«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2009-07-16 | #133, 2009-07-17 | #134, 2009-07-18


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԷԼԻՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական իրականության մեջ կենսագրական տեղեկատուներ հրատարակելու ավանդույթը գալիս է դեռեւս 19-րդ դարից: Այս առումով հայտնի են մի շարք հեղինակներ (Թեոդիկըՙ Կոստանդնուպոլիս, Ա. Խաշմանյանը եւ Մ. Սերոբյանըՙ ԱՄՆ, Կ. Գեւորգյանըՙ Հունաստան, Ա. Տեր-Աստվածատրյանըՙ Թիֆլիս, Վ. Զարդարյանը եւ Տ. Գուշակյանըՙ Եգիպտոս, որոնք կազմել են տվյալ դարաշրջանին վերաբերող հայկական համայնքի տեղեկատուն:

Եվ քանի որ սփյուռքի հայ համայնքները մեծ մասամբ պահպանվել ու գոյատեւել են հայ մեծահարուստ ձեռնարկատերերի նյութական աջակցությամբ (դպրոցն ու եկեղեցին, մշակութային օջախները), ապա վերոնշյալ տեղեկատուներում անպայման առանձնահատուկ տեղ էր հատկացվում հայ ձեռնարկատիրական ու վաճառականական դասին:

Այժմ ընթերցողի սեղանին է Խաչատուր Դադայանի կազմած «Ռուսաստանի հայկական բիզնես էլիտան» խորագրով կենսագրական տեղեկատուն, որը որոշակիորեն առանձնանում է նախկինում ձեւավորված ավանդույթներից: Առանձնանում է նրանով, որ առաջին անգամ փորձ է արվում առանձին հրատարակություն նվիրելու օտար երկրում, կոնկրետՙ Ռուսաստանի Դաշնությունում գործող հայ բիզնես էլիտային:

Եվ այս ընտրությունը բնավ էլ պատահական չէ:

Ռուսաստանում գործող հայազգի գործարար դասը ժառանգորդն է այդ երկրում հայերի տնտեսական ու առեւտրական գործունեության շուրջ 10-դարյա ավանդույթների, ինչպես նաեւ հայ-ռուսական բազմադարյան բարեկամության:

Սույն աշխատանքի վրա հեղինակը աշխատել է շուրջ մեկ տարի եւ ընտրել է 230 գործարար անհատներիՙ ՌԴ 57 քաղաքներից: Այնուամենայնիվ, ինֆորմացիայի պակասը կամ արժանահավատության սինդրումը միշտ էլ զգալ է տվել, եւ հեղինակը ստիպված է եղել ոչ միայն ինտերնետից եւ այլեւայլ աղբյուրներից հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, այլեւ հենց անձամբ վերոնշյալ անհատներից: Այդ ընթացքում որոշ գործարարներ նույնիսկ խուսափել են անհրաժեշտ երկխոսությունից, իսկ մյուսները մեծագույն բավականությամբ տեղեկություններ են հաղորդել իրենց գործունեության վերաբերյալ:

Ի վերջո, որոշվում է առաջին հրատարակության էջերում ներկայացնել 70 հայազգի գործարարներիՙ ՌԴ 17 քաղաքներից: Հաջորդ հրատարակության ընթացքում այդ թիվն, անշուշտ, բազմապատկվելու է:

Վերոնշյալ 70 գործարարների կենսագրությունն ու ճակատագիրը թեեւ խիստ տարբեր են, բազմազան, սակայն նրանց գործունեության ընդհանուր վերլուծությունը վկայում է, թե Ռուսաստանում գործող հայ բիզնեսմենները տնտեսության հատկապես որ ոլորտներն են գերադասում: Տեղեկատուն աներկբա վկայում է, որ վերոնշյալ ոլորտներն են ֆինանսաբանկայինը, շինարարությունը, նավթագազային արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, ապահովագրական գործը եւ զանգվածային լրատվամիջոցները: Հեղինակի առջեւ ծառացած էր բարոյական առումով կարեւոր մի հարցական. արդյոք ճշմարի՞տ է սույնով ներկայացվող բոլոր գործարարներին համարել ազգությամբ հայ: Չէ՞ որ նրանցից ոմանք վաղուց կորցրել են իրենց ազգային ծագման ու ազգային արմատների վերաբերյալ գիտակցումը:

Այնուամենայնիվ, ըստ հեղինակի խորին համոզվածության, թերեւս այս կենսագրականը կհամոզի նրանց տուրք տալու իրենց ազգային ծագման մասին հիշողությանը: Ի վերջո, ամենակարեւորն այն է, որ այս մարդիկՙ գործարար անհատները կապող օղակ են երկու երկրների եւ երկու ժողովուրդների միջեւ:

Եվ նրանց պատմական առաքելությունը հենց սրանում է:

Տեղեկատուն կազմված է այբբենական կարգով, հայ ընթերցողը նրա էջերում հանդիպելու է ինչպես շատ հանրահայտ (Արա Աբրահամյան, Աբել Աղանբեկյան, Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, Մուրադ Մուրադյան, Սենիկ Սահակյան), այնպես էլ քիչ հայտնի անունների:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4