Զարմանալի է, մեր անցածից դեռ տասնապատիկ շատ ճանապարհ ունենք անցնելու, բայց տպավորությունն այնպիսին է, թե արդեն մոտենում ենք վերջնագծին: Կարծես թե ես կռահում եմ այդ տարօրինակ զգացողության գաղտնիքը: Դա Ատլանտյան օվկիանոսի հեղինակությունն է. անցյալում այն համարվել է յուրօրինակ Կոլիզեում, ուր գլադիատորները ելնում էին մահացու մենամարտի, ողջունելով Նեպտունին:
Մենք բնավ գլադիատորներ չենք, այլՙ մեր նախնիների հետքերով օվկիանոսը հաղթահարող նավագնացներ: Պատմական հիշողության զարգացումը մեծ զգացում է: Իսկ բուն շուրջերկրյա ճանապարհորդությունը ներառում է ոչ միայն գիտարշավային, այլեւ զուտ մարզական կողմեր:
Այս կապակցությամբ անկարելի է չասել, որ Ատլանտյան օվկիանոսը հատելու առաջին փորձերը կրել են զուտ մարզական, ռոմանտիկ բնույթ (սպորտը նաեւ ռոմանտիկա է): Եվ կարծում եմՙ տրամաբանական կլինի, եթե այսօր վերհիշենք այն առաջիններին, ում սիրում են Աստված եւ նորին մեծություն Պատմությունը:
Խոսքը, կրկնում եմ, ոչ թե մեծ ծովագնացների ու նավագնացների մասին է, այլ առագաստանավային սպորտի նախակարապետների մասին: Պետք է հիշել, որ պատմությունը հենվում է միայն փաստերի վրա, մանավանդ երբ խոսքը Առաջինին բացահայտելու մասին է: Մարզիկ կարելի է համարել հոլանդացի վիրաբույժ Հենրի դե Վոգգին, որը 1601 թ. ապրիլի 19-ին կառավարությունից գրավոր թույլտվություն ստացավ նավարկելու Ֆիլսսինգենից (Հոլանդիա) մինչեւ Լոնդոն: Աշխարհի առաջին առագաստանավորդ-մարզիկ-ճանապարհորդն իր խնդրագրում պաշտոնյաներին բացատրել էր, որ «առագաստի ներքո կնավարկի միանգամայն ինքնուրույն, հույսը դնելով միայն նախախնամության վա»: Պատմագրության բոլոր կանոնների համաձայն, հոլանդացի բժիշկը «հանուն հաճույքի» (սպորտը նաեւ հաճույք է) նավարկության դուրս եկած առաջին առագաստանավորդն էր, եւ նրա մասին բավական շատ է գրվել: Առագաստանավային սպորտի նավագնացի ցուցանիշը այն ժամանակվա համար տպավորիչ էրՙ 130 մղոն Հյուսիսային ծովով եւ Լա Մանշով: Ըստ որում համարվում էր, որ 100 մղոնը նա անցել է բաց ծովով:
Մարզական առագաստանավերը սկսեցին կոչվել զբոսանավեր: Բայց առագաստանավորդների մեծ երազանքը մնում էր Ատլանտյան օվկիանոսի հատումը: Պատմաբանները երկար որոնել են օվկիանոսը միայնակ հատած մարդու անունը: Արդեն այն ժամանակ մարդիկ գիտեին, որ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում գերակշռում են արեւելյան քամիներն ու ջրային հոսանքները: Եվ օվկիանոսը հյուսիսում հատած առաջին մարդը ձկնորս Ալֆրեդ Ենսենն էր: ԱՄՆ-ի անկախության 100-ամյակի տարումՙ 1976-ին այդ հայրենասեր մարդը առագաստանավի վերածած ձկնորսանավով հատեց օվկիանոսը հունիս-օգոստոս ամիսներին:
Ենսենից առաջ գուցե ուրիշներն էլ այդ ձեւով հատած լինեին օվկիանոսը, բայց վավերականորեն նա է առաջինը, մանավանդ որ իր առագաստանավն անվանել էր «Սենթեննիել» («Հարյուրամյակ»): Դրանից հետո առագաստանավային սպորտը բուռն վերելք ապրեց: Նույնիսկ գիտական արշավախմբերը սկսեցին օգտագործել արագընթաց առագաստային զբոսանավեր:
Մեր «Արմենիան» իր պարամետրերով իդեալապես հարմար է թե՛ գիտարշավային խնդիրների լուծման եւ թե՛ մարզական նավարկության համար:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ