«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2009-07-10 | #129, 2009-07-11 | #130, 2009-07-14


ՀՅԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՉՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կազմակերպած երկօրյա խորհրդաժողովի եզրափակումն ընթացավ բուռն քննարկումներով: Պահանջը մեկն էր` ինքնավստահություն, իրատեսություն եւ քաղաքական կամք ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններից: Ամենայն հավանականությամբ դաշնակցականները մտադրվել էին խորհրդաժողովն անցկացնել մինչ մոսկովյան հանդիպումն ու նախագահ Սերժ Սարգսյանին մեսիջ ուղարկել Արցախյան հիմնահարցի վերաբերյալՙ կտրուկ ու ոչ հայանպաստ գործողություններ չկատարել: Սակայն մինչ Ստեփանակերտում աշխարհի 25 երկրից հրավիրված բազմաթիվ ներկայացուցիչներ քննարկում էին երկու կարեւորագույն հարցեր, Իտալիայում նախագահներ Օբաման, Մեդվեդեւն ու Սարկոզին հանդես եկան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված հորդորով` կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ինչեւէ, տեղյակ լինելով «Մեծ ութնյակի» երկրների հայտարարության մասին, խորհրդաժողովի մասնակիցները բաժանվեցին երկու մեծ խմբի` քննարկելու հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հիմնահարցը: Մի քանի ժամ տեւած բուռն քննարկումներից ծնվեց բանաձեւ, որը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների առումով համաժողովականների տեսակետը հետեւյալն է. «Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու եւ սահմանները բացելու Հայաստանի նախաձեռնությունը արդեն իսկ զիջում էր եւ բարի կամքի դրսեւորում Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան համարժեք չի արձագանքել Հայաստանի միակողմանի պատրաստակամությանը: Թուրքիայի ոչ մի առաջնորդ հրապարակավ չի խոսել առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: Թուրքիան շարունակում է նախապայմաններ թելադրել, մեծացնում է իր բացահայտ կանխակալ դերակատարությունը: Իրականում գնում է ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ հաջողությամբ մոլորեցնում միջազգային հանրությանը` օրակարգից դուրս մղելով հայկական հարցը»:

Քննարկելով ապրիլի 22-ի Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարությունները, համաժողովականներն այն բնորոշեցին սխալ եւ անհեռատես քայլ: Այս ամենի համատեքստում ներկայացրին մի շարք դրույթներ. «Բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգմամբ: Անթույլատրելի է ցեղասպանության փաստը պատմաբանների քննարկման նյութ դարձնելու ցանկացած փորձ: Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերագնահատել ու իմաստավորել մեկ տարի առաջ իրենց նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակներն ու դադարեցնել բանակցությունները»:

Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանի առնչությամբ համաժողովն արձանագրեց. «Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ պետք է փոխվի խեղված ձեւաչափը եւ ԼՂՀ-ն հանդես գա որպես բանակցային կողմ: Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել 1991 թ. անկախության եւ 2006 թ. ԼՂՀ սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով: Բանակցությունների նպատակը պետք է լինի առաջնահերթ լուծել ԼՂՀ անկախության ճանաչման եւ անվտանգության ապահովման հարցերը: Փոխզիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա եւ տեղադրվել փաթեթային ամբողջական լուծման համակարգում: Այս համատեքստում, նորացված մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից»: Խորհրդաժողովից հետո կայացած բրիֆինգի ժամանակ դաշնակցական Կարո Արմենյանը նկատեց, որ շարունակելու են ճնշումները հայ իշխանությունների վրա հատկապես «Մեծ ութնյակի» կատարած հայտարարությունից հետո: «Հայաստանի վերջին մեկուկես տարվա արտաքին քաղաքականությունն ու ֆուտբոլային դիվանագիտությունը անընդունելի են, որի հետեւանքով կարծիք է ստեղծվում, որ միակ շահող կողմը Թուրքիան է»:

Մեկ այլ դաշնակցականՙ Լեւոն Մկրտչյանն էլ նկատեց, որ մի քանի օրից տեղի կունենա ԳՄ համագումար, կքննարկվեն ներկա արտաքին իրավիճակը, «Մեծ ութնյակի» հայտարարությունն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի հարցը: «Խորհրդաժողովի ընթացքում հնչեց արտաքին գործերի նախարարի հրաժարականի պահանջը: Այդ հարցը կքննարկվի մի քանի օրից ու հստակ կներկայացնենք մեր դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ: Համանախագահների հայտարարությունը աննախադեպ էր, առաջին անգամ երեք երկրների նախագահներն այսպիսի մակարդակով հայտարարություն կատարեցին: Հայտարարությունն այնքան էլ մտահոգիչ չէ, որքան կոչը: Բանակցային գործընթացի հիմնական հատվածը` Ղարաբաղի անկախության ճանաչման հիմնախնդիրը, վերջին հայտարարության մեջ բացակայում է: Սա հստակ վեկտոր է, որ պահանջում է ուժերի միավորում: Կլինի նաեւ ԼՂՀ համապատասխան արձագանքը, որովհետեւ բանակցային գործընթացում նոր փուլ է նշանավորվում»:

«Մեծ ութնյակի» հայտարարության մասին

Դաշնակցական Վահան Հովհաննիսյանը գովելի է համարում, որ «Մեծ ութնյակի» գագաթաժողովում համանախագահներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնահարցին. փաստորեն մեծ է հարցի կարեւորությունը: «Բայց մեզ համար ընդունելի են փոխզիջումները միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը փոխզիջումների պատրաստակամության մասին հստակ ասի: Փոխզիջումները պետք է լինեն միաժամանակյա եւ չպետք է հիմնվեն ԼՂԻՄ հասկացության վրա: Անցել է 20 տարի եւ ղարաբաղյան ժողովուրդը երկու կարեւոր հանրաքվեներով ամրապնդել է իր ինքնորոշումը: Ոչ մեկին թույլատրված չէ սա անտեսել»: Հովհաննիսյանը «Մեծ ութնյակի» հայտարարած «Ղարաբաղյան հարցը արագ լուծելու մեջ» արտահայտությունում հայկական կողմի շահը չի տեսնում: Նա նկատում է, որ այս հայտարարությունը կապ ունի ոչ միայն Օբամա-Մեդվեդեւ հանդիպման, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետ:

ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն էլ նկատեց, որ վերոնշյալ հայտարարությունը շատ քիչ է տարբերվում տարբեր մակարդակներում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին աջակցող միջազգային կազմակերպությունների նախկինում հնչեցրած հայտարարություններից: Ըստ Մայիլյանի, ուշագրավ փաստ է, որ համանախագահները կոչ են արել ավարտել հակամարտության կարգավորման որոշակի սկզբունքների համաձայնեցումը:

«Հրապարակված հիմնարար սկզբունքների ընդունման եւ իրագործման դեպքում անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ եւ ՀՀ ազգային շահերին: Ակնհայտ է, որ հակառակորդին տարածքների հանձնումը ուժեղ բարոյական հարված կլինի հայ ժողովրդի համար»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4