«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2009-07-10 | #129, 2009-07-11 | #130, 2009-07-14


ԱՆԿԱՐԱՆ ԳՈՀ Է ԱՄՆ-Ի, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունն ընդգծում է մադրիդյան սկզբունքների կարեւորությունը

Հուլիսի 10-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մադրիդյան հիմնարար սկզբունքներով կարգավորելու կոչ են արել ՀՀ նախագահին եւ նրա ադրբեջանցի պաշտոնակցին: Մադրիդյան սկզբունքները որպես հակամարտության կարգավորման տարբերակ, բացառում են ուժի կիրառումը, հիմք են ընդունում պետությունների տարածքային ամբողջականությունն ու ճանաչում են ժողովուրդների ինչպես իրավահավասարությունը, այնպես էլ ինքնորոշման իրավունքը, ընդ որումՙ հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Բայց եւ այնպես դրանք անտեսում են արցախահայության ձեռքբերումներն ու փոխզիջման քողի տակ միակողմանի զիջումներ են պահանջում հայկական կողմից:

Որքան էլ այդ սկզբունքներում հիշատակվի «կամարտահայտության» մասին, այնուամենայնիվ, անորոշ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Հակառակ դրան, միանգամայն որոշակի են հայկական կողմին ներկայացվող պահանջները կապված հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելու կամ փախստականների բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունքի հետ: Այլ կերպ, մադրիդյան հիմնարար սկզբունքները չեն բխում հայ ժողովրդի, Հայաստանի, առավել եւսՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերից, հետեւաբար չեն կարող հայանպաստ լինել:

Թեեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների հայտարարությունն ընդամենը կոչ է, այսինքնՙ պարտավորեցնող չէ, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմք է ընդունում մադրիդյան սկզբունքները, ուստի եւ չպետք է հայանպաստ համարվի: Այդ առումով թերեւս հատկանշական է ինչպես մադրիդյան հիմնարար սկզբունքներին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությանը Թուրքիայի արտգործնախարարության գնահատականը:

CNN-Turk-ի վկայությամբ, պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել հայտարարության առնչությամբ: Հաղորդագրության մեջ ընդգծվել է հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ջանքերի կարեւորությունը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարելու առումով եւ ասվել. «Հայկական եւ ադրբեջանական կողմերի բանակցությունները մադրիդյան սկզբունքների շրջանակներում պետք է ամենակարճ ժամանակահատվածում հասցնել ավարտին»:

Թուրքիայի արտգործնախարարությունը կարեւոր է համարել Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարության մեջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանավորումը մադրիդյան սկզբունքներով, որոնց տվել է հետեւյալ գնահատականը. «Այս սկզբունքները երկու երկրների միջեւ ծավալվող բանակցություններում կողմերի մոտեցումներն արտացոլող ամբողջականություն են»:

Նույն օրըՙ հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը: Դա, ինչպես թուրքական հանրային հեռուստատեսությունն է նշել, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում նույնպես դնում է մադրիդյան հիմնարար սկզբունքները, հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա ելնում են տարածքային ամբողջականության պահպանման, ժողովուրդների գոյակցության եւ ինքնորոշման իրավունքներից:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4