս օրախնդիր չի դարձել, իսկ դա նշանակում է, որ դրան հասնելու համար առանձին ջանքեր են պետք: Կինոփառատոնի կազմակերպիչներն այս տարի ձեւաչափային առանձնակի փոփոխություններ չեն կատարել, հաստատված ու մշակված ծրագրերով փառատոնը կշարունակի իր ճամփան մինչեւ 10-րդ փառատոնին հասնելը:

«Ձեւաչափը կարելի է փոխել միայն այն դեպքում, երբ ստեղծվեն նոր կինոթատրոններ, ակումբներ: Հիմա մեր ուշադրությունն ավելի բեւեռված է հայկական կինոարտադրանքի վրա, որի որակը բարելավելու համար երիտասարդ ռեժիսորների համար ստեղծել ենք կինոդպրոց եւ պարբերաբար անցկացնում ենք վարպետության դասեր: Ձգտում ենք հասնել այն բանին, որ Հայաստանում տեղական արտադրության ֆիլմերը հաճախակի ցուցադրելը դառնա կինոքաղաքականություն: Միայն այդպես կկարողանանք զտել լավը վատից, եւ ճանապարհ բացել օժտված երիտասարդների համար: Մեզ համար կարեւոր են նաեւ տարածաշրջանային ֆիլմերը, նկատել ենք, որ դրանք առանձնահատուկ հետաքրքրությամբ են դիտում արտերկրից եկած մեր հյուրերը: Այս տարի եւս հրավիրել ենք այնպիսի հանրահայտ դեմքերի, որոնցից ամեն մեկն իր յուրահատուկ տեղն ունի արդի կինոաշխարհում:

Եվրոպական ֆիլմերի ծրագիրը դարձյալ հարուստ կլինի, մանավանդ որ ավելացրել ենք լեհական կինոյի մեծ ծրագիր: Չենք անտեսել նաեւ արաբական աշխարհում ստեղծվող ֆիլմերը, անցած տարի սկիզբ առած «Արաբական գիշերներ» ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի, նկատի առնելով հանդիսատեսի հետաքրքրությունը դրանց նկատմամբ», ասաց Հարություն Խաչատրյանը:

Տնտեսական ճգնաժամի հետքերը

Դրանք զգալի են կազմակերպական բոլոր հարցերում` հատկապես հյուրերի ճանապարհածախսը հոգալու ժամանակ: Եթե չլիներ գլխավոր հովանավոր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության եւ մշակույթի նախարարության պետական հովանավորությունը, փառատոնը կհայտնվեր ծայրահեղ ծանր վիճակում: «Շատ երկրներում այս տարի փառատոները դժվար կացության մեջ ընկան, նույնիսկ որոշում կայացրեցին 2 տարին մեկ անցկացնելու, բայց մենք հաղթահարեցինք այդ կացությունը շնորհիվ մեր հովանավորների», ասաց փառատոնի տնօրենը:

Փառատոնային կենտրոնի կարիքն օդի պես է

Կենտրոնի ստեղծումը, ինչպես իր խոսքում նշեց Հարություն Խաչատրյանը, անհրաժեշտ է ոչ միայն փառատոնին, այլեւ պետական մշակութային հստակ քաղաքականություն վարելու համար: «Դա օդի պես կարեւոր մի բան է դարձել մեր մշակույթի համար: Դրա կարիքը խիստ զգալի է նաեւ փառատոնի օրերին, գիտեք, թե ինչքան ցանկացողներ կան փառատոնի բացմանն ու փակմանը ներկա լինելու, ֆիլմերի դիտումներին, հանդիպումներին, վարպետության դասերին եւ մյուս միջոցառումներին մասնակցելու: Բայց մենք ուղղակի անկարող ենք բոլորին հրավիրատոմս ուղարկել, որովհետեւ դահլիճներում տեղերը բավականին քիչ են: Մարդիկ մեզանից նեղանում են դրա համար, բայց մենք ոչինչ չենք կարող անել: Դրա մասին պետք է լրջորեն մտածել, որովհետեւ արդեն միջազգային լայն ճանաչում ձեռք բերած փառատոն ենք, իսկ դա հրաշալի զենք է մեր պետական քաղաքականությունը առաջ տանելու համար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4