«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ «Հայացք» ակումբում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդի վերջին շրջանում կատարած պաշտոնական եւ աշխատանքային այցերին Բելառուս, Խորվաթիա, Բուլղարիա, Ռուսաստան:
Խաչիկ Գալստյանը մամուլում տեղ գտած հրապարակումներից նկատել է, որ շատերը նախանձում են ԲՀԿ առաջնորդին, բայց միեւնույն ժամանակ դժվարացավ պատասխանել, թե ինչու են նախանձում իր ղեկավարին: Ուղղակի նշեց, որ Ծառուկյանը իր արտասահմանյան կապերն օգտագործում է ի շահ երկրի, ի շահ ժողովրդի, հայկական արտադրատեսակների համար սպառման շուկաներ է փնտրում, ներդնողների ներգրավում:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե պարոն Ծառուկյանն ունի՞ իր անձնական «իմիջմեյքերը»` հագուստներն ընտրելու հարցում: Գալստյանը պատասխանեց, որ Ծառուկյանն ազատ է իր «անձնական հագուկապի ընտրության հարցում. նա կրում է այն, ինչ ցանկանում է: Ինքն ունի իր նախասիրությունները եւ առաջնորդվում է դրանցով»:
Մամլո խոսնակը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն ունի մի քանի կարգավիճակ, որոնք թույլ են տալիս պաշտոնական եւ աշխատանքային այցելություններ կատարել արտերկիր:
«Արտգործնախարարի հրաժարականի հարցը մեր քաղաքական օրակարգում այս պահին չկա», ասաց Խաչիկ Գալստյանը անդրադառնալով ԼՂՀ-ում կազմակերպված ՀՅԴ խորհրդաժողովի մի շարք մասնակիցներիՙ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջին:
Խ. Գալստյանը նշեց, որ ղարաբաղյան հարցը միակն է, որի կապակցությամբ իշխանական վերնախավում կա լիակատար համաձայնություն:
«Ոչ մի իշխանություն ոչ մի գնով ի վնաս Ղարաբաղի ժողովրդի շահերի որեւիցե համաձայնագիր չի կարող կնքել: Սա մեր ժողովուրդը պետք է հասկանա, վստահի իշխանություններին եւ հանգիստ լինի: Որեւէ մարդ այս երկրում ի վնաս մեր ժողովրդի, մեր ազգային պետական շահերի ԼՂ-ի հարցում որեւիցե զիջում որեւիցե ուժի չի պատրաստվում անել», ասում է Խ. Գալստյանը հավելելով, որ մադրիդյան սկզբունքներն իրենց հայտնի չեն: Բայց ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի մատնանշած այն կետերը, որ Հայաստանը ԼՂ-ի հետ պետք է ցամաքային սահման ունենա, լինեն անվտանգության երաշխիքներ, եւ կարգավիճակի հարցն առաջնային լինի, «Բարգավաճ Հայաստանին» բավարարող սկզբունքներ են:
Խ. Գալստյանի խոսքերով այսօր հասունացել է որպես բանակցային կողմ ԼՂ-ին ներգրավելու անհրաժեշտությունը, եւ հիմնարար սկզբունքներում երկու երկրների նախագահների համաձայնությունից հետո հաջորդ հարցն էլ դա պետք է լինի:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը, ապա, ըստ Խ. Գալստյանի, տրամաբանական է, որ Հայաստանն այս պահին չի ճանաչում. «Մենք պետք է նայենք նախադեպերը: Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը չպետք է լինի ինքնանպատակ: Այլապես մենք կհայտնվենք Թուրքիայի կարգավիճակում, որը միակ երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Դա ինչ է տվել թուրքական դիվանագիտությանը, կարծում եմ, զրո միավոր: Եվ այդ զրո միավորը Հայաստանը չի պատրաստվում ստանալ»:
Ներքաղաքական խնդիրներից. Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու դեպքում ԲՀԿ-ն նրա հետ կհամագործակցի՞, թե՞ կմնա կոալիցիայի կազմում. այս հարցին Գալստյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն վաղուց ապացուցել է, որ ինքնուրույն քաղաքական ուժ է եւ ոչ մի կապ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չունի: Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի մտնել ակտիվ քաղաքականություն, դա իր որոշելիք խնդիրն է: ԲՀԿ-ն վաղուց որդեգրել է ինքնուրույն քաղաքական ուղեծիր եւ մեր որոշում ընդունող կենտրոնը ԲՀԿ քաղխորհուրդն է` նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ»:
Ն. Մ.