Կարծում եք անհնա՞ր է, որ Արարատ լեռը կարողանա ճամփորդել, այցելել տարբեր երկրներ եւ լինել լրատվական թողարկումների գլխավոր հերոսը: Նկարչուհի Ալինա Մնացականյանի համար գաղափարը ոչ թե անհնարին էր, այլ գրավիչ ու նա ստեղծեց «Լեռը գալիս է ինձ մոտ» վիդեո ինստալացիան, որի հերոսն Արարատն է: Շուրջ 15-ական րոպե տեւողությամբ 4 վիդեո պատմությունները, որոնցից յուրաքանչյուրը ցուցադրվում է մի առանձին էկրանի, նվիրված են Արարատին ու պատմում են լեռան շրջագայությունների մասին: «Վիդեոները 4 տարբեր լեզուներով են` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Արարատը ճամփորդում է 12 երկրներով, լուրերն էլ ես եմ գրել: Այդ լուրերը պատմում են այն մասին, թե Արարատն ինչ ընդունելության է արժանանում», ասաց Ալինա Մնացականյանը :
Նկարչուհին ծնվել է Թեհրանում, ուսանել Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Այժմ ապրում է Շվեյցարիայում: Ասում է, որ Արարատ լեռն առանցքային նշանակություն ունի ոչ միայն իր, այլեւ նշանակալից հետաքրքրություն է ներկայացնում միլիոնավոր մարդկանց համար: «Արարատ այցելելն ու լեռ բարձրանալը կապված է դժվարությունների հետ: Արարատի խորհրդավոր եւ ռոմանտիկ պատկերը ներկայացնելու փոխարեն, այս ինստալացիան առաջարկում է սրբազան լեռը ժամանակավորապես պարտք վերցնել աշխարհով մեկ շրջագայելու համար: Սա վիրտուալ տեղաշարժ է, սակայն լեռն, ի վերջո, կվերադառնա իր իրական վայրը», ասաց նկարչուհին:
Նախագիծը մինչեւ օգոստոսի 28-ը կներկայացվի նորարար փորձառական արվեստի կենտրոնում: Նկարչուհին նախատեսում է այն ներկայացնել նաեւ Միացյալ Նահանգներում եւ Շվեյցարիայում:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ