Մեկնաբանում է ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանը
Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնեցված կետերի կողքին կան չհամաձայնեցված սկզբունքներ, որոնք եւս քննարկման առարկա են, «Դե ֆակտո» ակումբում երեկ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը ` նշելով, որ այդ չհամաձայնեցված սկզբունքների մասին ինքը գիտի եւ տեղյակ է, բայց թե որ աղբյուրից, պատգամավորն այդպես էլ չպարզաբանեց:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության շուրջը 2007 թվականի փետրվարին կայացած կուսակցության երկրորդ համագումարին հնչած դիրքորոշումները չեն փոխվել: Ըստ այդմ, ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի մաս, Արցախը պետք է ընդհանուր սահման ունենա Հայաստանի հետ, պետք է ապահովված լինեն ԼՂՀ-ի հայ ժողովրդի անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքը: «Բանակցությունների նպատակը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Եթե այս հարցում առաջընթաց կա, ապա մնացած հարցերում կարելի է զիջումներ անել», ասաց Աժ պատգամավորը:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության դրական կողմն ինքնորոշման իրավունքի բարձրաձայնումն էր: «Առաջին անգամ էր նման բարձր մակարդակի հայտարարություն արվում: Բանակցությունները կարելի է շարունակել: Կարծում եմ, որ հայկական կողմի խնդիրը հուլիսի 17-ի հանդիպմանը պետք է լինի իր նվիրվածության արտահայտումը բանակցությունների գործընթացին եւ կառուցողական դիրքորոշման արտահայտումը: Մենք ակնկալում ենք, որ կշարունակվեն բանակցությունները չհամաձայնեցված սկզբունքների շուրջը» ասաց Արամ Սաֆարյանը:
Ադրբեջանի նախագահի եւ տարբեր պաշտոնյաների մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, պատգամավորի կարծիքով, նպատակ ունեն հոգեբանորեն ծնկի բերել Հայաստանին եւ բանակցությունների փուլը վերադարձնել 1988-1991 թվականների իրավիճակին: «Սա նշանակում է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ կոմպրոմիսային լուծման», համոզված է Արամ Սաֆարյանը:
Քարոզչական պատերազմը, պատգամավորի կարծիքով, հայկական կողմը տանուլ է տալիս: «Քարոզչական պատերազմը յուրաքանչյուրիս խնդիրն է», նկատեց նա:
ԲՀԿ-ն ՀՀ նախագահի հրաժարականը չի պահանջելու: «Այս փուլում նախագահի հրաժարականի մասին որեւէ խոսք չի կարող լինել», ասաց Արամ Սաֆարյանը:
Վերադասավորումների հնարավորություն քաղաքական դաշտում պատգամավորը չի բացառում` կախված ղարաբաղյան խնդրի զարգացումներից:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ