Պրոֆեսիոնալ ռինգում Վախթանգ Դարչինյանն իր երկրորդ պարտությունը կրեց
Առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանին չհաջողվեց նվաճել WBA-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին: Հայ բռնցքամարտիկը միավորներով (111-116, 113-114, 113-114) պարտվեց գանացի Ջոզեֆ Ագբեկոյին: Այս անգամ Դարչինյանին չհաջողվեց իրեն հատուկ բռնցքամարտը ցուցադրել եւ դիպուկ հարվածներ տեղալ մրցակցի վրա: Փոխարենը նա մենամարտի ժամանակ վնասեց երկու հոնքերն էլ եւ արյունահոսությունը եւս խանգարեց Վախթանգին մրցակցի նկատմամբ առավելության հասնելու:
Հետաքրքրական է, որ մենամարտի նախօրեին, երբ տեղի ունեցավ բռնցքամարտիկների կշռվելու պաշտոնական արարողությունը, Դարչինյանի քաշը (53,3 կգ) 200 գրամով պակաս էր թեթեւագույն քաշային կարգի համար սահմանվածից: Ագբեկոն կշռում էր 52,8 կգ: Մեկ գիշերվա ընթացքում Դարչինյանը քաշն ավելացրել էր 4,6 կգ-ով եւ մենամարտի օրն արդեն կշռում էր 57,92 կգ: Իսկ Ագբեկոյի քաշը 54,93 կգ էր:
Ամերիկյան Սանրայզ քաղաքում կայացած մենամարտից հետո բռնցքամարտիկներն իրենց կարծիքն են արտահայտել: «Այսօր ռինգում ես այլ մարտավարություն էի ընտրել: Հիմնական շեշտը դրել էի նոկաուտի ենթարկող ուժգին հարվածների վրա: Միեւնույն սխալները թույլ տվեցի եւ պարտվեցի: Իհարկե, սա արդարացում չէ: Այսօր այնքան էլ խելացի չէի գործում: Մրցակիցս գերազանցեց ինձ: Կդիտեմ մենամարտի տեսագրությունը եւ կուղղեմ սխալներս», նշել է Վախթանգ Դարչինյանը:
«Դարչինյանն ինձ հրեց 7-րդ ռաունդում (ի դեպ, մրցավարը նոկդաուն հաշվեց) եւ ողջ մենամարտի ժամանակ նույն կերպ էր վարվում: Նա ռինգում իրեն շատ կոպիտ էր պահում: Այսօր ինձ հարկ եղավ մենամարտել միանգամից երկու մրցակիցներիՙ Դարչինյանի եւ մրցավարի դեմ: Սակայն դա ինձ համար ոչ մի նշանակություն չուներ, թեկուզ 5 հոգի լինեին: Միեւնույն է, հաղթելու էի եւ պահպանելու էի տիտղոսս: Դարչինյանը մինչեւ մենամարտը շատ էր խոսում եւ ինչպես խոստացել էի, ապացուցեցի, որ նա շատախոս է: Ես նախկինի պես աշխարհի չեմպիոնն եմ, այլ ոչ թե շիմպանզե, ինչպես նա էր խոստացել ինձ դարձնել մենամարտից հետո: Ցանկանում եմ դառնալ աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն անկախ քաշային կարգից», նշել է Ջոզեֆ Ագբեկոն:
Նշենք, որ մոտ ժամանակներս Վախթանգ Դարչինյանը պետք է վերջնական որոշում կայացնիՙ պաշտպանելո՞ւ է առաջին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը պարտադիր հավակնորդ Սիմֆիվե Նոնգվայիի հետ մենամարտում, թե հրաժարվելու է չեմպիոնական գոտուց եւ տեղափոխվելու է թեթեւագույն քաշային կարգ: Հիշեցնենք, որ Վախթանգը պրոֆեսիոնալ ռինգում իր 2-րդ պարտությունը կերց: Առաջինում նա պարտվել էր Նոնիտո Դոներինՙ զրկվելով գերթեթեւագույն քաշային կարգի IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ