Հետեւում մնացին ավագանու ընտրությունները, որոնք բացահայտելով ու հստակեցնելով որոշ հարցեր, ուրվագծեցին կուսակցական շինարարության բնագավառում քաղաքական ուժերի հետագա անելիքները: Ներկայացնելով քաղաքական հիմնական ուժերի սխալները, խոսենք այդ հարցերի ու անելիքների մասին:
Բայց մինչ այդ ցանկանում ենք մեկ անգամ եւս անդրադառնալ մեր կողմից բազմիցս լուսաբանված մի հարցի: Խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացների (կուսակցաշինարարություն, ընտրարշավներ եւ այլն) ժամանակ «աշխատող» մոդելին, ավելի պարզ` ինչո՞ւ պետք է քաղաքացին անդամակցի (աջակցի) այս կամ այն կուսակցությանը կամ քվեարկի այս կամ այն կուսակցության (թեկնածուի) օգտին: Այս հիմնական հարցին պատասխանելու համար ամենաքիչը անհրաժեշտ է գիտենալ այն շարժառիթները, որոնք խթանում են քաղաքացիներին անդամագրվելու որեւէ կուսակցության կամ քվեարկելու նրա օգտին: Քանի որ անհնար է պատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու շարժառիթը, ուստի պրակտիկայում շարժառիթների վերաբերյալ եղած պատկերացումները սովորաբար պարզեցվում, միջինացվում եւ կլորացվում են. քաղտեխնոլոգիական տերմինաբանությամբ` օգտագործվում է էլեկտորատի մոդել: Որքան տվյալ մոդելը ճիշտ արտահայտի քաղաքականապես ակտիվ քաղաքացիների իրավական վարքը, այնքան ավելի մեծ կլինի այդ մոդելի հիման վրա մշակված ռազմավարության` քաղաքական գործընթացների բովանդակային բաղկացուցչի հաջողությունը: Ներկայացնենք այն մոդելը, որն իր արդյունավետությունը ապացուցել է ԱՊՀ մի քանի երկրներում, նաեւ` Հայաստանում: Համաձայն այս մոդելի, քվեարկության ժամանակ ընտրողների մեծամասնությունը առաջնորդվում է ոչ թե ռացիոնալ շահերով (նկատառումներով), այլ իրենց (ընտրողների) զանգվածային գիտակցության մեջ գերիշխող դարձած ստերեոտիպերով: Ընտրողների տարբեր խմբեր ունեն գերիշխող տարբեր ստերեոտիպեր, որոնց քանակը, ի դեպ, շատ սահմանափակ է: Ներկայացնենք ընտրողների առավել մեծ խմբերի մեջ գերիշխող ստերեոտիպերը. 1) արժեքներ եւ իդեալներ խորհրդանշող ստերեոտիպեր, որոնք հատկանշական են ընտրողների մի խմբի համար ընդունելի կյանքի կերպարին: Վերջիններս քվեարկում են այն ուժի օգտին, ով առավել ճշտությամբ է արտահայտում ընտրողների այս խմբի համար կարեւորության ներկայացնող արժեքները: 2) Գերիշխող ստերեոտիպերի երկրորդ խոշոր խումբը արտահայտում է թեկնածուի (կուսակցության լիդերի) անձնային հատկանիշները, որոնք առավել ճիշտ են համապատասխանում ընտրողների իդեալական ընտրյալի վերաբերյալ ունեցած պատկերացումներին:
Քանի որ ավագանու ընտրություններին մասնակցում էին կուսակցությունները, նպատակահարմար ենք համարում հակիրճ ներկայացնել կուսակցությունների վերաբերյալ մեր` քաղտեխնոլոգիական մոտեցումները: ՀՀ-ում կուսակցաշինարարություն ասելով շատերը գլխավորապես հասկանուն են հնարավորինս շատ մարդկանց կուսակցության շարքերում ընդգրկելը եւ ժամանակ առ ժամանակ համագումարներ անցկացնելը: Իրականում կուսակցաշինարարությունը բավականին բարդ աշխատանք է:
Կուսակցությունը հասարակությանը եւ իշխանությանը միավորող քաղաքացիական հասարակության պատմականորեն ձեւավորված ուրույն ինստիտուտ է: Այն քաղաքացիների կենտրոնացված ու մշակված քաղաքական կամքը փոխակերպում է պետական մարմինների որոշումների եւ գործողությունների: Լինելով քաղաքացիական ինստիտուտ, կուսակցությունները լուծում են 5 հիմնական խնդիր. գաղափարական, քաղաքական, կառավարչական, կադրային եւ էլեկտորալ: Այս կետերից երեւում է, որ միայն էլեկտորալն ունի պարտադիր հրապարակային բնույթ: Բնավ նպատակ չունենալով մանրամասնելու կուսակցաշինարարության ողջ գործընթացը, ներկայացնենք դրա միայն էլեկտորալ մասը: Այսպես անցկացնել արդյունավետ ընտրարշավ նշանակում է համոզել հնարավորինս շատ քաղաքացիների` մասնակցել ընտրություններին եւ քվեարկել տվյալ քաղաքական ուժի օգտին: Իսկ ստեղծել կուսակցություն, որն իր էությամբ նույնպես ընտրարշավ է, նշանակում է անցկացնել յուրահատուկ ընտրարշավ եւ խթանել քաղաքացիներին` միանալու կուսակցությանը: Չնայած նմանություններին, ընտրարշավների անցկացման եւ կուսակցությունների ստեղծման միջեւ կան նաեւ էական տարբերություններ: Միայն նշենք, որ երկու դեպքում էլ աշխատեցվում են քաղաքական գրեթե նույն տեխնոլոգիաները: Թվարկենք դրանցից մի քանիսը. կուսակցության գաղափարախոսության սահմանման (որոշման) տեխնոլոգիաներ, քաղաքական արշավների եւ նախագծերի իրականացման տեխնոլոգիաներ եւ այլն: Վերոնշյալից առանձնացնենք ամենակարեւորը` կուսակցության գաղափարախոսության հարցը: Բազմիցս լսել ենք, թե ինչպես է ՀՀ քաղաքական դաշտում գործող այս կամ այն կուսակցությունը իրեն անվանում աջ, ձախ, պահպանողական, սոցիալիստ եւ այլն: Գաղափարախոսությունների այս տեսականին դասագրքային է եւ ԱՊՀ (նաեւ` ՀՀ) երկրների քաղաքական գործընթացներում չաշխատող: Գաղափարախոսությունը դիտարկելով կուսակցաշինարարության տեսակետից, նշենք, որ այն ընտրողների զանգվածային գիտակցության ստերեոտիպերին հարաբերակցված` կուսակցությանը բնորոշ (հատուկ) համակարգաստեղծիչ գործոն է, որը խթանում է ակտիվ քաղաքացիներին` միանալու կուսակցությանը եւ քվեարկելու դրա օգտին: Կուսակցաշինարարությունը համեմատելով ընտրարշավի հետ, նշենք, որ գաղափարախոսությունը կուսակցաշինարարության ժամանակ կատարում է այն նույն դերը, ինչ թեկնածուի դրական վառ կերպարը ընտրարշավի ժամանակ, այսինքն` գաղափարախոսությունը պետք է կառչի զանգվածային գիտակցության այս կամ այն գերիշխող ստերեոտիպին, հակառակ դեպքում կստեղծվի ոչ թե կուսակցություն, այլ` վերջինիս իմիտացիա: Կուսակցության գաղափարախոսությունը օբյեկտիվ բնույթ ունի. այն, մինչ կուսակցության ստեղծումը գոյություն ունի զանգվածային գիտակցության ստերեոտիպերի մակարդակով: Եթե կուսակցությունը կարողանա իրական ստերեոտիպը դարձնել գաղափարախոսություն, ապա կուսակցաշինարարության մեկնարկը հաջողվել է: Սակայն չի կարելի լիովին հավասարեցնել գաղափարախոսությունը եւ ընտրարշավի ժամանակ թեկնածուի ձեւավորած դրական կերպարը, քանզի վերջինս խթանում է քաղաքացուն կատարելու մեկանգամյա գործողություն` քվեարկության օրը ձայնը տալ թեկնածուրն, իսկ գաղափարախոսությունը պետք է խթանի քաղաքացուն միանալ կուսակցությանը եւ աշխատել վերջինիս համար: Վերոնշյալից բխում է, որ գաղափարախոսությունը շատ ավելի բարդ կառուցվածք ունի, քան թեկնածուի կերպարը: Կուսակցության գաղափարախոսության բաղկացուցիչներն են. համակարգաստեղծիչ գաղափարը, ուժի հանգամանքը եւ թշնամու կերպարը: Գլխավոր բաղկացուցիչը` միջուկը, համակարգաստեղծիչ գաղափարն է: Սխալվելու դեպքում կուսակցությունը կվերածվի իմիտացիայի, անկախ դրա «արտաքին» հզորությունից:
Կուսակցությունների «քաղտեխնոլոգիական» դասակարգման հիմքում ընկած է գաղափարախոսության միջուկը եւ, ըստ այդմ, կուսակցությունները կարելի է բաժանել 3 խմբի. 1) գաղափարախոսական. այսպիսի կուսակցությունների կողմից կառուցվում է այնպիսի ապագա, որը համապատասխանում է քաղաքացիների կյանքի ընդունելի կերպարի պատկերացումերին: 2) Լիդերային. այս տիպի կուսակցությունների գաղափարախոսության հիմքում ընկած է լիդերի դրական կերպարը: Նմանատիպ կուսակցությունների կողմնակիցների համար գլխավորը ոչ թե այն է, թե ինչպիսի ապագա են իրենց տանում, այլ` ով է առաջնորդում: 3) Բյուրոկրատական կամ «իշխանության կուսակցություն». այս տիպի կուսակցությունների համակարգաստեղծիչ գաղափարը պատերնալիզմն է, այսինքն` դեպի լուսավոր ապագա կարող է առաջնորդել միայն ուժեղ եւ իմաստուն իշխանությունը:
Թերեւս այսքան մանրամասնորեն չներկայացնեինք քաղաքական գործընթացների խնդիրները, եթե ինչպես ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ «կուսակցաշինարարական» գործընթացներում չտեսնեինք ակնառու կոպիտ սխալներ: Վստահ ենք, որ ընթերցողը ընդհանուր պատկերացում կազմելով քաղաքական գործընթացների (կուսակցաշինարարության եւ ընտրարշավների կազմակերպման) մասին, կհասկանա, թե ինչո՞ւ պարտվեց այս կամ այն ուժը եւ ի՞նչ ապագա է սպասում դրան: Այս նպատակով փորձենք դասակարգել ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցություններին:
Գաղափարախոսական կուսակցություն
Բազմիցս ենք լսել, որ ՀՅԴ-ն գաղափարախոսական կուսակցություն է: Իրոք, ՀՀ անկախության սկզբնական շրջանում ընտրողների մի մասը հանձին ՀՅԴ-ի տեսնում էր մի ուժի, ով նպատակ ունի լուծելու Հայ դատը եւ հաստատելու սոցիալական արդարություն (ՀՅԴ-ն իրեն անվանում է սոցիալիստական ուժ). այս երկու հարցերն էլ համապատասխանում էին էլեկտորալ մի խմբի` կյանքի ցանկալի կերպարի վերաբերյալ եղած պատկերացումներին: Գաղափարախոսական կուսակցությունները, ի համեմատ լիդերայինի եւ բյուրոկրատականի, ամենակայունն են, քանզի դրանց համակարգաստեղծիչ գաղափարը հասարակության մի մասի համար միշտ էլ պահանջարկ ունի: Սակայն ՀՅԴ-ի դեպքում այս կանոնը չպահպանվեց. վկան` նախագահական եւ ավագանու ընտրությունների ժամանակ ավելի ու ավելի պակասող քվեները: Իսկ ո՞րն էր պատճառը: Դա միայն ՀՅԴ-ի սխալ կազմակերպած ընտրարշավներով բացատրելը ճիշտ չէ: Պատճառն ավելի խորքային է եւ կարելի բաժանել երկու մասի` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառը, ըստ մեզ, հասարակության սոցիալական կառուցվածքի եւ, ըստ այդմ, քաղաքական կուլտուրայի Մերօրյա հասարակությունը իր բոլոր հատկանիշներով, այդ թվում եւ ազգային արժեքների (ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղի հարց, անկախ պետականություն եւ այլն) նկատմամբ ունեցած վերաբերմունքով որակապես տարբերվում է 1988-1991 թթ. հասարակությունից. եւ, բնականաբար, այս տարբերությունը չէր կարող իր ազդեցությունը չթողնել «հայդատական» էլեկտորալ խմբի չափի վրա:
Ինչ վերաբերում է սուբյեկտիվ մասին, ինչքան էլ ՀՀ քաղաքական եւ լրատվական դաշտում ՀՅԴ-ին անվանեն հայդատական, իրականում ՀՅԴ Հայաստանի կառույցը վերջին 10 տարվա ընթացքում որեւէ գործողություն չի կատարել Հայ դատի խնդիրները լուծելու համար (ՀՅԴ պնդումները, թե 1998 թ. հետո ցեղասպանության հարցը նաեւ իրենց շնորհիվ է ՀՀ պետական քաղաքակության ուղղություն, չի համապատասխանում իրականությանը. տես «Ազգ» թերթի 09.10.08թ. համարը), որով էլ նպաստել է հայդատական էլեկտորատի փոշիացմանը, մեր կարծիքով` վերջնականապես: Այս իսկ պատճառով ՀՀ-ում գործող եւ ստեղծվելիք կուսակցությունները պետք է լուրջ քննարկման հարց դարձնեն, թե արժե՞ Ղարաբաղի եւ ցեղասպանության խնդիրները դարձնել կուսակցության գաղափարախոսության հիմնաքարերից մեկը: Եթե խոսքը վերաբերեր եվրոպական որեւէ երկրի կայուն զարգացող հասարակությանը, ապա կարելի կլիներ պնդել, որ հեղինակազրկված հայդատական (պահանջատիրական) կառույցին կարող է փոխարինել մի նորաստեղծ կառույց, սակայն, քանի որ ՀՀ-ում նաեւ հասարակությունն է արմատապես փոխվել, այդ իսկ պատճառով էլ կուսակցություններին խորհուրդ կտայի լուրջ մոտենալ պահանջատիրական խնդիրներ արծարծելուն:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի` «սոցիալական արդարության» կերպարին, ապա կցանկանայինք նշել, որ վերջին 10 տարվա ընթացքում մաս կազմելով իշխանությանը, ՀՅԴ-ն պատասխանատու է վերջինիս, մեղմ ասած, սոցիալական ոչ արդար քաղաքականության համար: Իսկ սա չվրիպեց սոցիալական արդարության կողմնակից էլեկտորալ մեծ խմբի աչքից: Հնարավո՞ր է, արդյոք, ՀՅԴ-ի առողջացումը. այո, եթե փոխվեն ՀՅԴ հայաստանյան գործիչները (ԳՄ), քանզի կուսակցությանը պարտության տարած գործիչները հոգեբանորեն չեն կարող առողջացնել այդ նույն կառույցը. վերջիններս սովորել են պարտվել ընտրությունների ժամանակ եւ դրա համար պատասխան չտալ, եւ եթե ՀՅԴ-ն դիրքավորվի որպես ընդգծված սոցիալական արդարության ջատագով: Ի դեպ, կերպարանափոխման համար սովորաբար պահանջվում է 10-15 տարի: Հակառակ դեպքում ՀՅԴ-ն կշարունակի մնալ որպես գաղափարախոսությունից զրկված, կարելի է ասել, իմիտացիոն կառույց:
Լիդերային կուսակցություն
Այս տիպի կուսակցությունների գաղափարախոսության գլխավոր բաղկացուցիչը լիդերի դրական կերպարն է. սրանք առաջացել եւ գոյատեւում են շնորհիվ լիդերի դրական կերպարի: Լիդերային կուսակցությունները կարող են դառնալ գաղափարախոսական (այսինքն` ամրակայուն), սակայն դրանք կարող են նաեւ ըստ էության վերանալ, եթե լիդերը կորցնում է իր դրական կերպարը կամ դառնալով կառավարության անդամ` առաջնորդվում է «էլիտային» քաղաքականության կանոններով: Ի դեպ, այս կուսակցությունները ամենաթույլն են ներկուսակցական ժողովրդավարության տեսակետից:
Ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցություններից լիդերայինի խմբին պետք է դասել ՕԵԿ-ին եւ ԲՀԿ-ին (ՀԱԿ-ի մեջ մտնող նմանատիպ կուսակցություններին, օր. ՀԺԿ-ին եւ այլն, չենք դիտարկում, քանզի վերջիններիս համարում ենք տվյալ պարագայում ՀԱԿ-ի բաղկացուցիչ):
ՕԵԿ: Այս կուսակցության լիդերը բավական երկար ժամանակ հանդես էր գալիս (կամ գոնե ցույց էր տալիս) «պայքարողի» կերպարով: Սակայն, 2008-ի մարտի 1-ին, երբ Ա. Բաղդասարյանը դարձավ ԱԽ քարտուղար, նրա կերպարը կտրուկ «կոտրվեց». «պայքարողը» չի կարող դավաճանել իր ընտրողներին եւ միանալ, ինչպես օեկականներն էին հնչեցնում տարբեր ամբիոններից` «թալանչի» իշխանություններին: Ավելին, մարտի 1-ից հետո վերջինս առաջնորդվում է «էլիտային» քաղաքականության կանոններով. «պայքարողը» չի կարող լինել կաբինետային աշխատող: Ապագա ունի՞, արդյոք, Օեկ-ը: Տեսականորեն` այո, եթե ՕԵԿ-ի լիդերը կտրուկ վերադառնա «պայքարողի» կերպարին: Սակայն այս անգամ միայն քննդատական ելույթները չեն բավարարի: Միգուցե պետք լինի անցնել քաղբանտարկյալի ուղիով, ինչը պրակտիկորեն աներեւակայելի է: Ուղղակի նշենք. ՕԵԿ փաստացի չկա եւ դժվար թե այլեւս լինի:
ԲՀԿ: Երբ ստեղծվեց այս կուսակցությունը, քաղաքական դաշտում տարածվեցին այն խոսակցությունները, թե ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ-ն միանալու է ՀՀԿ-ին, քանզի ԲՀԿ-ն, ըստ այդ խոսակցությունների, նպատակ ուներ «հավաքելու» ՀՀԿ-ից դժգոհ էլեկտորատի ձայները: Սակայն, ինչպես ցույց տվեց անցած ժամանակահատվածը, ԲՀԿ ոչ միայն չմիացավ ՀՀԿ-ին, այլեւ` ամրապնդեց իր դիրքերը քաղաքական դաշտում, որի վկայությունն են ավագանու ընտրությունների ժամանակ ստացած իր քվեները: Չնայած ԲՀԿ-ի` ստրատեգիապես սխալ ընտրարշավին, շնորհիվ Գ. Ծառուկյանի ձեւավորած կերպարի` «հրաշագործ» (կերպարի անվանումը կապ չունի վերջինիս բարեգործության հետ) եւ վերջինիս դրական աուրայի, ԲՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը: Վերջինս ՀՀ-ում գործող լիդերային կուսակցություններից տարբերվում է մի շատ կարեւոր գործոնով. կարողացել է ստեղծել քաղաքական մի միֆ (դեռեւս սաղմնավորման փուլում է), որը, ճիշտ աշխատեցնելու դեպքում, էլեկտորատի մեջ կարող է առաջացնել աներկբա հավատ ԲՀԿ հաղթանակի նկատմամբ: Ի դեպ, միֆը կուսակցաշինարարական հզոր խթանիչ է: Այսպիսով, եթե ԲՀԿ-ին հաջողվի այս միֆը դարձնել կուսակցության գաղափարախոսության համակարգաստեղծիչ գաղափար եւ վերջինիս գումարել Գ. Ծառուկյանի կերպարն ու ԲՀԿ ողջ ռեսուրսը, ապա կունենա հաղթական ապագա (չմոռանանք, որ հաջորդ ընտրությունները այդքան էլ հեռու չեն): Եթե ԲՀԿ-ին դա չհաջողվի, կդառնա «ՕԵԿ», իսկ որպեսզի դա տեղի չունենա, աշխատել պետք է սկսել այսօրվանից:
Թեեւ «Ժառանգությունը» ավագանու ընտրություններին թեկնածու չէր առաջադրել, բայց արժե, թեկուզ համառոտ, խոսել նրա մասին: Այս կուսակցությունը տարբերվում է նախորդներից նրանով, որ սրա լիդերը, կարելի է ասել, գրեթե չի երեւում քաղաքական դաշտում. այս կուսակցության միակ «հմայքը» վերջինիս ԱԺ խմբակցությունն է: «Ժառանգությունը» նույնպես ունի միֆ, սակայն, կուսակցության թուլության պատճառով շատ դժվար կլինի այն աշխատեցնել: Ի դեպ, այդ միֆը կարող է իրեն վերցնել նոր ձեւավորվող Արմենական ՌԱԿ-ը:
Բյուրոկրատական կամ «իշխանության կուսակցությունը»
Ելնելով իշխանությունների հրապարակային քաղաքականության շահերից` իշխանությունները ստեղծում են բյուրոկրատական կուսակցություն: Սակայն, իրականում, որպես քաղաքական ուժ իշխանության կուսակցությունը ոչ մի ազդեցություն չունի, քանզի ենթակա է պետական ապարատին: Այս տիպի կուսակցությունների համակարգաստեղծիչ գաղափարը այդ իշխանության հետ նույնականացումն է: Եթե իշխանությունն ունի հեղինակություն, ապա կուսակցությունը` նույնպես եւ հակառակը: Իշխանության կուսակցության գաղափարախոսության սկզբունքային բաղկացուցիչը ուժի գերաճած պարագան է: Այսպիսին էին, օրինակ, «Մեր տունը Ռուսաստանն է» եւ ՀՀՇ (1990-ականների 2-րդ կես) կուսակցությունները. 1-ը չկա դե յուրե, 2-ը` դե ֆակտո: Նման կուսակցությունները, փաստորեն, ներկայացնում են լոկ վարչական ռեսուրս եւ դադարեցնում են իրենց գոյությունը, երբ զրկվում են իշխանությունից: Կարծում ենք բոլորի համար էլ պարզ է, որ այժմ ՀՀ-ում կուսակցության այս խմբին է դասվում ՀՀԿ-ն: Կարելի է ասել, որ չենք սխալվի, եթե նշենք, որ ժամանակի ընթացքում կյանքում իրեն արդարացրած այս չգրված կանոնը ճշմարիտ կլինի նաեւ ՀՀԿ-ի նկատմամբ:
Այսպիսով, ՀՀ քաղաքական դաշտում կուսակցաշինարարական համապատասխան աշխատանքներով հաղթական ապագա կունենա ԲՀԿ-ն եւ թերեւս «Ժառանգությունը»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա քանի որ վերջինս կուսակցություն չէ, այլ դաշինք, ապա նրա մասին` առանձին հրապարակմամբ:
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ