Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Միշա Գրիգորյանը 71 տարեկան է: Ամեն օր վաղ առավոտյան արթնանում է, իջնում տնամերձը եւ օրն սկսում հենց այդտեղից: Օրական աշխատում է 8-10 ժամ: Դաշտից տուն է վերադառնում ուշ երեկոյան: Ասում է, որ հողից մշտական ուժ է ստանում, եկամուտ, սակայնՙ ոչ միշտ: Ստացված բերքը գրեթե չի արդարացնում ներդրված ծախսը: «Պարարտանյութը փող է, տրակտորիստին առանձին եմ գումար տալիս, բերքը քաղաք հասցնելն առանձին ծախս է: Դեռ չեմ հաշվում, թե որքան գումար եմ վճարում կողմնակի ծախսերի համար: Վերջում գյուղացուն օգուտ չի մնում», ասաց Միշա Գրիգորյանը: Սրան էլ գումարածՙ վճարում է վերցված վարկի տոկոսները:
Արմավիրի մարզի Գրիբոյեդովո գյուղի բնակիչ, 49-ամյա Աշոտ Մարտիրոսյանը եւս բանկից մեկ տարի ժամկետով վարկ է վերցրել: Ասում է, որ գյուղացին այսօր մատչելի վարկավորման անհրաժեշտություն ունի: «Ես վարկ եմ վերցրել 2,7 տոկոսով: Սա բարձր տոկոսադրույք է, բացի այդ, երկար ժամանակով գյուղացուն վարկ չեն տալիս: Լավ կլիներ, որ վարկը գոնե 5 տարով տրվեր, որովհետեւ, եթե ես ուզում եմ այդ գումարով այգի գցել, բերք կստանամ 3 տարի հետո», ասաց Աշոտ Մարտիրոսյանը: Այս տարվա բերքատվությունից դժգոհ է: Ասում է, որ մի պարկ պարարտանյութի համար 12.000 դրամ է վճարում, որակն էլ գոհացուցիչ չէ: Հետո էլ բերքը հանձնում է վերավաճառողներին: «Եկամուտ մեզ գրեթե չի մնում», ասաց Աշոտ Մարտիրոսյանը:
«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը գյուղատնտեսության զարգացման համար պետության ագրարային ճիշտ քաղաքականության որդեգրում է ակնկալում: «Գյուղերում այսօր ծաղկում է ֆեոդալիզմը», ասաց Սարգիս Սեդրակյանը: Լավատեսության հիմք նա չի տեսնում, ավելի քան 3000 գյուղացիների շրջանում իր ղեկավարած ՀԿ-ի անցկացրած հարցումներն էլ հաստատում են նրա տրամադրությունները: «Նվազե՞լ է գյուղական աղքատությունը» հարցին գյուղացիների միայն 2.8 տոկոսն է դրական պատասխանել: «Գյուղում քանի՞ տոկոս են կազմում աղքատները եւ ծայրահեղ աղքատները» հարցին պատասխանել են` աղքատները` 70.9 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատները` 39.3 տոկոս: Մինչդեռ, պետական պաշտոնական տվյալների համաձայն, աղքատները 23.4 տոկոս են, ծայրահեղ աղքատներըՙ 2.4 տոկոս», ասաց Սարգիս Սեդրակյանը:
Միշա Գրիգորյանը ողջ կյանքում ապրել է Տանձուտ գյուղում: Ասում է, որ գյուղն այսօր դատարկվում է: Երիտասարդները գյուղում չեն մնում: «Ապրելու եւ աշխատելու համար նորմալ պայմաններ չկան», ասաց Միշա Գրիգորյանը:
«Խնդիրները սկսվում են հենց ցանքսի ժամանակաշրջանից: Ցանքսը կատարում ենք եւ հետո սպասում, թե երբ ոռոգման ջուր կտան: Այս տարի դաշտը ջրել եմ ցանքսից մեկ ամիս հետո», ասաց Աշոտ Մարտիրոսյանը:
«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի անցկացրած հարցման համաձայնՙ գյուղացիների 92.3 տոկոսը զգում է պետության աջակցության կարիքը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ