«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2009-07-17 | #134, 2009-07-18 | #135, 2009-07-21


ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՃԱԽԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանում են անցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 6 հանդիպումներից 4-ը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի 6-րդ հանդիպումն էլ տեղի ունեցավ, եւ արդեն երրորդ անգամ` Ռուսաստանում, մայրաքաղաք Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում:

Հուլիսի 17-ին նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (Միացյալ Նահանգներ), ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ անցկացրին հանդիպում, որին հետեւել է Սարգսյան-Ալիեւ առանձնազրույցը:

Նախագահների առանձնազրույցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին հանդիպել են արտգործնախարարների հետ:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հանդիպումից հետո հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն օգնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մնացյալ հիմնական հարցերի առնչությամբ երկու երկրների ղեկավարների հայացքների որոշ մանրամասներ որոշակիացնել:

Սրա հիման վրա, ըստ Բրայզայի, համանախագահները կձեւակերպեն առաջարկություններ, որոնք օգտակար կլինեն բանակցությունների կողմերին` վիճելի դրույթներում դիրքորոշումների մերձեցման համար:

Բրայզան Սարգսյան-Ալիեւ երկրորդ մոսկովյան հանդիպումը կառուցողական է որակել, ավելացնելով, թե մանրամասն քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնարար սկզբունքների բարդ դրույթները, որոնք, սակայն, նախագահների մոսկովյան հանդիպմանը չեն համաձայնեցվել:

Բրայզան այս առնչությամբ հայտարարել է, թե նախագահներն ամրագրել են այն առաջընթացը, որ գրանցվել էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ «նրանք որոշ կարեւոր որոշումներ են ընդունել»:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր հերթին հանդիպումը լուրջ որակելով ընդգծել է, թե ակնհայտ է քննարկումների լայն շրջանակը, ուստի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին դադար է հարկավոր` գնահատելու տեղի ունեցած քննարկումները:

Մոտ 3,5 ժամ տեւած բանակցություններին արդեն հուլիսի 18-ին հաջորդել էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այդ առնչությամբ ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, թե եռակողմ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նրա խոսքերով, արդեն 4-րդ անգամ եռակողմ ձեւաչափով նախագահների հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` որպես համանախագահող երկիր այսուհետեւ էլ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի լուծմանը հասնելու համար:

Իր աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հայտնել է նաեւ Եվրոմիության նախագահությունը: Եվրոմիության նախագահող երկրի` Շվեդիայի տարածած պաշտոնական հաղորդագրությամբ, ԵՄ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել նրանց միջնորդական առաքելության իրականացման համար:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, մոսկովյան հանդիպմանը կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: Երեկ Բաքվում, սակայն, ադրբեջանական արտաքին գործոց նախարարն առավել հետաքրքրական հայտարարություն է արել, մասնավորապես նշելով, թե հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի առաջընթաց կա:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե սեպտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան` նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հաջորդ հանդիպումը թերեւս դարձյալ Մոսկվայում: «Ես զգում եմ, որ ղարաբաղյան հակամարտության հարցում կա որոշակի առաջընթաց: Մոսկվայում նախագահների հանդիպումից հետո ինչ-ինչ հույսեր են առաջացել», հայտարարել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի` Հայաստանի նախագահ դառնալուց ի վեր մոսկովյան այս հանդիպումը 6-րդն էր, որոնցից միայն երկուսն են եղել Ռուսաստանից դուրս` այս տարվա հունվարի 28-ին Ցյուրիխում եւ հունիսի 7-ին Պրահայում: Մնացյալ հանդիպումներն անցկացվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4