«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2009-07-11 | #130, 2009-07-14 | #131, 2009-07-15


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼԻՍ

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում երեկ մեկնարկեց ֆիզիկայի լրացուցիչ քննությունը: Նախատեսված 177 դիմորդից քննության էր եկել 137-ը: Քննության ընթացքին հետեւող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերովՙ լրացուցիչ քննությունները հիմնական փուլի միասնական քննությունների նման հաջողությամբ են անցնում: Նախարարը նկատում է, որ անհիմն էին հասարակության մեջ առաջացած մտավախությունները բարձր միավորների մեծաքանակության կամ թեստերի արտահոսքերի վերաբերյալ:

«Լրացուցիչ քննությունների ժամանակ արտահոսք կամ բարձր միավորներ ոչ միայն չենք ունեցել, այլեւ ավելին` տարբեր առարկաներից արձանագրված միջին միավորները շատ ավելի ցածր են, քան հիմնական միասնական քննությունների ժամանակ: Այն զրույցները, որ լրացուցիչ քննություններին մասնակցում են հատուկ մարդիկ, ովքեր ուզում են այլազան ճանապարհներով ինչ-որ տարբերակներով ընդունվել բուհեր, հերքվում են», հավաստեց Աշոտյանը:

Պարզվեց նաեւ, որ լրացուցիչ վերջին քննություններին բացակայությունների մեծ թիվը պայմանավորված այն փաստով, որ նախորդ քննության ժամանակ աշակերտներն անբավարար գնահատական են ստացել ու որոշել չմասնակցել հաջորդ քննություններին: Միասնական քննությունների ողջ ընթացքի դժգոհությունները հիմնականում վերաբերել են մասնավորապես հայոց լեզու, գրականություն առարկայի թեստերի բովանդակությանը: Նախարարը խոստացավ, որ այդ թերություններն էլ կշտկվեն:

Հուլիսի 15-ից հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կսկսվեն կենտրոնացված եւ ներբուհական քննությունները: Այս կերպ քննական գործընթացը թեւակոխում է 3-րդՙ նախավերջին փուլ. բանավոր քննություններ կկազմակերպվեն լեզուներից, կլինեն ստեղծագործական մրցույթ-շարադրություն Ժուռնալիստիկայի ֆակուլտետի համար, ներբուհական քննություններ` արվեստի բուհերում:

Հայտնի է քննական հանձնաժողովի կազմը: «Ընդգրկել ենք լավագույն մասնագետներին, ովքեր կազմակերպչական փորձ ունեն: Լեզուների քննություններին հանձնաժողովներում ներգրավված են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական եւ ԵՊՀ-ի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մասնագետները: Մի շարք հանձնաժողովներում կան նաեւ դպրոցների ուսուցչուհիներ», տեղեկացրեց նախարարը:

Այս տարի ատեստատների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 23-ը: «Դա արվել է հօգուտ դիմորդի, քանի որ դպրոցներում ինչ-ինչ կազմակերպչական խնդիրների պատճառով շատերը չեն հասցրել ներկայացնել ատեստատները: Որոշում է կայացվել երկարաձգել, որպեսզի դիմորդը դրանից չտուժի»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4