Երկու ամիս առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ նոր էջ բացվեց: Կայացավ աշխարհահռչակ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրության առաջնախաղը: Շուրջ 48 տարի անց հայ բեմում, շատ հայտնի ՌԴ պետական ակադեմիական Մեծ թատրոնի բալետմեյստեր, Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Կրասնոդարի բալետի թատրոնի գեղղեկ Յուրի Գրիգորովիչը բեմադրեց «Սպարտակը»: ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի եւ ՌԴ նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդեւայի հովանու ներքո եւ «ԱրտԹիմ» պրոդյուսերական ընկերության ջանքերով իրականացավ բոլորի վաղեմի երազանքը: Երեք գործողությամբ չքնաղ բալետը ընթանում է 12 պատկերով եւ 9 մենապարերով: Լիբրետոնՙ Յուրի Գրիգորովիչի, ըստ Ռաֆայելո Ջովանյոլիի համանուն վեպի եւ պատմական սյուժեների, օգտագործված է Նիկոլայ Վոլկովի սցենարը, դեկորները եւ բեմական զգեստներըՙ ըստ Սիմոն Վիրսալաձեի էսքիզների: Բալետը, որին մասնակցում են մոտ 120 պարողներ, հնարավոր եղավ բեմադրել թատրոնի բալետային խմբի հետ մեկտեղ ընդգրկելով Հայաստանի «Բարեկամություն» անսամբլի ու Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանի սաներին:
Ահա հենց նրանց էր մշակույթի նախարարը հանդիպման հրավիրել, որի ընթացքում հանձնվեցին հատուկ շնորհակալագրեր: Նշեմ նրանցՙ նախագծի գլխավոր հովանավորՙ «Վիվասել-ՄՏՍ-շ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան, հովանավորներՙ «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիր, Երեւանի կոնյակի գործարան, «Կոնվերս» բանկ, Հայաստանի էլեկտրացանցեր ընկերություն, պաշտոնական հովանավորՙ «Ռուսգոսստրախ-Արմենիա»: Տոնական պայմաններում շնորհակալագրեր հանձնվեցին օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին ու գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին, «Բարեկամություն» անսամբլին ու գեղղեկ. Նորայր Մեհրաբյանին, օպերայի բալետային ողջ խմբին եւ գլխավոր բալետմեյստեր Հովհաննես Դիվանյանին, թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին, «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական ընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանին եւ ինֆորմացիոն հովանավորներին: Իսկ «Սպարտակ» բալետ նախագծի իրականացնող «Արտ Թիմի» ղեկավար Ռուբեն Թորոյանը, մշակույթի նախարարի հրամանով պարգեւատրվեց ոսկե մեդալով: Հանդիսության ընթացքում կայացավ նաեւ «Շարմ Հոլդինգ» ընկերության արտադրության «Սպարտակ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Մ. Մ.