ՄՅՈՒՆՀԵՆ, 16 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը չորեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը «Նաբուկո» գազամուղը լուրջ մրցակից չի համարում:
«Մենք չենք գտնում, որ «Նաբուկո»-ն ինչ-որ լուրջ մրցակից է մեր նախագծերի համար, որոնք դուք լավ գիտեք, խոսքը «Հյուսիսային հոսք» եւ «Հարավային հոսք» նախագծերի մասին է»,- ասել է Զուբկովը «Պետերբուրգյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով` «Նաբուկո»-ի վերաբերյալ դիրքորոշումը քանիցս ներկայացրել են թե՛ Ռուսաստանի նախագահը, թե՛ կառավարության ղեկավարը:
Թուրքիայի, Ավստրիայի եւ Հունգարիայի կառավարությունների ղեկավարները եւ Բուլղարիայի եւ Ռումինիայի էներգետիկական ընկերությունների ղեկավարները հուլիսի 13-ին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Նաբուկո» նախագծի վերաբերյալ: