«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2009-07-16 | #133, 2009-07-17 | #134, 2009-07-18


ՊԻԵՌ ԴՈՄԵՆԻԿ ՊՈՆԵԼ. «ՄԻՆԱՍՆ ԻՆՁ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ»

- Բեռլինի ազգային պատկերասրահում Մինասին ճանաչեցի: Նա՛ ինձ բերեց Հայաստան: Այստեղ եմ արդեն 10 անգամ: Տեսածս շատ չէ, բայց եւ խիստ հայկական է, - փաստեց գերմանացի երաժիշտ Պիեռ Դոմենիկ Պոնելը : Նա այս անգամ Երեւանում էՙ ներկայացնելու իր գործըՙ «Մինասին»: Հինգ մասից բաղկացած երաժշտական կոմպոզիցիան առաջին անգամ կկատարվի Երեւանում հուլիսի 20-ինՙ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը: Պոնելի խոսքերով, իր ոգեշնչման աղբյուրն են դարձել Մինասի գործերի գունային լուսավորությունը, էմոցիոնալ հարստությունն ու անկեղծությունը: Դրանք էլ ժամանակակից դասական ստեղծագործությունում փորձել է արտահայտել գերմանացի երաժիշտը, որը ղեկավարում է «Հայաստանի մենակատարների պետական նվագախմբի» փորձերը, որոնց արդյունքը կլինի «Մինաս» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան Երեւանի կամերային երաժշտության տանը:

«Սպասում եմ հայ ունկնդրի գնահատականին, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ ուրախացա լարային քառյակի ու հարվածայինների համար այս գործը գրելու ինտուիտիվ ընտրությանս, քանի որ հետագայում, երբ ծանոթացա Մինասի որդիների հետ ու եղա Ջաջուռում, իմացա հարվածայինների հնչողությանը Մինասի ոչ անտարբեր լինելու մասին», - նշեց գերմանացի երաժիշտը, որը Մինասին ճանաչելով փորձում է ճանաչել նաեւ նրա հայրենիքը: Վերջինի ապացույցն է նրա «Խաչքարեր» կոմպոզիցիան, որի մասին նույնպես հիշատակեց Պիեռ Դոմենիկ Պոնելը:

Նշյալ համերգով, որը տեղի կունենա Երեւանի կոնյակի գործարանի հովանավորությամբ, Հայաստանում կավարտվեն Մինաս Ավետիսյանի 80-ամյակին նվիրված միջոցառումները, բայց եկող տարի կշարունակվեն Մոսկվայում եւ Իտալիայումՙ այն ցուցահանդեսովՙ որով մեկնարկել էին Հայաստանում:

Ինչպես փաստեց Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը , հոբելյանական տարվա ավարտով չեն սահմանափակվելու Մինասի ստեղծագործությունների պահպանման, վերականգնման աշխատանքները նաեւ ստեղծագործությունները գիտական ուսումնասիրության ենթարկելու պատվերները: «Օգոստոսի 23-ից իտալացի մասնագետները կավարտեն Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը: Սեպտեմբերից կմեկնարկեն եւս մի որմնանկարի վերականգնումը, սակայն դեռ հստակորեն որոշված չէ, թե որի: Բացի այդ, նախատեսված է իտալացի, ֆրանսիացի արվեստաբաններին հոդվածներ պատվիրել Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների մասին», - տեղեկացրեց Սոնա Հարությունյանը:

Հայաստանում կգործի արվեստաբանության դպրոց

Հայաստանում արվեստաբանության բարձրակարգ դպրոցի ստեղծումը վաղուց պահանջվող անհրաժեշտություն էՙ հենց արվեստի զարգացման համար նույնպես: Այդ անհրաժեշտությունն արդեն գործնական կատարման փուլում է: «Բանակցություն է ընթանում Գերմանիայի Ֆռայբուրգ Ալբերտ-Լյուդվիգ-համալսարանի հետ Հայաստանում արվեստաբանության դպրոց հիմնելու մասին», - տեղեկացրեց մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4