«Հայաստանի եւ Արցախի շուրջն այսօր կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից: Հետզհետե մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային ասպարեզում միասնաբար փորձում են թուլացնել Հայաստանի դիրքերը, նպատակ ունենալով տարածաշրջանն իրենց ազդեցության գոտի դարձնել: Այս իրավիճակում միակ ելքը մեր համախմբվածությունն է, հատվածական շահերից վեր կանգնելը եւ մեր արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելը:
Կրկին արձանագրում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային անվտանգության ռազմավարության եւ ռազմական դոկտրինի հիմնարար դրույթներից: Իբրեւ հետեւանք չի գործնականացվում Հայաստանի Հանրապետության ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցը լինելու առանցքային դրույթը, շարունակում է խոչընդոտվել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, չկա համարժեք պայքար թուրք-ադրբեջանական տանդեմի հետեւողական հակահայկական գործողությունների դեմ, ներքին ու արտաքին քարոզչության մեջ ՀՀ արտգործնախարարության գործունեությունը մնում է խիստ անբավարար:
Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք վերաիմաստավորել եւ վերանայման ենթարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ նոր էջ բացել: Դեռեւս կա այդ հնարավորությունը:
Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային-պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը»:
Երեկ «Ուրբաթ» ակումբում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ինչո՞ւ է Դաշնակցությունը արտաքին քաղաքականությունից դժգոհելով պահանջում ոչ թե դա ղեկավարող Սերժ Սարգսյանի, այլ նրա նշանակած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին Արմեն Ռուստամյանին:
«Նախ, որովհետեւ մենք չենք ուզում խափանել աշխատանքներն ընդհանրապես, այլ մեր նպատակը բխում է իրավիճակի մեջ կտրուկ փոփոխություն մտցնելու անհրաժեշտությունից: Եվ մենք նաեւ սրանով հնարավորություն ենք ուզում տալ նախագահին, որպեսզի նա այդ փոփոխություններն իրականացնի: Նախագահը, այո, դեռ ունի հնարավորություն իրավիճակի մեջ կտրուկ բեկում մտցնելու, եւ ամենակարեւորը, չստորագրելու այն փաստաթուղթը, որն այսօր առաջարկվում է: Մեր խորին համոզմամբ, դա անտեսում է ԼՂ ժողովրդի արդեն իսկ արտահայտված կամքը: Եվ ուստի, այսօր, այս պահին, իրավիճակի մեջ փոփոխություն մտցնելու համար, որպես առաջին քայլ, այն գտնում ենք նպատակահարմար եւ ճիշտ: Բնականաբար մենք հետեւելու ենք, որ այդ փաստաթուղթը չստորագրվի: Եթե, Աստված մի արասցե, ստորագրվեց, ապա մեր հաստատումներն արդեն կփոխեն նաեւ իրենց բնույթը, մեր պայքարը կստանա այլ բնույթ եւ եղանակ», ասում է Արմեն Ռուստամյանը:
Իսկ ի՞նչ են անելու, եթե իրավիճակն այդուհանդերձ չփոխվի, հետաքրքրվեցին լրագրողները:
«Եթե այդ տրամաբանությամբ, բնականաբար ինչ-որ համաձայնագիր ստորագրվի, որեւէ փաստաթուղթ ստորագրվի, մենք միշտ ասել ենք եւ հիմա էլ ասում ենք, դա այն հարցն է, որում Դաշնակցությունը երկփեղկված կամ երկատված վիճակով չի հանդես եկել եւ նման դեպքերում միշտ սկզբունքային դիրքորոշում է հանդես բերել: Բազմիցս ասել ենք, ով էլ լինի օրվա գործող նախագահը, մենք նման քաղաքականությանը դեմ ենք լինելու, եւ դեմ ենք լինելու բոլոր հնարավոր միջոցներով: Բոլոր հնարավոր միջոցները, ես նկատի ունեմ քաղաքակիրթ պայքարի բոլոր միջոցները: Եվ այդ ուղղությամբ մենք արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ սկսել ենք», ասում է Արմեն Ռուստամյանը:
Նա նաեւ նշեց, որ աշխարհում ընթացող գործընթացներում շատ հաճախ հենց անմիջական պատասխանատուների հրաժարականից է սկսվում վերանայման գործընթացը, այդպիսի օրինակներից է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հրաժարականը:
Կուսակցության անհանգստության պատճառը Արմեն Ռուստամյանը բացատրեց նրանով, թե վաղուց չէր եղել նախադեպ, որ 3 համանախագահող երկրների նախագահները միասին հանդես գային: Ռուստամյանը նկատում է, որ միջազգային ասպարեզում ճնշումը շատ մեծ է, իսկ այդ ճնշման տակ այսօր գտնվում է ՀՀ նախագահը: Եվ հասկանալով այդ ճնշման լրջությունը, Դաշնակցությունը չի ուզում, որ նախագահը ձախողվի այդ բանակցություններում. «Ձախողումը լինելու է բոլորիս համար, եւ մենք մեծ դժվարություն ենք ունենալու հետագայում շտկելու այդ իրավիճակը»:
Արմեն Ռուստամյանին հարց տվեցին լրագրողները, թե արդյոք պատրա՞ստ են իրավիճակը փոխելու համար գործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ: Ըստ Ռուստամյանի` այդ հարցը նույնն է, որ հարցնեն, թե երբ Ադրբեջանը պատերազմ սկսի, իրենք նույն խրամատի մեջ կկռվե՞ն կոնգրեսի համակիրների հետ: «Իհարկե, կլինենք նույն խրամատում», ասում է ՀՅԴ ներկայացուցիչը:
Ն. Մ.