Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում երեկ մեկնարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի 6-րդ հանդիպումը: Հայտնի է, որ Ղարաբաղի հարցով բանակցությունների մոսկովյան փուլը երկու օր է տեւելու: Երեկ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը, շաբաթ օրը նախատեսված է հանդիպումների եռակողմ ձեւաչափը: Սարգսյանին եւ Ալիեւին կմիանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հիշեցնենք, որ այս բանակցությունների նախօրյակին իտալական Ակվիլա քաղաքում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել` հակամարտող կողմերին հորդորելով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իրենց հայտարարությունում նաեւ հրապարակեցին ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները (մադրիդյան սկզբունքներ): Փորձագետները, սակայն, համոզված են, որ մոսկովյան բանակցությունների արդյունքում փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ կողմերի դիրքորոշումները շարունակում են կոշտ մնալ: Կա նաեւ կարծիք, որ այնուամենայնիվ կարող է լուրջ առաջընթաց արձանագրվել, քանի որ հենց այս բանակցությունների նախօրեին են պաշտոնապես հրապարակվել մադրիդյան սկզբունքները, եւ խախտվել է բանակցությունների գաղտնիության սկզբունքը: Սպասվում է, որ մոսկովյան հանդիպումների ժամանակ հայկական կողմը կբարձրացնի բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտության հարցը:
Սարգսյան-Ալիեւ երեկվա հանդիպմանը չհետեւեց որեւէ ասուլիս, չեղան նաեւ հայտարարություններ: Այսուհանդերձ «Պրեզիդենտ-հոթելում» գտնվող լրագրողների աչքից չվրիպեց Ալիեւի մռայլ, իսկ Սարգսյանի դեմքի նորմալ արտահայտությունը: