2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Ըստ Panorama.am-ի, այս տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարըՙ նշելով, որ նախաքննության օրինականության հսկողություն իրականացնող Կ. Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնինՙ քրեական գործ հարուցել «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբՙ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):
Նույն աղբյուրի հավաստմամբ, մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուղարկած նյութերի հիման վրա:
Հանձնաժողովից ստացվել են տեսագրություններ 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Ստացված տեսագրություններում կան կադրեր, թե ինչպես են վահաններով եւ մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները վազում քաղաքացիական հագուստով անձանց հետեւից եւ մահակներով հարվածում անհայտ քաղաքացուն: Նկատի ունենալով, որ նշված կադրերում առկա են ոստիկանների պաշտոնական լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողություններՙ Կ. Փիլոյանը հանձնարարել է հարուցել քրեական գործ եւ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու:
Ն. Մ.