«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2009-07-16 | #133, 2009-07-17 | #134, 2009-07-18


ԻՋԵՔ ՆԵՐՔԵՎ, ԽՈՍԵՆՔ

Ամեն առավոտ տեղից վեր կենալիս վերջերս մի տեսակ ծանրություն եմ զգում ուսերիս վրա: Պարզել եմ ` դա կապ չունի ոչ մթնոլորտային եւ ոչ էլ սրտանոթային ճնշումների հետ: Սա բոլորովին էլ վիրտուալ զգացողություն չէ, ինչը հիմա ընդունված է քաղաքական աշխարհում: Եթե մեծահամբավ ծաղրանկարիչ Գ. Յարալյանի մտքով անցնի նկարել իմ այս զգացողությունը, ապա կունենա հետեւյալ պատկերը. նկարի առաջին պլանում իմ գլուխն է, որի վրա նստած է երկրի նախագահը, ասեմ, որ դրա իրավունքը ես նրան տվել եմ: Ուսերիս վրա նստած է երկրի կառավարությունն իր նախարարական ողջ կազմով` վարչությունների եւ ծառայությունների պետերով, նրանց տեղակալներով, բաժինների վարիչներով: Ուսերիցս ու թեւերիցս կախված են մարզպետներն իրենց անձնակազմով: Թվարկած բոլորի վրա նստած կամ էլ կախված են նրանց քարտուղարուհիներն ու մամլո ծառայությունները: Թիկունքիս կողմից կախված են ոստիկաններն ու դատախազները, դրանց գլխին էլ նստած են կամ, ով գիտի, գուցե ոտքերից կախված են դատավորներն ու փաստաբանները: Ահա այսպես առավոտյան վեր կենալիս ծանրությունն այդ կրում եմ, ինչպես մրցույթի պատրաստվող ծանրամարտիկը կկրեր օր օրի ծանրացող մարզաձողը:

Մի քանի մանրամասներ եւս: Յարալյանիս ասեմ, որ եթե կփորձի նկարել, ասենք, ուսերիս վրա նստած գյուղնախարարությանը, ապա դրա հետ անպայման ուղիղ կապով պիտի կապի իմ ստամոքսը: Բայց պիտի ասեմ, որ գյուղնախարարությունը հիմա ինձ պետք է գալիս ոչ այնքան սնվելու, որքան այդ սնունդից պաշտպանվելու համար: Այս նախարարության աշխատանքը թեեւ մեծապես կախված է եղանակից, բայց ինքը մեզ համար առանձնապես եղանակ չի ստեղծում: Անձամբ ինձ համար նախարարության շենքի առջեւ կայանած թանկարժեք ֆիրմային ավտոմեքենաների թվաքանակը գրոշի արժեք չունի, ես նրանց հաջողակ լինելու ցուցանիշը անասնագլխաքանակի աճի մեջ եմ տեսնում, ինչը տարեցտարի պակասում է:

Իմ ձեռքերն ու ոտքերը կապված պիտի լինեն կապի եւ տրանսպորտի նախարարության հետ: Սրա աշխատանքի ցուցանիշն էլ ոչ թե «Բիլայն», «Վիվասել», «Օրանժ» օպերատորների թվաքանակի աճն է, այլ այդ օպերատորների աշխատանքից իմ նման բաժանորդների դժգոհությունների նվազումը: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագիրն ինձ ուրախացնում է, եթե իրական է դառնում: Իսկ երբ իրական չեն դառնում ավիափոխադրումների, ներքաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի գների նվազեցման կամ սպասարկման որակի բարձրացման մասին խոստումները, այս նախարարության ծանրությունն ուսերիս վրա մեծանում է, եւ մեջս այն թոթափելու ցանկություն է առաջանում:

Իմ մարմնի բոլոր օրգանները` հյուսվածքներով, արյունատար անոթներով ու մազանոթներով միացած են առողջապահության նախարարությանը: Աշխարհը թե խոզագրիպից փրկենՙ մեր բժիշկները կփրկեն, հիշում եմ մի ժամանակ մերոնք սպիդի դեղամիջոցը գտան, երեւում էՙ հիմա էլ խոզագրիպի դեղամիջոցն են գտել, հաստատ գտել են, այլապես հենց խոզագրիպի մասին խոսք գնաց, մերոնք անմիջապես հայտարարեցին, որ մենք խոզագրիպի դեմ բավարար չափով պատվաստանյութերով ապահովված ենք: Իսկ ԱՄՆ-ի գիտնականները լացուկոծ են դրել, թե չգիտեն ինչ անեն, խոզագրիպի հարուցիչը մուտացիայի է ենթարկվել: Չեմ հասկանում` մերոնք ինչի՞ են սպասում, թող մեր պատվաստանյութերը ծախեն ամերիկացիներին, մի քիչ հարստանանք: Նախարարից քաղաքապետ չստացվեց, գոնե բիզնեսմեն ստացվի:

Թոքերս բնապահպանության նախարարության ոտքերի տակ են: Ես կուզենայի, որ նա ինձ ավելի մոտ լիներ: Ի՞նչ է գտել մայրաքաղաքի կենտրոնում, երբ իրեն ավելի շատ սպասում են բնապահպանական տեսակետից ամենախոցելի վայրերում: Եթե, օրինակ, գա մեզ մոտ, նախ` նախարարությունը կազատվի բնապահպանությանն առնչություն չունեցող աշխատողներից: Համ էլ մի քիչ կկոփվի` մեզ հետ նույն օդը շնչելով ու ջուրը խմելով:

Գլխիս մեծ ու փոքր կիսագնդերի հետ է կապված կրթության եւ գիտության նախարարությունը: Աստծո սիրուն, ցնդեցինք բուհական քննությունների հարափոփոխ նորամուծություններից: Եթե կընդունեն, մի խորհուրդ տամ իրենց` ուզում եք թեստերը գաղտնի մնան, ինչու եք տանում Անգլիայում տպագրելու, մեզ մոտ թերթեր կան, որ ոչ մեկը չի կարդում: Երկրում Աստծո օրը մեկ ակադեմիա է բացվում, իսկ մեր իսկական ակադեմիայի տեղն արդեն մոռացել ենք: Եթե դպրոցներում աշակերտներին չեն սովորեցնում, ինչո՞ւ ենք ծախս անում, դպրոց պահում, չեք կարող, տվեք կրկնուսույցներին, թող մարդիկ բիզնես անեն: Թե չէ, նորից եմ կրկնում, ավելորդ բեռ չեմ ուզում ուսերիս կրել:

Սիրտս ամբողջությամբ մշակույթի նախարարությանն եմ տրամադրել: Բացում եմ` մեջը դատարկ է, ճիշտ նույն ձեւով դատարկ են մարզերի եւ գյուղերի մշակույթի տները: Սիրտս կտոր-կտոր է լինում ռաբիս երգիչների մուղամներից, «երկու աստղերի» թաթալաբազություններից: Եթե չլինեն «Շանթ»-ի Ժողովրդական երգիչներն ու պարողները, «ԱԼՄ»-ի տնայնագործական եղանակով մշակված ադամանդները, ինձ կթվա, թե սիրտս կանգ է առել: Եթե մեզ մոտ չի գործում մշակույթը, ուրեմն թող ուսերիցս վայր իջնի մշակույթի նախարարությունը, ճիշտ այդպես ուսերիս վրա տեղ չունեն ծովագնացության եւ նավթարդյունաբերության նախարարությունները, եւ դրանից աշխարհը փուլ չի գալիս ոչ մեկի գլխին: Այս մեսիջը վերաբերում է նաեւ այն նախարարություններին, որոնց գոյությունը կամ բացակայությունը այդպես էլ չենք զգում;

Իմ թիկունքից կախված արդարադատության մարմինների մասին, ինչպես ընդունված է, կամ պիտի լավ խոսեմ, կամ չպիտի խոսեմ: Մեր մեջ ասած` իմ թիկունքն է մարմնիս ամենախոցելի տեղը: Չեմ հասկանում` եթե ճիշտ օրենքներ են ընդունվում, ո՞ւմ են պետք այսքան օրենք հսկողներն ու վերահսկողները; Շատ են խոսում կոռուպցիայից, նշում են, որ կոռուպցիան հիմնականում իրավապահների դիմակի տակ է թաքնված լինում: Եթե դա ճիշտ է, ապա օձի կծածը օձի թույնով չի բուժվի:

Նայում եմ, ուսերիս վրա չեմ տեսնում սպորտի եւ երիտասարդության նախարարությանը: Ինձ ասացին, որ նա հիմա մեծահարուստներից մեկի ուսերին է նստած: Ֆուտբոլն էլ մեկ ուրիշ մեծահարուստի են տվել, բայց թերթերը գրում են, որ նա ֆուտբոլով լավ էլ բիզնես է անում: Ֆուտբոլից բիզնես կստացվի իհարկե, իսկ բիզնեսմենից ստացված ֆուտբոլն էլ սա է:

Պետք չէ բոլոր նախարարությունները մեկ-մեկ թվել, գույքագրման նպատակ չունեմ: Կարճ ասած` եթե առաջ լուռ ու անխոս կարողանում էի կրել ուսերիս այս ամբողջ ծանրությունը, հիմա հոգնած ու խոնջացած մարմինս թեթեւացնել է ուզում այդ բեռը: Մեջս մի տեսակ տագնապ է ընկել` գուցե չկարողանամ այս բեռը տանել, տեղ հասցնել: Այդպես նավի բեռը թեթեւացնում են նավազները` նավի խորտակումից տագնապելով: Հիմա մեր նավը ճգնաժամի խութերի մեջ է: Մենք ստիպված ենք թեթեւացնել մեր ուղեբեռը ոչ թե այն պատճառով, որ կառավարվել չենք սիրումՙ կառավարություն այսօր մեզ պետք չէ, այլ այն պարզ պատճառով, որ մեր ուսերը չեն դիմանում նրա ծանրությանը: Ավելորդ չեմ համարում ասել, որ մեր շատ հարազատ կառավարության աշխատակազմի թվաքանակի մեծությունը ուղիղ համեմատական է փոքր տարածքում հավաքված մեծաքանակ մարդկանց հրմշտոցին: Մի փոքր ցնցումՙ նրանք իրար ոտնատակ կտան:

Մի քանի խոսք կառավարական շենքերի քանակի եւ տարածքների մասին: Դրանք նույնպես պիտի համապատասխանեցվեն առեւտրի օբյեկտների տարածքների եւ աշխատողների թվի համար նախատեսված հարկավճարի տրամաբանությանը: Կառավարության կողմից վճարվող հարկը պիտի լինի բաց եւ տեսանելի` թվաբանական գործողություններով հիմնավորված, երկրի տնտեսական աճին համապատասխանող: Կառավարությունը չի կարող վճարել իր հարկը, ուրեմն թող մեր ուսերից վայր իջնի: Սովորաբար ժողովրդի ծառաները պիտի ժողովրդին ծառայեն, ոչ թե իրենց բիզնեսին: Ժողովրդի ծառան ժողովրդին իրեն ծառա չի կարգում: Եթե մեր «ծառաներին» ծառայող մեծաքանակ թիկնապահները փոխակերպվեն հողի մշակների, իսկ կառավարության շենքերում տեղադրված անվտանգության թանկարժեք տեխնիկան եւ տրանսպորտային միջոցները փոխանակվեն գյուղին հարկավոր գյուղտեխնիկայով, անշուշտ, հայոց հողն այլեւս մշակների կարիք չի զգա:

Հայ մարդու նման հայոց հողն էլ ծուլացել, անբան է դարձել:

Հիմա արդեն ժամանակը եկել է, որ նվազ պիտանի բեռը մեր ուսերից իջեցնենք եւ մեր սիրելի դերասանի նման ասենք. «Իջեք ներքեւ, խոսենք, տեղ ենք հասել արդեն»:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4