ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ, կարդալով ոմն անհայտ «Հայկական ընտրություն» անվամբ մի կուսակցության հայտարարություն, որը վարչախմբի անհապաղ պաշտոնանկությունն էր պահանջում այն դեպքում, երբ ստորագրվի մադրիդյան սկզբունքները ներառող որեւէ փաստաթուղթ, պատկերացրինք, թե որքան կատաղի են խոսելու հայտնի կուսակցությունք եւ նրանց առաջնորդք` հայրենիքը ծախելու եւ Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ, երբ... Խոստովանենք` ամառվա շոգին պատճառ ստեղծվեց, որ էս մեր քաղաքականները շոգից գնացած իրենց ուշքը հետ բերեն, քանի որ համանախագահ երկրների նախագահների` ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել հորդորող հայտարարությունն` ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, հենց այդ սառը ցնցուղն է: Ու տեսեք, Ստեփանակերտում դաշնակցականների խորհրդաժողովին եւս հնչել է Է. Նալբանդյանի հրաժարականի պահանջ, ու անգամ այդ խորհրդաժողովը քիչ էր, ՀՅԴ բյուրոն նիստ է անելու, որ վերաբերմունքի հարց ճշտի այդ հայտարարության առթիվ, իսկ ՀՅԴ բյուրոյի անդամ, պատմաբան Լեւոն Մկրտչյանն այդ հայտարարությունն աննախադեպ է համարում:
Երեկ, իսկապես, փորձում էինք իշխանական կոալիցիայի անդամներից գոնե խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու քարտուղարների մակարդակով զանգահարել-պարզել նրանց վերաբերմունքն առ աշխարհի երեք հզորների հայտարարություն, քանի որ արագ արձագանքի խնդիրը, կարծում եմ, մեր քաղաքական շրջանակների պատվի գործը պետք է լինի, մանավանդ որ ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանը երեկ խոսում էր իրավիճակի լրջության եւ ԼՂՀ շուրջն օղակը սեղմվելու մասին (իրենց երազանքն է):
Գալուստ Սահակյանն ընդամենը կայքերից մեկին ասել էր, թե ՀՅԴ-ն որոշակի ձեւաչափով` այն է ընդդիմադիր կեցվածքով ընդամենը ձգտում է ակտիվացնել խնդիրը, եւ միայն: Գ. Սահակյանի, Է. Շարմազանովի եւ այլոց հեռախոսները մեզ համար անհասանելի մնացին` այսօր-վաղը երեւի կարտահայտվեն: Իսկ մեկնաբանություններն, իրոք, այս պահին կարեւոր են, քանի որ կարծեմ համանախագահներից Մերզլյակովն էր ասել մադրիդյան սկզբունքների հրապարակային քննարկումների անհրաժեշտության մասին, իսկ հայ հասարակության կարծիքն, իսկապես այդ սկզբունքների հիմնական մասի նոր քողազերծումից հետո` Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի հայտարարության տեսքով, պարսատիկի քար է, որը մեր` հայկական պարսատիկից հետ նետելու կարիք ունի: Սակայն երեկ մեզ հասանելի եղավ միայն «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը :
Ըստ նրա` խնդրի կարգավորման հընթացս վտանգներ հայերիս համար սկսվեցին այն պահից, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց: Իսկ մադրիդյան սկզբունքները նոր չեն, դրանց շուրջը պայմանավորվածություններն ավելի վաղ էին ձեռք բերվել` Վարդան Օսկանյանի եւ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ. «Հիմա ընդամենը շրջանակն, այսպես ասած, փակվում է, Նահանգները, Ռուսաստանը, Եվրոմիությունը տարբեր գլոբալ խնդիրների շուրջը, կարծես թե, պայմանավորվածությունների են հանգում եւ ըստ էության որպես դրանց շարունակություն` մադրիդյան սկզբունքների հիման վրա պայմանավորվածություն են առաջ մղում, որն ի սկզբանե հանձն էին առել Ալիեւն ու Քոչարյանը, հետագայում` նաեւ Սերժ Սարգսյանը, եւ դրա շրջանակներում լուծում են առաջադրում: Դրա վտանգները շատ մեծ են, որովհետեւ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի անկախության եւ անվտանգության թիվ 1 գրավականը ոչ թե խաղաղապահ ուժերն են, այլ ազատագրված տարածքները եւ ժողովուրդն` իր վճռականությամբ: Այդ երկու կոմպոնենտը սկզբունքներում չկան, իսկ խաղաղապահ ուժերի առկայությունը դեռ երաշխիք չէ. մենք բազմաթիվ տարածքներ կարող ենք տեսնել աշխարհում, որտեղ խաղաղապահ ուժեր կան, բայց կոնֆլիկտները շարունակվում են»: Ըստ Ա. Մարտիրոսյանի` խաղաղապահ ուժերը խաղաղապահի ժամկետից հետո, երբ էներգակիրների տեղափոխության խնդիրը կվերանա, գնալու են. «Ու էդ ժամանակ ԼՂ բնակչությունը եւ ՀՀ-ն դեմ հանդիման են կանգնելու առկա իրողության առջեւ, այն էՙ շրջափակված Ղարաբաղ: Միջանցքը, որը ճանապարհ պիտի ապահովի, որեւէ ձեւով երաշխիք չի կարող լինել հետագայում շրջափակման ենթարկված Ղարաբաղի համար»: Ըստ մեր զրուցակցի` կարգավիճակի խնդիրը թեեւ այս պահին անորոշ է (եթե դու սկզբում տալիս ես ազատագրված տարածքները, հետո նոր կարգավիճակի խնդիր է առաջանում), նույնիսկ եթե անկախություն տան Ղարաբաղին, միեւնույն է, ինչ-որ ժամանակահատված հետո այդ անկախությունը կարելի է վերացնել, որովհետեւ ինքը շրջափակված է մնում Ադրբեջանի կողմից. միջանցքը դա ապահովության երաշխիք չէ, միջանցքները շատ հանգիստ փակվում են»: Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված հայտարարությունն այս պահին, արդյոք դա ճնշում կարելի՞ է համարել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա մոսկովյան հանդիպումից առաջ, Ա. Մարտիրոսյանը նախ դա դիտարկեց այն տեսակետից, որ գլոբալ մարտահրավերների վերաբերյալ խոշոր խաղացողներն, այսպես ասած, պայմանավորվածության հանգեցին. սպառազինությունների կրճատում, որի վերաբերյալ համաձայնագիր Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ստորագրեցին իրենց նախագահների վերջին հանդիպման ժամանակ, Աֆղանստանի եւ միջազգային տեռորիզմի հարցերն էլ կարծես մեղմվում են փոխհամաձայնությունների արդյունքում, գումարած դրան` Եվրոմիության սահմաններն, ըստ էության, հասել են Կովկաս: Այդ շրջանակում պետք է դիտարկել նաեւ Արեւելյան գործընկերությունը, եւ քանի որ տարածաշրջանում որոշակի աշխատանքներ կատարելու անվտանգության առումով միակ օջախը մնացել է Ղարաբաղը, որովհետեւ Կոսովոյի խնդիրն, այնուամենայնիվ, լուծվեց, Հարավային Օսիան եւ Աբխազիան որոշակի առումով լուծում ստացան` ի դեմս Ռուսաստանի կողմից անկախության ճանաչման, մնացել է կարծես թե Ղարաբաղը, բնական է, որ ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեր Ղարաբաղը: Ա. Մարտիրոսյանի համար մտահոգիչ է, որ մեր արտգործնախարարը դրական գնահատական է տվել այդ հայտարարությանը, այսինքնՙ իշխանությունները պատրաստ են իրագործել այդ քայլերը, բայց նաեւ դիմակայել միշտ հնարավոր է` ժողովրդի միահամուռ կամքով կարելի է դիմակայել մարտահրավերներին: Իսկ դրա համար առաջին հերթին իշխանությունները պետք է պատրաստ լինեն հասարակական աջակցություն ստանալ եւ փորձեն լուծել այդ խնդիրները. «Իսկ հասարակության աջակցություն կարող են ստանալ, եթե մարտի 1-ի դեպքերն ամբողջովին բացահայտվեն, քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, իրական բարեփոխումներ տեղի ունենան երկրի ներսում: Եթե այդ ամենին պատրաստ են իշխանությունները, ուրեմն մենք այդ համախմբվածությունը կարող ենք ունենալ եւ դրա արդյունքում փորձենք պայքարել մարտահրավերների դեմ: Առաջին հերթին Հայաստանը պետք է բարձրաձայնի, որ միայն ԼՂ օրինական ընտրված իշխանությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն ԼՂՀ հետ կապված որեւէ բանակցություն վարելու, եւ Հայաստանն ընդամենը կարող է միջնորդ եւ երաշխավոր լինել ԼՂ անվտանգությանը: Բացի այդ, ճանաչելով ԼՂՀ անկախությունը, Հայաստանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ` պետք է փորձի մեծ թվով գործընկեր պետությունների եւ կազմակերպությունների ներգրավել, որ վերջիններս ճանաչեն ԼՂՀ անկախությունը»: Իսկ մոսկովյան հանդիպումից սպասելիքներ ունենալն արդեն էական չէ, ըստ Ա. Մարտիրոսյանի, որովհետեւ ինչ էլ տեղի ունենա` այսուհետեւ իշխանական մակարդակով պետք է տեղի ունենա, 5-6 կետերի շրջանակում, որոնք գծագրված են, որովհետեւ եթե դա Մոսկվայում չեղավ` մեկ ամիս հետո մի ուրիշ վայրում կլինի: Էականը շրջանակն է, որ ուրվագծվեց, իսկ ուրվագծված շրջանակի պատասխանատուները նախորդ եւ ներկա իշխանություններն են` իրենց կոալիցիոն ուժերով: