«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2009-07-16 | #133, 2009-07-17 | #134, 2009-07-18


ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

Երիտասարդ աղջիկ Էվը գալիս է բուրգունդական գյուղ` հացի փռում աշխատելու: Սակայն աղջկա գյուղ ժամանելու իրական նպատակը սիրեցյալին գտնելն է: Էվը լրտեսում է փոքր երեխա ունեցող ամուսնացած տղամարդու: Իրադարձությունների զարգացման հետ բացահայտվում է նաեւ ճշմարտությունը. սիրեցյալը Էվի հայրն է: Մանկուց հայրը ստիպել է աղջկան կիսել անկողինը, որից հետո լքել է նրան:

Այժմ, արդեն խաթարված հոգեբանությամբ, Էվը կառչում է հոր հետ սիրային կապ ունենալու երազանքից: Այն դարձել է Էվի կյանքի գլխավոր նպատակը: Սակայն իրականությունն ու ապագան այլ են:

Սա երիտասարդ ֆրանսիացի ռեժիսոր Ժյուլիետ Գարսիայի «Խելոք մնա» ֆիլմի հակիրճ նկարագրությունն է: Ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի ցանկում: Գարսիան պատմում է, որ մինչ ֆիլմի համար սցենար գրելը կարդացել է դատական բազմաթիվ վկայություններ, որտեղ խոստովանությամբ էին ներկայանում բռնության ենթարկված կանայք:

Ֆրանսիացի ռեժիսորը խոստովանում է, որ պատմությունը հորինվածք է. Էվի կերպարը հավաքական է` միաձուլված են տարբեր կանանց պատմություններից որոշակի հատվածներ, բնավորության գծեր, գործողություններ: Գարսիայի խոսքերով` այս կերպ ցանկացել է ներկայացնել հոգեբանական ցավը, որ ապրում են բռնության ենթարկված կանայք:

«Դեմ ենք նախապաշարումներին, ստահոդ պատմություններին: Հետաքրքրում է մարդկային փոխհարաբերությունները, որոնց կարեւորությունը ֆիլմում ներկայացված է», նկատում է ավստրիացի ռեժիսոր Ռայներ Ֆրիմելը : «Աղջնակը» ֆիլմը, որ այս տարի արժանացել է Կաննի փառատոնի Europa Cinemas մրցանակին, պատմում է զբոսայգում լքված երկամյա Ասյայի մասին: Նրան գտնում են կրկեսում աշխատող Պատին եւ Վալերին, ապաստան են տալիս` միաժամանակ փնտրելով աղջկա մորը:

«Ֆիլմը այսօրվա Իտալիայի անօթեւանների աշխարհի մասին է: Պատմություն է խտրականության, արիության, կորստի մասին: Հայացք էՙ ուղղված պարսպված հասարակության երկաթե ցանկապատից այն կողմ», նկատում է Ֆրիմելը:

Համշենական աշուն, մարդկային գաղափարներ, մահվան ու սիրո տեսիլքներ

Համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է Երեւանում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ: Մի քանի տարի առաջ Ալփերին առաջին անգամ ներկայացավ հայ հասարակությանը` «Մոմիկ» ֆիլմով, ինչի համար Թուրքիայում դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման, սակայն պայմանականորեն ազատ արձակվեց:

«Աշուն» ֆիլմի գլխավոր հերոսը` Յուսուֆը 1987-ին քաղաքականապես ակտիվ, ձախակողմյան հայացքների տեր ուսանող էր, իսկ 1997-ինՙ հուսախաբ եղած, իրեն ձախողակ համարող անձնավորություն: Տասնամյա բանտարկությունից հետո Յուսուֆը վերադառնում է հայրենի գյուղ: Մայրը, ընկերները կատարյալ երջանկության մեջ են, սակայն ոչ ոք չի հասկանում Յուսուֆի հոգեվիճակը, ինչի հետեւանքով նրա անվստահությունն ու մենությունն ավելի է խորանում: Մի օր պանդոկում Յուսուֆը հանդիպում է իր նման վիրավոր հոգու` վրացի մարմնավաճառ Էկային, որ գումար է վաստակում սահմանի մյուս կողմն անցնելու ու չորսամյա դստերը տեսնելու համար: «Յուսուֆի կերպարը բարձր եմ գնահատում: Բազմաթիվ ընկերներ ունեմ, որ համակարծիք են Յուսուֆի գաղափարների հետ: Իհարկե, Յուսուֆի հետ գաղափարական ընդհանրությունները բազմաթիվ են, նրա կերպարի մեջ կարող եք իմ արտացոլումն էլ գտնել», այսպես պատասխանեց «Ազգ» -ի` «Ձեր եւ ձեր հերոսի միջեւ ընդհանրություններ կա՞ն» հարցին:

Անդրադառնալով թուրքական կինոյի առանձնահատկություններին, Ալփերին նկատում է, որ նոր թուրքական կինոյի հոսանքն ունի 15 տարվա կենսագրություն: Ալփերին եւ էլի բազմաթիվ երիտասարդ ռեժիսորներ այն անվանում են «նոր Թուրքիայի կինո»: «Փորձում ենք կինոն տանել այլ ճանապարհով: Ուզում ենք ռեալիստական ֆիլմեր նկարահանել: Ունեմ բազմաթիվ ընկերներ, ովքեր ֆիլմի լեզվի համար ընտրում են քրդերենը: Ես համշեներենով եմ նկարահանում: Լուրջ շարժում կա թուրքական ֆիլմերում»:

Ալփերին կարեւորություն է տալիս հայ-թուրքական կինոպլատֆորմի ձեւավորմանը: Նրա խոսքերով հատկապես վավերագիր ռեժիսորները համագործակցության լուրջ եզրեր են գտել: «Այն, ինչին պետք է ծառայի պլատֆորմի գաղափարը, մեծ օգուտ կտա: Ֆիլմը մեծ ազդեցություն ունեցող արվեստ է: Պլատֆորմի աշխատանքների շնորհիվ գուցե իրար մոտեցնի հարեւան, սակայն հեռու երկրներին: Պլատֆորմի ժամանակ խոսակցությունները հիմնականում սկսվում են ֆիլմարվեստի շուրջ, բայց շարունակություն գտնում քաղաքականության, ցեղասպանության թեմաներում: Թուրքիայում շատ բան կատարվում է մարդկանց չիմացության պատճառով: Դինքը Թուրքիայում շատ ազդեցիկ էր, որովհետեւ բոլորի համար հասկանալի լեզվով խոսում էր կարեւոր թեմաների մասին: Թուրքիայում կան բազմաթիվ արվեստագետներ, մտավորականներ, որոնք գիտեն եւ ընդունում են ցեղասպանության փաստը: Ունեմ ռեժիսոր ընկերներ, որոնք իսկապես մտահոգված են ու ցանկանում են այդ թեմայով ֆիլմեր նկարահանել: Ընկերներիցս մեկը ցանկանում է ֆիլմ նկարահանել հայերի տեղահանության եւ ցեղասպանության թեմայով, իսկ մյուս ընկերս ֆիլմ կնկարահանի Կոմիտասի մասին»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4