Կանադահայոց առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանի հրավերով վերջերս Մոնրեալում դասախոսություններով հանդես է եկել Երուսաղեմի Գյուլբենկյան մատենադարան-թանգարանի վարիչ, ճանաչված պատմաբան, կրթական, մտավորական եւ հասարակական գործիչ պրոֆ. Գեւորգ Հինդլյանը: «Ապագայ» շաբաթաթերթը առիթից օգտվելով հարցազրույց է անցկացրել նրա հետ, որտեղից քաղում ենք հետեւյալ շահեկան տեղեկությունները Երուսաղեմի հայերի, պատրիարքարանի կալվածքների եւ այլ խնդիրների վերաբերյալ:
Հայկական եւ օտար պատմագրական աղբյուրներում բազմաթիվ վկայություններ կան, որ 6-րդ դարում արդեն հարյուրավոր հայ վանականներ ապրել են Երուսաղեմի եւ շրջակա հայկական վանքերում: Հաստատված է նաեւ, որ խաչակրության շրջանում հինգ թագուհիներից երեքը եղել են հայածին եւ 87 տարվա այդ շրջանում է, որ սկիզբ է առել Երուսաղեմի հայկական թաղամասի գաղափարը, որը հետագա դարերում ընդարձակվել է եւ հաստատվել Գրիգոր Շղթայակիր պատրիարքի օրոք որպես «հայկական թաղ»: Այժմ այն Հին Երուսաղեմի մեկ վեցերորդ մասն է:
Ընդհանուր առմամբ հայերը մեծ թիվ չեն կազմել Երուսաղեմում եւ հայկական պատրիարքարանի ներկայությունն ավելի շատ ուշադրություն է գրավել, քան հայերի թվաքանակը, որը տատանվել է 100-1500-ի միջեւ: Միայն Կիլիկիայի պարպումից հետո է, որ այդ թիվը բարձրացել է 10 հազարիՙ ներառյալ Հայֆայի եւ Յաֆայի հայերը, որոնք մինչեւ 1948-ը շատ բարգավաճ գաղութ են ներկայացրել: Այդ տարվա պաղեստինյան պատերազմի երկու շաբաթների ընթացքում հայերը մեծ մասամբ հեռացել են այդ վայրերից, իսկ մնացյալներն էլ կենտրոնացել են Երուսաղեմում: Այսօր մոտ 2000 հայեր են ապրում Երուսաղեմի, Բեթղեհեմի եւ Ռամալլահի մեջ: Ամբողջ Իսրայելի տարածքում կան մոտ 5 հազար հայեր, որոնց պետք է գումարել վերջին տասնամյակում Հայաստանից տեղափոխված մոտավորապես նույնքան հայերի:
1860-ականներին միաբանությունը սնանկացումից փրկելու նպատակով պատրիարքարանը կալվածքներ է ձեռք բերել Երուսաղեմի պարսպից դուրսՙ 300-400 բնակարան, խանութ, եւ այլն Յաֆայի եւ Երուսաղեմի կենտրոնական մասերում: Դրանց եկամուտներն ինքնաբավ են դարձրել պատրիարքարանը, սակայն այժմՙ համեմատած 1965-1985 թվերի հետ, դրանց վերանորոգման համար արտոնություններ ձեռք բերելը գրեթե անկարելի է դարձել:
Ըստ Հինդլյանի, լավ կլինի ունենալ արտասահմանյան խորհրդակցական մի հանձնախումբՙ բաղկացած արհեստավարժ մասնագետներից, որոնք խորհուրդներով ուղղություն կտան այդ հարցով զբաղվողներին: Ըստ նրաՙ փափագելի է նաեւ ունենալ, Հայաստանից բացի, ուսանողներ եւ ուսուցիչներ Մերձավոր Արեւելքից: Նա մտահոգություն է հայտնել, որ երիտասարդները ընտանիք կազմելու դժվարություն ունեն, որովհետեւ արաբներն ու հրեաները բացարձակ մեծամասնություն են կազմում: Որպես հետեւանք երկրից հեռացողների թիվն ավելացել է: «Հիմա ամենամեկուսացված համայնքներից մեկն ենք դարձել», նշել է նա, շեշտելով, որ շտապ կարիք ունեն քարտուղարների, ուսուցիչների, տնտեսագետների եւ կալվածային հարցերի մասնագետների, մարդկանցՙ որոնք կարողանան դիմագրավել ներկայի տնտեսական, քաղաքական, հասարակական եւ կրոնական մարտահրավերներին եւ պահպանել դարավոր հաստատությունների ավանդույթներն ու հիշողությունը:
«Մտածում ենք գործարկել համալսարանականների ամառային ուսուցողական մի ծրագիր, որպեսզի ապագա վարչականներ պատրաստենք եւ օգտվենք նրանց գործնական, նորարարական գիտելիքներից: Այդ առթիվ երախտապարտ եմ կանադահայոց առաջնորդ Բագրատ սրբազանին, որ ոչ միայն խմբակային այցելություններ է կազմակերպում, այլեւ հետամուտ լինում այդ ծրագրի իրականացմանը: Հույս ունեմ, որ կարելի պիտի լինի նաեւ հիմնել «Երուսաղեմի բարեկամների մարմիններ» տարբեր հայկական համայնքներումՙ գործնական եւ բարոյական օժանդակություն ստանալու համար: Մենք պետք է զգալ տանք, որ սփյուռքը նեցուկ է կանգնում մեզ եւ հետեւում է Հայկական Երուսաղեմի զարգացումներին», եզրակացրել է պրոֆ. Գեւորգ Հինդլյանը:
Պատրաստեցՙ Հ. Ծ.