Իսկ Արապյանի «չկայացած պաշտպանյալ» Վահագն Չախալյանը պատրաստվում է հունիսի 22-ի վերաքննիչ բողոքի քննարկմանը
Ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատական գործում ներգրավվելու այդպես էլ հնարավորություն չունեցած ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանն իր ժամանակին բողոքարկեց Վրաստանի արդարադատության որոշումը` դատավարությանն իր մասնակցությունը արգելելու առնչությամբ:
Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում երեկ տեղի է ունեցել Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանին որպես Չախալյանի փաստաբան չգրանցելու Վրաստանի արդարադատության նախարարության որոշման բողոքարկման նիստը: Անարդյունք մի քանի նիստից հետո երեկ դատարանն ընդունել է հենց այն որոշումը, ինչն ակնկալելի էր, քանի որ միայն վերջերս վրացական խորհրդարանը, արտահերթ նիստում, փոփոխություն կատարեց գործող օրենսդրության մեջ` արգելելով օտարերկրացի փաստաբանների մասնակցությունը Վրաստանում ընթացող դատավարություններին:
Արապյանը, «Ազգի» տեղեկություններով, պատրաստվում է բողոքարկել այս որոշումը, նաեւ դիմել Վրաստանի հանրային իրավունքների պաշտպանին` օմբուդսմենին, նման օրենսդրական դրույթի հակասահմանադրականության շեշտադրմամբ:
Եվ մինչ մեկ անգամ արդեն մերժվեց Պատրիկ Արապյանի` Չախալյաններին պաշտպանելու դիրքերից հանդես գալու հայտը, թերեւս հունիսի 22-ին էլ կհստակեցվի, թե ինչ դերակատարում կարող է այսուհետեւ ստանձնել Չախալյանների հայաստանցի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Վահագն Չախալյանի դատական գործը 2009-ի մայիսին ուղարկվել էր Թբիլիսիի վերաքննիչ դատարան: Հուլիսի 22-ին վերաքննիչ դատարանը կլսի Չախալյանի բողոքը, եթե, իհարկե, վրացական իշխանությունները չշարունակեն հետաձգումների միջոցով դատական քաշքշուկներն անտանելի դարձնելու իրենց պրակտիկան: Ամեն դեպքում, Ստեփան Ոսկանյանն արդեն տեսակցել է Վահագն Չախալյանին Թբիլիսիի բանտում, տեղեկանալով, որ նա իրեն լավ է զգում եւ պատրաստվում է առաջիկա դատական նիստին:
Վահագն Չախալյանի գործով երկու նոր միջնորդություն է ներկայացվել վերաքննիչ դատարան: Դրանցից մեկով միջնորդվում է դատարան հրավիրել Չախալյանների դեմ ցուցմունք տված Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին եւ նրա որդուն: Եվս մեկ միջնորդություն վերաբերում է Չախալյանների դեմ ներկայացված մեղադրանքներից մեկին` զենքի ապօրինի պահպանմանը: Միջնորդվում է ի վերջո անցկացնել զենքերի դատահետքաբանական փորձաքննություն, ինչը ցայսօր չի արվել:
Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա ապրիլի 7-ին Ախալքալաքի քրեական գործերով առաջին ատյանի դատարանը վճռեց տասը տարվա ազատազրկման դատապարտել Վահագն Չախալյանին, նրա հորը եւ եղբորը տուգանելով մոտ 5000 դոլար:
Չախալյանների շահերը պաշտպանում է նաեւ վրացական «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության անդամ, փաստաբան Նինո Անդրիաշվիլին:
Ա. Հ.