«Ազգին» են դիմել Խարբերդի 1-ին եւ հարակից փողոցների բնակիչները` պատմելով, որ արդեն բավական ժամանակ զրկված են խմելու ջրից, ջուրը դույլերով կրում են` ով որտեղից կարող է, եւ իրենք չգիտեն` ամառվա ընթացքում ե՞րբ ջուր կունենան: «Ազգը» հարցը վերահասցեագրեց «Երեւան ջուր» ՓԲԸ-ի «Արեւելք» տարածքային շահագործման տնօրեն, «Գյուղեր» տեղամասի պետ Սամվել Մելքոնյանին: Ըստ նրա` Խարբերդի այդ հատվածում ջրամբարը ջուր լցվելու դեպքում է միայն, որ այս հատվածի բնակիչները ջուր են ունենում: Ջրամբարը բավականին պետք է լցվի, դիրքային տարբերություն կա այնտեղ` ամբողջ Խարբերդը պետք է լավ ջուր ունենա, որ իրենք էլ ջուր ունենան: Սա միայն ամռանն է, ստորեւ կպատմենք, թե ինչու, իսկ ձմեռ, աշուն ժամանակ Խարբերդի ջրամատակարարումից, ըստ Ս. Մելքոնյանի, ոչ մեկը չի տրտնջացել. «Հիմա գրաֆիկով մի կարճ ժամանակով ունենում են, երկու օր առաջ եմ ստուգել այդ հատվածը, երեկ գիշերը մարդ եմ ուղարկել, էդ տարածքում ուսումնասիրել են ջրատարը, տեսել եմ, որ նորից ջրատարը բաց էր` գիշերը փակել ենք: Ջրամբարի չլցվելու պատճառն, այդպիսով, ոռոգման համակարգն է, խմելու ջրագծից այգի են ոռոգում»: Սակայն բնակիչները շարունակում են հավաստիացնել, որ իրենք ոչ թե վատ գրաֆիկից տուժածներ են, այլ շատ երկար ժամանակ ջուր չեն տեսել: Ս. Մկրտչյանը խոստացավ կրկին ստուգել եւ առնվազն այսօր առավոտյան ջուր տալ Խարբերդի 1-ին, 2-րդ եւ հարակից փողոցի բնակիչներին:
«Գյուղեր» տեղամասը Գառնիի Արամուս, Կաթնաղբյուր, Մայակովսկի, Նուբարաշեն, Խարբերդ, Ջրաշեն, Բարձրաշեն համայնքների ջրամատակարարմամբ է զբաղվում, որտեղ հիմնականում բողոքներ չկան սպասարկումից:
Բայց Խարբերդ համայնքում ամռանը, ոռոգման սեզոնն սկսելու հետ ջրամատակարարման վատ իրավիճակ է ստեղծվում: Ս. Մելքոնյանը դա բացատրում է, որ Խարբերդի ջրագիծը, սնվելով Գառնիի ջրատարից, անցնում է Նուբարաշեն համայնքի մոտ 30-40 հա այգիներով, որը մասնավոր սեփականություն է: Պտղատու այգիները ոռոգման ջուր չունեն. չնայած այստեղ բիզնես են նախատեսել, բայց ոռոգման ջրագիծ չեն նախատեսել, հիմնականում ոռոգում են խմելու ջրով, ինչն ազդում է համայնքի ջրամատակարարման վրա: Գրասենյակի արած նկարահանումները եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նուբարաշենի այդ այգիները 100 միլիմետրանոց ջրատարով երկու տեղից միացրել են խմելու ջրագծից ու ոռոգում են այգիները: Այգիները պատկանում են ոմն Արթուրի, ինչ-որ «Լանդրաս ՍՊԸ»-ի, որ նստած վիշապի նման խմում է խարբերդցիների ջուրը. «Նույնիսկ մեկ օր ասացի` ընկեր, եկ 100 միլիմետրանոցը փակենք, Խարբերդի մանկատանը միջոցառում կա, ջուր ունենան: Պայմանավորվեցինք, դուրս եկանք` երկու ժամ հետո նորից ինքը բացեց, եւ Խարբերդի մանկատունը ջրազրկվեց», ասում էր Ս. Մելքոնյանը` նկատելով, որ ոռոգման սեզոնը սկսելով` մանկատունը եւս, փաստորեն, գրաֆիկով է ջուր ստանում, ինչպես ողջ Խարբերդը, բայց անգամ նորմալ գրաֆիկ պահպանել հնարավոր չէ նման վիճակում: Մարդը 30-40 հա սեփական այգի է հիմնել, պարտավոր էր իր ոռոգման ջրի խնդիրը լուծել. «Ինչ-որ ոռոգման ցանց ունի, բայց գերադասում է երեւի խմելու ջրով ջրել, քան թե մի քանի լումա ծախսել, պոմպ դնել, պոմպով իր ոռոգումն ապահովել»: Հավանաբար` հազիվ թե այդ ջրի դիմաց վճարի, եթե իր ոռոգման ցանցի վրա չի ուզում ծախս անել: Ս. Մելքոնյանի ասելով` իր գրասենյակից գնացել-ջրազրկել են այգիների հատվածը, 100 միլիմետրանոց ջրագիծը խցափակել, կնքել կնիքով, բայց դա ոչ մի ազդեցություն չի գործել մրգի բիզնեսով զբաղվողների վրա` մեկ ժամ հետո նույն փակածը բացել, նորից միացրել են ոռոգման համակարգին: «Երեւի ուժեղ հովանավոր ունի՞», հետաքրքրվեցինք: Ս. Մելքոնյանի կարծիքով` անգամ ուժեղ հովանավորը չպետք է գնա այդ քայլին: Բոլոր դեպքերում «Երեւանջուր» ՓԲԸ-ի իրացման ծառայության եւ Ս. Մելքոնյանի ղեկավարած կառույցի ջանքերով, ջրագողությունն ակտավորված է, ջրագողին էլ դատի են տվել` խողովակի 6 ամսվա թողունակության տուգանքի հաշվարկով, դա 15-16 միլիոն դրամ է կազմելու: Բայց մինչեւ դատարանում դատը կլինի, ոռոգման սեզոնն էլ կպրծնի, բնակչությունն էլ այդ ընթացքում նման անկանոն ջրամատակարարում կստանա. «Այդ ընթացքում ստիպված եմ Խարբերդում ջրամատակարարում իրականացնել փողոց առ փողոց. այսինքնՙ մի փողոցը փակել, մյուսը բացել` մի քանի ժամ տալ»:
Բանը հասել է այնտեղ, որ շահագործող ընկերությունը այգիները շրջանցող ջրագիծ է կառուցում` ձորի մյուս կողմով տանելով, որտեղ դեռեւս այգիներ չկան, հենց հիմա էլ շինարարությունը գնում է` 1800 գծամետր շրջանցում է լինելու:
Ընդհանրապես` Երեւանով մեկ, ըստ տարբեր տվյալների, 80 տոկոս ջրակորուստ կա: Դա ոչ միայն կորուստ, այլ նաեւ ջրագողություն համարեց Ս. Մելքոնյանը. «Եթե տեսնում եք, որ մեկն իր ծառն է ջրում կամ ասֆալտը, այնտեղ անպայման շրջանցող գիծ կա, որի դեմ մենք պայքարում ենք, բնակչության հետեւից չենք հասնում», եզրափակեց Ս. Մելքոնյանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ