Բայց նախՙ մի փոքրիկ կղզու մասին
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Քամին հինգ-վեց բալանոց է, գրեթե համընթաց: «Գրեթեն» շատ լավ է, իսկ իդեալապես համընթացը վատ է: Ալեկոծության եւ քամու պայմաններում ես ղեկի մոտ կանգնած տղաներին մերթընդմերթ հարցնում եմ, թե երբ ենք մտնելու Բարբադոս կղզի-պետության մայրաքաղաք Բրիջթաունի ծովախորշ: Խնդիրը ոչ թե իմ անհամբերությունն է, այլ Ատլանտյան օվկիանոսում նավարկությունն ավարտված տեսնելը:
Մի մանրամասնություն Բարբադոսի վերաբերյալ: Երբ 1969-ին մենք բոլորս առանձնահատուկ ուշադրությամբ հետեւում էինք Հեյերդալի «Ռա»-ի նավարկությանը, հաճախ տալիս էինք Բարբադոս անունը: Դրանից երեք տարի առաջ Բարբադոսը անկախություն էր ստացել Բրիտանական Համագործակցության շրջանակներում: Առաջին տարիները դժվար էին: Բայց երբ 1970-ին Հեյերդալը «Ռա-2» պապիրուսե առագաստանավով փորձեց երկրորդ անգամ հասնել բաղձալի կղզուն, աշխարհն արդեն խոսում էր 430 քառակուսի կիլոմետրանոց գաճաճ կղզի-պետության ֆենոմենի մասին:
Աշխարհում խոսում էին 34 կմ երկարություն, 24 կմ լայնություն եւ 300 հազար բնակչություն ունեցող կղզու տնտեսական հրաշքի եւ նույնիսկ ֆենոմենի մասին: Կղզու դիրքը, բնակիչների խելքը, կազմակերպվածությունը, հայրենասիրությունը մեծ դեր էին խաղացել դրանում:
Բարբադոսը Փոքր Անտիլյան արշիպելագի ծայր արեւելյան կղզին է: Նշանակում է, Եվրոպայից Ամերիկա նավարկողներն անծայրածիր օվկիանոսը հատելուց հետո անպայման հասնում են այնտեղ:
Այսօր Բարբադոսը ՄԱԿ-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Կարիբյան ընկերակցության եւ Լատինամերիկյան տնտեսական համակարգի անդամ է: Բարբադոսում չկան օձեր (Կամչատկայում չկան օձեր եւ գորտեր), գիշատիչներ, բացի հարյուր տարի առաջ այստեղ բերված մանգուստներից: Կղզու գրեթե ամբողջ բնակչությունը գրագետ է, կան դպրոցներ, բուհեր եւ այլն, եւ ինտերնետի դարում պետության հաշվին տպագրվում է գեղարվեստական (հատկապես դասական) գրականություն: Ամենուրեք գործում է հանրային գրադարանների հզոր համակարգ: Ընդսմին մեծ ուշադրություն է դարձվում աֆրիկացի նախնիների սովորույթների եւ ավանդույթների պահպանմանը:
Հուլիսի 9-ի վաղ առավոտյան ղեկի մոտ էին Հայկը եւ Մուշեղը: Հարցուփորձ անելով պարզեցի, որ «Արմենիայի» արագությունը վեց հանգույց է, մինչեւ Բարբադոս մնացել է 42 մղոն: Ի՞նչ է մի քանի ժամը, երբ մենք քսան օր ափերից հեռու ենք եղել եւ ծանր փորձություններ ենք հաղթահարել:
... Վահագնը առաջինն էր նկատել ցամաքը, ազդարարել էր այդ մասին եւ հենց նավաքթի առջեւում, հորիզոնի վրա ցույց էր տվել մուգ հողաշերտը: Բարբադոսն է: Ըստ պայմանի, Վահագնը հնարավորություն կունենա այնտեղ նվեր գնելու իր հարսնացուի համար: Երեւանում ժամը 21-ն է, ըստ Գրինվիչիՙ ժամը 16-ն է, Բարբադոսումՙ 13-ը: Բայց մնում է անցնել քսան մղոն:
Երեւանում հուլիսի 10 է, գիշերվա ժամը 2-ը: Մենք մտանք Բրիջթաունի ծովախորշ: Մենք կարողացանք հասնել նպատակակետին: «Արմենիան» հաղթահարեց Ատլանտյան օվկիանոսը, որը բարեհաճ գտնվեց մեր հանդեպ, տեսնելով մեր ջանքերը, իր նկատմամբ մեր ակնածալից վերաբերմունքը: Անցած յուրաքանչյուր մղոնը մենք կհիշենք մեր ամբողջ կյանքում: Վալենսիայից Ջիբրալթարի նեղուցՙ 550 մղոն, այնտեղից Լա Պալմա կղզիՙ 700 մղոն, Լա Պալմայից Բարբադոսՙ 2700 մղոն: Անհողմության եւ փոթորիկների քսան օրեր: Մենք հաղթահարեցինք ինքներս մեզ, մեր ճանապարհին հաղթահարեցինք գլխավոր հոգեբանական պատնեշներից մեկը եւ վերջապես անցանք Ատլանտյան օվկիանոսի համալսարանները, պատրաստվելով մեր նախնիների մյուս ճանապարհների հաղթահարմանը: