Հունիսի 18-ին ՀԲԸՄ-Ասպետները Կալիֆոռնիայի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում կազմակերպել էին հերթական «Երեկո գիտնականների հետ» հանդիպումը, որին մասնակցել են Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գեւորգ Բարդագչյանն ու Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը: Թուրք գիտնականի զեկույցը վերնագրված էրՙ «Մենք ներողություն ենք խնդրում մեր հայ քույրերից եւ եղբայրներից»: Աքթարն այն թուրք մտավորականներից է, որ գիտական ստեղծագործական կյանքի հիմնական հատվածն անցկացրել է Եվրոպայում: Հեղինակ է վեց գրքի ու բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են Թուրքիայում եւ Ֆրանսիայում:
Հայ ու թուրք գիտնականների հանդիպման նպատակն էր կարծիք արտահայտել «Ներողություն ենք խնդրում» շարժման եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Թուրք գիտնականի ելույթը հիմնականում նվիրված էր վերոնշյալ շարժման ձեւավորմանը: «Մի շարք թուրք մտավորականներ չեն կարողանում անտեսել ցեղասպանության փաստը, խիղճն է տանջում: Մանավանդ Հրանտ Դինքի սպանությունից հետո հասկացանք, որ հնարավոր չէ անտարբեր մնալ եւ անհրաժեշտ են փոփոխություններ: Համախոհների խումբ ստեղծվեց, կազմեցինք «Ներողություն ենք խնդրում» շարժման տեքստը, որը տեղադրվեց ինտերնետում, եւ մեծ աղմուկ հանեց: Շուրջ երեսուն հազար անձինք իրենց ստորագրություններով միացան մեզ»:
Գեւորգ Բարդագչյանի թեման վերնագրված էրՙ «Հուսատու նշաններ, անհուսադրիչ հեռանկարներ. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փշոտ ուղիների ընդհանուր ուրվագիծը»:
Գեւորգ Բարդագչյանն իր կրթությունը ստացել է նախ Հայաստանում, ապա Օքսֆորդի համալսարանում: Հայ գրականությանը, պատմությանը եւ մշակույթին նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: Երկար տարիներ վարել եւ դասախոսում է Միչիգանի համալսարանի հայ գրականության ամբիոնում: Անդրադառնալով «Ներողություն ենք խնդրում» շարժմանըՙ հայ գիտնականը կարծիք է հայտնել, որ թեեւ ողջունելի է, այնուամենայնիվ անվնաս ու անորոշ կարգավիճակի փաստաթուղթ է, միաժամանակ հույս հայտնելով, որ ապագայում թուրք հասարակությունը կկարողանա առաջ քաշել առավել հիմնավոր հարցեր: Բարդագչյանը պատմական ակնարկ է կատարել, որ թեպետ թուրք կառավարությունը ժխտել ու ժխտում է ցեղասպանության փաստը, սակայն այդ ամենին զուգահեռ հաճախ եղել են անհատներ եւ մտավորականներ, որոնք ճանաչել են երիտթուրքերիՙ հայերի բնաջնջման ծրագրերը: «Ներողություն եմ խնդրում» շարժումն էլ ասվածի վերջին արտահայտություններից է», նկատել է Բարդագչյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ փուլին, Բարդագչյանը նկատել է, որ թուրքական արտաքին քաղաքականությունը բացահայտորեն խուսափում է հիմնարար եւ մշտատեւ լուծումներ որոնելուց, փոխարենը հետամուտ լինելով խիստ սահմանափակ, ժամանակավոր միջոցների, որոնք, ցավոք, ո՛չ բարի կամեցողություն են արտահայտում, ո՛չ էլ վստահություն ներշնչում: Այս բոլորը դրսեւորվում է Թուրքիայի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության ուղեգծերում: Թուրքիայի հայ քաղաքացիները լիիրավ եւ հավասարազոր իրավունքներ չունեն, բռնագրավված են հայ եկեղեցու կալվածքները, ճնշումներ ու սահմանափակումներ կան հայկական դպրոցներում, դասագրքերում խեղաթյուրվում է պատմությունը, որտեղից ընդմիշտ արտաքսվել են հայն ու իր մշակույթը, թուրք ուսանողությանը եւ աշակերտությանը ներարկվում է ատելություն հայերի նկատմամբ (որի ամենավերջին օրինակն է «Սարը գելին» ֆիլմի պարտադիր ցուցադրությունը դպրոցներում), յուրացվում են հայ մշակույթի կոթողները (Աղթամար), թրքացվում են տեղանունները եւ ամեն ինչ արվում է հայի եւ նրա մշակույթի պատմական գոյության հետքերն անգամ ի սպառ վերացնելու համար: Եվ այս բոլորը առկա էր կամ տեղի էր ունենում հայ-թուրքական բանակցություններին զուգահեռ:
«Ինչ վերաբերում է արտաքին ոլորտին, ապա դրա ամենավառ ապացույցը հայ-թուրքական բանակցությունների արդյունք ապրիլի 22-ի հայտարարությունն է: Կողմերն իբր բանակցելու էին առանց նախապայմանների, բայց Թուրքիան կարողացավ սահմանը բացելու սովորական, նորմալ հարցն անգամ վերածել նախապայմանի, Հայաստանը գնաց աններելի զիջումների, եւ Թուրքիա-Ադրբեջան ֆարս-ներկայացումից հետո Հայաստանի ձեռքին չմնաց ո՛չ մի լծակ, ո՛չ մի խաղաթուղթ»:
«Ազգի» հետ զրույցում Բարդագչյանն ավելացրեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման վստահելի եւ ամենահուսալի կռվան-մեկնակետը կլինի Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունից վերոնշյալ դիրքորոշումների վերացումը: Ըստ Բարդագչյանի, ապրիլի 22-ի հայտարարությունն այժմ «մեռյալ տառ» է: Նա հույս հայտնեց որ բանակցությունները վերսկսելու դեպքում Հայաստանը կվերանայի իր դիրքերը եւ հանդես կգա հստակորեն ձեւավորված ու նպատակասլաց քաղաքական նախաձեռնություններով:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նկար 1. Գեւորգ Բարդագչյան
Նկար 2. Ջենգիզ Աքթար