«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


«ՔԻՆԳ ԿՈՆԳԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԿԱՏԱՂԱԾ ՑՈՒԼԻՆ»

Հայ բռնցքամարտիկը կրկին վստահ է իր ուժերին

Այսօր կեսգիշերին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սանրայզ քաղաքում առաջին թեթեւագույն քաշային կարգի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ռինգ դուրս կգա վիճարկելու թեթեւագույն քաշային կարգի IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նրա մրցակիցը գանացի բռնցքամարտիկ Ժոզեֆ Ագբեկոն է: Հաջողության դեպքում հայ բռնցքամարտիկն աշխարհի չեմպիոնի տիտղոսին կարժանանա քաշային արդեն 3-րդ կարգում, ինչը համաշխարհային բռնցքամարտում քչերին է հաջողվել:

«Քինգ Կոնգ» մականունը կրող Ժոզեֆ Ագբեկոն 2-րդ անգամ պետք է փորձի պաշտպանել իր տիտղոսը, որը նվաճել էր 2007-ի սեպտեմբերին` հաղթելով նիկարագուացի Լուիս Ալբերտո Պերեսին: Դրանից հետո Ագբեկոն միայն մեկ մենամարտ է անցկացրել: 2008-ի դեկտեմբերին նա առաջին անգամ պաշտպանեց իր տիտղոսը նիկարագուացի մեկ այլ բռնցքամարտիկի` Վիլյամ Գոնսալեսի հետ մենամարտում:

Առաջիկա մենամարտը հատկանշական է երկու առումով: Նախ, Վախթանգ Դարչինյանն առաջին անգամ ռինգ է դուրս գալու` ներկայացնելով Հայաստանը: Այսուհետեւ նա հանդես է գալու հայկական դրոշի ներքո: Մյուսն այն է, որ մենամարտի կազմակերպիչ, հայտնի պրոմոութեր Դոն Քինգը որոշել է այդ օրը մարզադահլիճում հարգանքի տուրք մատուցել Մայքլ Ջեքսոնի հիշատակին: Երեկոյի ընթացքում կհնչեն անվանի երգչի երգերը, կցուցադրվեն նրա տեսահոլովակները:

Մենամարտից առաջ Սանրայզում կայացել է երկու բռնցքամարտիկների վերջին մամուլի ասուլիսը, որում նրանք կրկին բարձրագոչ հայտարարություններ են արել: Ժոզեֆ Ագբեկոն կրկին խոստացել է ռինգում ծեծի ենթարկել մրցակցին. «Ֆիլմում Քինգ Կոնգը Նյու Յորքում մահանում է, սակայն շաբաթ օրը նա ռինգում կվերակենդանանա: Վախթանգին «Կատաղած ցուլ» են անվանում: Մենամարտից հետո նրան «Կատաղած թյուրիմացություն» կանվանեն: Ափսոս, որ մենամարտն այսօր չի: Անհամբերությամբ եմ սպասում հուլիսի 11-ին: Պատրաստ եմ մենամարտին: Վախթանգի կյանքում ամենամեծ ծեծկռտուքը կսարքեմ: Այս անգամ նրան հարկ կլինի մենամարտել ռինգի իսկական արքայի հետ: Ես հարգում եմ քեզ, դու իսկական մարտիկ ես: Սակայն հենց այդ հարգանքից ելնելով էլ ձգտելու եմ ռինգում քեզ մի լավ ծեծել: Այդ մենամարտը ինձ հնարավորություն կտա եւս մեկ անգամ աշխարհին ապացուցել, թե որքան լավն եմ: Վիկի երկրպագուները շաբաթ երեկոյան կզարմանան, երբ ես հաղթեմ նրան»:

Վախթանգ Դարչինյանը խոսքի տակ չի մնացել. «Շնորհակալ եմ Դոն Քինգից, որ եւս մեկ չեմպիոնական գոտի նվաճելու հնարավորություն ընձեռեց ինձ: Դոն, շաբաթ օրը դու կզղջաս քո բռնցքամարտիկի համար: Դու շատ դիտարժան մենամարտի ականատես կլինես: Ես մշտապես ցանկանում եմ հաղթել նոկաուտով, քանի որ միավորներով հաղթանակն ինձ չի գոհացնում: Ուստի նոկաուտի կենթարկեմ նրան: Ես խոստումս մշտապես կատարում եմ: Քո ընկեր Անջես Աջախոն ասաց, որ աֆրիկացի կանայք շատ են ավելորդ խոսում: Այսօր դու այդ ապացուցեցիր»:

Երկու բռնցքամարտիկներն էլ պրոֆեսիոնալ ռինգում ընդամենը մեկ պարտություն են կրել: Դարչինյանը 34 մենամարտերից շահել է 32-ը (26-ը` տեխնիկական նոկաուտով), մեկն ավարտել է ոչ-ոքի: Ագբեկոն 27 մենամարտերից 26-ում է հաղթանակ տոնել:

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Վախթանգ Դարչինյանին` հաղթանակը գնահատելով 1,4 գործակցով: Ագբեկոյի հաղթանակի գործակիցը 2,7 է: Ոչ-ոքին գնահատվել է 19 գործակցով: Ավելի հավանական է համարվում Դարչինյանի հաղթանակը միավորներով (3 գործակից): 1-ին կամ 12-րդ ռաունդներում Դարչինյանի հաղթանակի գործակիցը 23 է, մյուս ռաունդներում ժամկետից շուտ մենամարտն ավարտվելու դեպքում գործակիցը 18 է: Միավորներով Ագբեկոյի հաղթանակը գնահատվել է 3,8 գործակցով, առաջին երկու ռաունդներում հաղթանակը` 35, 3-4-րդ, 12-րդ ռաունդներում` 30, 5-11-րդում` 24 գործակցով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4