Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը, որի ընթացքում նրանք վերստին բանակցություններ վարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջը: Այսօր նախատեսվում է, որ նրանց կմիանա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումը կվերածվի եռակողմի:
Հոդվածը պատրաստելու պահին Սարգսյան-Ալիեւ հանդիպումը դեռեւս ավարտված չէր: Պարզապես ասենք, որ սա վերջին մեկ տարում նրանց վեցերորդ հանդիպումն է, երրորդըՙ անցկացված Ռուսաստանում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտին, ինչպես հայտարարվել էր նախապես, մամուլի համատեղ ասուլիս չի նախատեսվում: Ըստ երեւույթին ասուլիսը կհրավիրվի ՌԴ նախագահի մասնակցությամբ կազմակերպվող եռակողմ հանդիպումից հետո:
Սերժ Սարգսյանի եւ Ալիեւի մոսկովյան վերջին հանդիպմանը նախորդել էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հուլիսի 10-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մադրիդյան հիմնավոր սկզբունքներով կարգավորելու կոչ էին անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին:
Այս հայտարարությունից հետո Անգլիա այցելած Ալիեւը հուլիսի 13-ին Լոնդոնում ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, վերստին հոխորտացել էր Հայաստանի վրա եւ վերջինի հետ նախազգուշացրել էր նաեւ միջազգային կազմակերպություններին ու մեծ տերություններին, թե Ադրբեջանի հողերում հայկական օկուպացիան վերացնելու համար օրակարգում է պահում պատերազմը վերսկսելու հարցը:
Այդ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ի պատասխան շահարկումների, անհնար էր համարել Մոսկվայում երկու նախագահների հանդիպմանը շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ընդգծելով, որ դա երկարատեւ գործընթաց է եւ դեռ երկար ժամանակ է պահանջում: Բրայզայի հայտարարությունը դեռեւս Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ հստակ պատկերացում էր տալիս դրա հնարավոր արդյունքների մասին, եւ կասկած չէր հարուցում, որ դա հանգեցնելու է կողմերի բարի կամքի հերթական դրսեւորմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Ինչ վերաբերում է Իլհամի լոնդոնյան ելույթին, ապա նա նախազգուշացնելովՙ շանտաժի էր ենթարկել միջազգային ուժերին, ռազմատենչ հայտարարություններով ցույց էր տվել, որ ինքն անկաշկանդ կարող է հակադրվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կոչին, իսկ հոխորտանքներով ՀՀ նախագահի մոսկովյան հերթական հանդիպումից առաջ հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձեր էր կատարել, որպեսզի վերջինի նկատմամբ դիրքեր ամրապնդի բանակցություններում:
Թուրքական հանրային հեռուստատեսությունն էլ հայկական կողմին փաստի առջեւ կանգնեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին ապակողմնորոշելու նկրտումներով փորձում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրյակին միջազգային հնչեղություն հաղորդել Անկարայի ցանկատեսությանը, որ լրացնի Իլհամին:
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ այս հեռուստատեսության կայքէջում հուլիսի 16-ին «Ղարաբաղյան գագաթաժողով Մոսկվայում» վերնագրով հրապարակված նյութին, որտեղ մասնավորապես գրված է. «Ադրբեջանի նախագահ Ալիեւի վկայությամբ, գրավյալ տարածքների ազատման հարցում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի հետ: Հենց որ ստորագրվի հաշտության պայմանագիրը, ապա հայերը կազատեն օկուպացված Զանգելանը, Ղուբաթլուն, Ֆիզուլին, Ջեբրայիլն ու Աղդամը: Իսկ Ղարաբաղի եւ Հայաստանի արանքում գտնվող Լաչինի ու Քելբաջարի ազատումը նախատեսվում է 5 տարում: Փախստականները կվերադառնան բնակության վայրերը: Հայկական կողմի թերեւս ամենամեծ մտավախությունն այն է, որ փախստականների վերադարձի դեպքում Ղարաբաղը կմեկուսացվի Հայաստանից: Սակայն Ադրբեջանը հայերի մտավախությունների վերացմանն ուղղված նոր բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնել: Ահա կողմերն այսպիսի իրավիճակում են հանդիպելու Մոսկվայում»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ