«Մադրիդյան սկզբունքները» պաշտոնապես քողազերծվել են: Ներկայացնենք Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում առկա այն վեց կետերը, որոնք հայտնի են որպես «Մադրիդյան սկզբունքներ»:
1. Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ` Ադրբեջանի վերահսկողության ներքո.
2. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում, նրա անվտանգության եւ ինքնակառավարման ապահովում.
3. Հայաստանը` Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք.
4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` իրավական պարտադիր հետեւանքով կամարտահայտության միջոցով:
5. Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք.
6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություններ:
Բանակցային գործընթացի հետահայաց դիտարկումը ցույց է տալիս, որ մինչեւ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունը, պաշտոնական Բաքուն, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիեւը, արտգործնախարարը, տարբեր տրամաչափի գործիչներ, խոսում էին «Մադրիդյան սկզբունքների» մասին ու համոզիչ տոնով պնդում էին, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններից դուրս լուծումը ոչ ընդունում են, ոչ էլ առավել եւս բանակցում դրա շուրջ: Սակայն փաստաթղթի հրապարակումը ցույց տվեց, որ մոտ երկու տարի Ադրբեջանը բանակցում էր հենց դրա շուրջ, սակայն երկրի ներսում բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող ձեւակերպումներ է շրջանառում: Պատահական չէ, որ ադրբեջանական կայքերում սկսել են այս առնչությամբ մտահոգություններ հայտնվել: Հավանաբար ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում ու Սպիտակ տան կողմից «Մադրիդյան սկզբունքների» գաղտնազերծումը պայմանավորված էր նաեւ այս հանգամանքով:
Հասկանալի է, որ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը առանձնապես չի էլ բխում մեր շահերից, սակայն մի բան պարզ է, որ, եթե հաշվի չառնենք շեշտադրումները, Հայաստանի ղեկավարության հայտարարությունները այս հարցի շուրջ եւ գաղտնազերծված փաստերը իրար նույնպես չեն հակասում: