Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարի հաղթողին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ մրցախաղ անցկացնել ճապոնացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի միջեւ: Ավարտական տուրում Նակամուրան ոչ-ոքի խաղաց Ռուստամ Կասիմջանովի հետ, իսկ ահա Պոնոմարյովին հաջողվեց հաղթել Վալյեխոյին ու վաստակելով 6,5 միավոր, հավասարվել ճապոնացի գրոսմայստերին: Մրցակարգի համաձայն նրանց միջեւ արագ շախմատի կանոններով երկու պարտիա անցկացվեց: Երկուսում էլ հաղթելով, Նակամուրան դարձավ մրցաշարի հաղթող:
Սերգեյ Մովսիսյանն ավարտական տուրում էլ հաշտություն կնքեց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ նրա հետ 4,5 միավորով բաժանեց 6-7-րդ տեղերը: Տուրի մյուս հանդիպումներում էլ մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի ավարտ ունեցան Գրանդա-Սվիդլեր, Սան Սեգունդո-Կարպով պարտիաները: 3-րդ տեղը 5,5 միավորով գրավեց Սվիդլերը: Կասիմջանովն ու Վալյեխոն 5-ական միավորով բաժանեցին 4-5-րդ տեղերը: 8-րդ տեղում 3,5 միավոր վաստակած Գրանդան է: Նրան մեկ միավորով զիջեց Սան Սեգունդոն, իսկ ահա աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը 9 հնարավորից միայն 1,5 միավոր վաստակելով, եզրափակեց աղյուսակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Հիկարու Նակամուրա