«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2009-07-15 | #132, 2009-07-16 | #133, 2009-07-17


ՊԱՀԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ

Պետհամալսարանի կենտրոնական շենքի կանաչապատ տարածքում մի ծառ, երբ ծաղկում է, մյուսներից շատ տարբեր է, ծաղիկներըՙ նրբագույն, հաջորդաբար փոփոխվում են, ամեն անգամ նոր տեսք ու հրապույր ստանում: Սա կարծես առանձնահատուկ բույս է, նրա մեջ խորհրդավոր ձգողական ուժ կա. անորսալի, թույլ դեղնակարմրաճերմակավուն թրթռացող ծաղկաբույլերը կանաչի ընդհանուր զանգվածին նուրբ, եթերային տրամադրություն են հաղորդում: Երբ հայացքս դիպավ իրեն, դաջվեց, մնաց: Մնաց ոչ միայն իր արվեստային գեղեցկությամբ, ինչպես Բաղրամյան փողոցի ծանոթ նռնենին, այլեւՙ կարոտ առաջացնող տարօրինակ հատկությամբ: Հիմա այդ ծառը շարունակ ինձ դեպի իրեն է քաշում: (Լինում են նաեւ այսպիսի պահերՙ օրերի այս շփոթում):

Համալսարանի կանաչապատ այս հատվածը քաղաքի լավագույն եւ բարեբախտաբար անխաթար մնացած վայրերից է (այստեղ կրպակ, սրճարան եւ նման բաներ չկան), շենքի դիմացից աջ ու ձախ կանաչապատ հատվածներ են, կենտրոնումՙ վարդերով բոլորակված շատրվանն ու ավազանը, հայոց երկու մեծերիՙ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի, աջիցՙ Անանիա Շիրակացու, ձախիցՙ Մ. Խորենացու քանդակները (փույթ չէ, որ դրանք այդքան էլ հաջողված չեն): Ավտոմեքենաների նորակառույց գետնանցիկ ճանապարհը եւ դիմացի Օղակաձեւ զբոսայգին ամբողջացնում են միջավայրը. մեր քաղաքում շատ չեն այդպիսիք:

Այստեղով անցնելիս մի փոքր դանդաղում եմ, հայացքս փաղաքշանքով անցնում է ծառի վրայով, իսկ երբ կողքի նստարանին եսՙ թիկունքից հանգիստ, անդորրաբեր մի զգացում ես ունենում: «Այս ծառը 50 տարեկան է, ծերացել է, հարկավոր է կտրատել, ձեւավորել, իսկ այն մյուսը պետք է վերացնել, պնդերես բույս է, ասֆալտի վրա էլ է աճում, վտանգավոր է, ալերգիկ», զրուցակցին ասում էր մի կին: «Այգեպա՞նը», ժպտացի մտքումս: Գոհար Գեւորգյանն էր, ծանոթացանք, պետհամալսարանի կանաչապատման բաժնի պետը: Ասացի, որ այստեղի կանաչը ոչ միայն լավ խնամված է, նաեւ մի տեսակ ջերմություն, ձգողականություն ունի: Պատասխանեց, թե ամենօրյա խնամք ու գուրգուրանք են ստանում դրանք, որ ինքն ապրում է ամեն ծառ ու թփի, ծաղկի ճակատագրով, նրանց պատմությամբ: «Ոտքը վնասել էր, մի քանի օր չէր գալիս աշխատանքի, ծառ ու ծաղիկն ասես խռովել էին, ուշադրությունից զրկվել», ասաց կողքից մի աշխատակից: Ոտքը դեռ չապաքինված եկել, ուշադիր զննում է կանաչ ամեն անկյուն, ամեն թուփ, եկել է, որովհետեւ այս ծառ ու ծաղիկը իր կարիքը շատ ունեն ու կարոտում են:

Միջավայրի գեղեցկությունը բարեխիղճ աշխատանքից բացի բնության արժեքը հասկացող ու գնահատող, բույսի ու ծառի աշխարհը ճանաչող, ինչպես դրա օգտակարությունը նաեւ գեղագիտությունը զգացողի վերաբերմունք է: Իր կյանքի 51 տարին Գոհար Գեւորգյանը կանաչապատման հարդարանքին, մշակույթին է նվիրելՙ աշխատել սկսելով դեռ ուսանողական տարիներից, երբ սովորում էր գյուղատնտեսական ինստիտուտի այգեգինեգործական ֆակուլտետում: Օղակաձեւ զբոսայգու, Չարենցի հուշարձանի հատվածի կանաչապատող, ձեւավորողն է եղել. «Փողոցի շինարարության ժամանակ ջրհան պոմպը քանդեցին, հիմա չորանում են արծաթափայլ բարդիները»: Տխրում է. «Քաղաքը օրեցօր զրկվում է կանաչ շնչառությունից, ծառերը ձեւավորելու անվան տակ վերացնում, տեղը սրճարաններ են կառուցում»:

Համալսարանի իր բարդիներից, որոնք սերմ չեն տալիս, մյուսների պես չեն տարածում սերմը, շնչառության համար էլ վտանգավոր չեն, իր լացող ուռենիներից է պատմում: «Համալսարանի այս պուրակը յուրահատուկ հանգստություն, աչք շոյող գեղեցկություն ունի», ասում եմ: Ինքը ժպտում է. «Այստեղ այնպիսի ծառ ու ծաղիկ, թփեր եմ աճեցնում, որ հերթականությամբ ծաղկեն: Ահա ֆորզեցիան, երբ արդեն դադարում է ծաղկել, դիմացի սպիրեավանգուտան սպիտակ ծաղիկներ է տալիս»:

«Իսկ այն մեկը, այս խորհրդավոր հրա՞շքը», հարցնում եմ: «Սա սկումբրիան է, դրախտածառը»: Լռում եմ: «Այնտեղ հիմալայան մայրին է, քաղաքում դրանցից երկուսն են, մեկըՙ Անգլիական (նախկինՙ 26 կոմիսարների) այգում: Տնկարանից շատ վաղուց ենք բերել, այն ժամանակ հնարավոր չէր այդ հազվագյուտ տեսակներից շատ ունենալ: Սրանցից հետո սիրիական վարդն է ծաղկում: Ահա եւ մետասկվոյանՙ բարձր ու ձիգ, եւս հազվագյուտ տեսակ եղեւնու տերեւներով, այնտեղ ունենք ձիակասկՙ Կիեւից բերված: Երբ ծաղկում է, ոնց որ նորահարս լինի, սպիտակ ծաղիկը խաղողի ողկույզի նման է, բայց վեր բարձրացող», խոսում է այնպիսի գորովով, ինչպես սեփական զավակների մասին կխոսեր...

Հայացքսՙ շուրջս տարածված կանաչին, սաղարթներում թաքնված լռությանը:

... Դրախտածառ, հեքիաթային, մշուշվող, փախչող դու գեղեցկություն. ասես իմպրեսիոնիստական գեղանկար, հեռավոր ո՞ր երկրից, տեսնես, ո՞ր ժամանակից ես եկել...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4