«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2009-07-10 | #129, 2009-07-11 | #130, 2009-07-14


ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ` ՆՈՒՅՆ «ՀԱՐԿԻ» ՏԱԿ

Սոցիոլոգիական հարցումներն ինքնին օգտակար են հասարակական տրամադրություններ բացահայտելու տեսանկյունից: Սակայն հայտնի է, որ օբյեկտիվ ուսումնասիրությունների հետ մեկտեղ լինում են նաեւ, այսպես կոչված, պատվիրված «հարցումներ»` նախապես կանխորոշված արդյունքներով: Նման պարագաներում որպես կանոն պատվիրատուի դերում հանդես են գալիս իշխող խավերը, պետությունների բարձրագույն ղեկավարներ եւ այլք, որոնք հասարակական ներգործության այդ միջոցն օգտագործում են սեփական վարկը արհեստականորեն բարձրացնելու կամ հակառակորդ ուժինը գցելու համար:

Նույն երեւույթն է նկատվում նաեւ միջազգային մասշտաբով: World Public Opinion-ը աշխարհի 20 խոշորագույն երկրներում հարցում է անցկացրել «Վստահո՞ւմ եք դուք այս լիդերներին» թեմայով: Ահա միջոցառման արդյունքները.

 Այո տոկոսՈչ տոկոս
Բարաք Օբամա6131
Բան Կի Մուն4035
Անգելա Մերկել4038
Գորդոն Բրաուն3841
Նիկոլա Սարկոզի3645
Հու Ցզինտաո3244
Վլադիմիր Պուտին3450
Մահմուդ Ահմադինեժադ2849

Ինչպես տեսնում եք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից բացի բոլոր մյուսները պետության ղեկավարներ են, որոնց մեջ, սակայն, Ռուսաստանը ներկայացված է Վլադիմիր Պուտինով: Ըստ երեւույթին սա էլ պետք է ընդունել որպես հասարակական կարծիք. Պուտինը ինչպես իր երկրում, այնպես էլ աշխարհում շարունակում է ընկալվել որպես Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական դեմքը` լիդերը:

Վստահության ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ի նախագահ Օբաման: Նորընտիր ղեկավարը նորովի է նայում համաշխարհային անցուդարձին, եւ դա շահեկան է դիտվում հատկապես իր անփառունակ նախորդի` կտսեր Բուշի համեմատ: Վերջինս ուժի վրա հենվող իր բիրտ քաղաքականությամբ դարձել էր մոլորակի ամենամերժելի լիդերներից մեկը:

Հազիվ թե հայերիս առանձնապես հետաքրքրի, թե ինչ չափով են վստահելի կամ անվստահելի եվրոպացի առաջնորդները: Ուստի եկեք մեր ուշադրությունը կենտրոնացնենք վերջին երկուսի` մեր ռազմավարական դաշնակցի եւ մեր մերձավոր հարեւանի վրա: Ստացվում է այնպես, որ Վլադիմիր Պուտինը աշխարհի, կոպիտ ասած, ամենաչսիրված լիդերն է, այն աստիճան, որ իր այդ բացասական վարկանիշով գերազանցում է նույնիսկ Մահմուդ Ահմադինեժադին: Սրան փոքր-ինչ դժվար է հավատալ: Ինչքանո՞վ է օբյեկտիվ, օրինակ, որ գերմանասեր Պուտինը, որը հսկայական ավանդ ունի ռուս-գերմանական բազմակողմ հարաբերությունների մերձեցման գործում, բուն Գերմանիայում վստահության առումով ձեռք է բերել... 72 տոկոս բացասական ցուցանիշ: Առնվազն տարօրինակ է: Արեւմուտքում, անշուշտ, սիրո առարկա չեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ առավել եւս Իրանը, ընդ որում, բավականին տարբեր պատճառներով: Մեծ արդյունավետությամբ անդամահատելով Խորհրդային Միությունը, եւ Ռուսաստանը դարձնելով խրտվիլակ, Արեւմուտքն այնքան պարարտացավ այդ երկրի անբավ բնական հարստությունները վայելելու գիշատիչ մտքից, որ ինքն էլ չնկատեց, թե Վլ. Պուտինը ինչպես կամաց-կամաց ոտքի կանգնեցրեց վիրավոր արջին ու նորեն հաստատեց գերտերության իր հավակնությունները: Եվ այդ ողջ ժամանակահատվածում արեւմտյան ԶԼՄ-ները անզոր կատաղությամբ Ռուսաստանը ներկայացնում էին (եւ շարունակում են ներկայացնել) որպես կիսավայրենի, ագրեսիվ մի երկիր` անընդունակ «դեմոկրատիայի»: Եվ, իհարկե, այդ ամենում «մեղավոր» է ինքըՙ Պուտինը:

Ահմադինեժադին այդ նույն Արեւմուտքում տանել չեն կարողանում, քանզի պարսկական քաղաքակրթությունը զարթոնք է ապրում եւ ձգտելով միջուկային տերության կարգավիճակի, մարտահրավեր է նետում առաջին հերթին ԱՄՆ-ին ու Իսրայելին: Եվ համաշխարհային լրատվամիջոցներում առաջատար դիրքեր ունեցող հրեական գործոնը չէր կարող չկերտել շատ ավելի վայրենի ու անհամեմատ ավելի ագրեսիվ լիդերի կերպարը: Ստացվում է, որ երկուսն էլ վտարյալ են «քաղաքակիրթ» աշխարհի համար եւ արժանի մերժման, այդ թվում նաեւ` ըստ հարցման արդյունքների: Մի քիչ ավել, մի քիչ պակաս` էական չէ:

Հետաքրքրական է, որ այս «իրողությունը» Ռուսաստանում խիստ բարեհաճությամբ, եթե չասենք` չարախնդությամբ ընդունեցին Պուտինին չհամակրող լրատվամիջոցները:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4