Տափօղակով հոկեյը Հայաստանում թեեւ վերջին տարիներին է արմատավորվել, սակայն մեր հավաքականներն արդեն որոշակի հաջողությունների հասել են: 2006-ին Հայաստանի մեծահասակների, իսկ 2008-ին մինչեւ 20 տարեկանների հավաքականներն աշխարհի «C» խմբի առաջնությունում դարձել են բրոնզե մրցանակակիրներ: Հաջորդ տարի նախատեսվում է Երեւանում անցկացնել «C» խմբի աշխարհի առաջնությունը:
Երեկ լրագրողների հյուրերն էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը , հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը եւ հոկեյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Դուգլաս դի Չեզարեն ու հոկեյիստները: Վերջիններիս թվում մեծամասնությունը սփյուռքահայեր են, սակայն կան նաեւ տեղացի երիտասարդ հոկեյիստներ:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ արդեն 4-րդ տարին է ՀՀ հավաքականը մասնակցում միջազգային մրցաշարերի եւ որոշակի հաջողություններ արձանագրվել են: Նա կարեւորեց մարզահամերգային համալիրի սահադաշտի առկայությունը, որը միջազգային չափանիշներին է համապատասխանում: Այստեղ մեր հոկեյիստները կարող են իրենց մարզումներն անցկացնել: Իսկ ահա Շենգավիթի համայնքում գտնվող սահադաշտը, որը թաղապետարանի ենթակայության տակ է, չի գործում եւ վերակառուցման կարիք ունի: Ներկայումս բանակցություններ են ընթանում այդ հարցով: Այդ սահադաշտի առկայությունը թույլ կտա հոկեյի սիրահարներին մարզվել ու հերթափոխ պատրաստել:
Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ մի քանի տարիների ընթացքում հաջողվել է բավական մարտունակ կոլեկտիվ ձեւավորել, որն աշխարհին ապացուցեց, որ հայերն ընդունակ են նաեւ հոկեյ խաղալ ու լավ արդյունքների հասնել: Մարզիչը գտնում է, որ պետք է բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի հաջորդ տարի Երեւանում կայանալիք «C» խմբի աշխարհի առաջնությունում հաղթող ճանաչվեն: Ֆեդերացիան թիմի առջեւ հենց այդպիսի խնդիր է դրել:
Ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ մարզահամալիրի սահադաշտի առկայությունը թույլ կտա ոչ միայն հավաքականին մարզումներ ու մրցումներ, այլեւ Հայաստանի առաջնություններ անցկացնել 3-4 թիմերի մասնակցությամբ: Նաեւ որոշակի ծրագիր կաՙ Վրաստանի հետ ստեղծել տափօղակով հոկեյի Կովկասի միացյալ լիգա, որտեղ 4 փուլով Հայաստանի եւ Վրաստանի թիմերը կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը: Հետագայում հնարավոր է այդ լիգայում հանդես գան նաեւ Թուրքիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի ակումբները:
Ինչ վերաբերում է հավաքականի կազմավորմանը, ապա ըստ ֆեդերացիայի նախագահի, կան 3 հայազգի հոկեյիստներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի եւ Կանադայի պրոֆեսիոնալ լիգայում, սակայն նրանց միայն ապահովագրման համար ֆեդերացիան պետք է 3 մլն դոլար վճարի: Բնականաբար, դա հնարավոր չէ: Իսկ ուսումնամարզական հավաքների համար ծախսերը ֆեդերացիան հոգում է հովանավորների միջոցով: Օրինակ, անցյալ տարվա ձմռանը Բակուրիանիում ուսումնամարզական հավաքի ծախսերը հոգացել էր Միքայել Բաղդասարյանը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն էլ ավելացրեց, թե քանի որ տափօղակով հոկեյն օլիմպիական մարզաձեւ է, պետք է մտածել հաջորդ օլիմպիադային հայտ ներկայացնելու մասին: Նախարարությունը մտածում է նաեւ մարզաձեւի պետական ֆինանսավորման հարցը դրական լուծելու մասին: Ըստ նախարարի, ամեն ինչ պետք է արվի մարզաձեւը Հայաստանում մասսայականացնելու եւ ավելի զարգացնելու ուղղությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Հավաքականի գլխավոր մարզիչ Դուգլաս դի Չեզարեն