«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2009-07-17 | #134, 2009-07-18 | #135, 2009-07-21


ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ

... Գիտափորձերին հետեւելը միշտ էլ հետաքրքրական է: Չէ՞ որ ամեն դեպքում դրանք կապված են շարժման, փոփոխությունների հետ, ինչպես բուն կյանքը, որտեղ անդադար ինչ-որ բան փոխվում է, իսկ վերջում մնում է կենսունակության փորձությունն անցած մի որոշակի բան: Եվ ահա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էլ այսօր յուրօրինակ գիտափորձ է. տեղի է ունենում թատրոնի ղեկավարման նոր ոճի ստուգում: Արդեն մեկ տարի այստեղ չկա գլխավոր բեմադրիչ կամ գեղարվեստական ղեկավար: Նրա փոխարեն թատրոնի քաղաքականությունը եւ բոլոր որոշումները իրականացնում է գեղարվեստական խորհուրդը, որը կազմված է 15 մասնագետից, իսկ նախագահը ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն է: Ինչպե՞ս եւ ինչի՞ վրա է աշխատում թատրոնը ընթացիկ թատերաշրջանում: Ո՞ր ներկայացումների պրեմիերաները կտեսնի հանդիսականը: Այդ մասին պատմում են թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը եւ Հայաստանի վաստակավոր արտիստ, ստեղծագործական հարցերի համակարգող Ռազմիկ Խոսրոեւը:

  Ստեփան Դավթյան . «Գեղարվեստական խորհուրդը, ինչպես եւ թատրոնը, աշխատում է շատ ինտենսիվորեն, քանի որ բոլոր որոշումները ընդունվում են կոլեգիալ կերպով, ամեն տեսակ հարցերի նկատմամբ մոտեցումը մանրակրկիտ է եւ անաչառ: Խորհուրդը ընտրում է պիեսները, հաստատում պատրաստվելիք ներկայացումը բեմադրիչին: Իսկ ֆինանսական հարցերը լուծում են տնօրենը եւ մշակույթի նախարարությունը: Թատրոնն աշխատում է մեծ բեռնվածությամբ, ներկայացումների մեծ մասը մասշտաբային է: Ֆինանսները հատկացնում է նախարարությունը: Բացի դրանից, ունենք նաեւ սեփական բյուջե: Սա Հայաստանում միակ թատրոնն է (բացի Հ. Թումանյանի անվան տիկնիկայինից), որն արդեն 4 տարի անընդմեջ կատարում է հաճախումների պլանը, իսկ վերջին 3 տարիներինՙ նույնիսկ գերակատարում: Գեղխորհուրդը որոշել է այս տարի իրականացնել 4 նոր ներկայացում: Դրանցից մեկն արդեն հանձնվել է փետրվարինՙ Բեռթոլդ Բրեխթի «Կովկասյան կավճի շրջանն է». բեմադրիչըՙ Տիգրան Գասպարյանը: Թատերաշրջանի երկրորդ պրեմիերան դարձավ ներկայացումը, ըստ Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» պիեսի. բեմադրիչը իր ստեղծագործությամբ հայտնի Վահե Շահվերդյանն է: Նա 13 տարի եղել է մեր թատրոնի գլխավոր բեմադրիչը: Այդ ներկայացումով մենք նշեցինք Վարդուհի Վարդերեսյանիՙ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու եւ մեր սիրելի դերասանուհու ծննդյան հոբելյանը: Արդեն աշխատանք է կատարվում դարձյալ պրեմիերայի մյուս ներկայացումների վրա («Մուսա լեռան 40 օրը», բեմադրիչ Արմեն Էլբակյան, Վ. Շեքսպիրի «Մակբեթ», բեմադրիչ Վահան Բադալյան): Նաեւ տեղի կունենա «Մեղր» ներկայացման պրեմիերան ըստ Տոնինո Գուեռոյի պիեսի (հրավիրյալ բեմադրիչ Արմեն Մազմանյան)»:

  Ռազմիկ Խոսրոեւ . «Կուզենայի ընդգծել բեմադրիչների աշխատանքը պրեմիերային ներկայացումներում: Խոսքը հատկապես Վարդուհի Վարդերեսյանի հոբելյանի առթիվ բեմադրված ներկայացման մասին է: Չէ՞ որ նա Հայաստանում ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում ունեցող միակ դերասանուհին է: Ամենքին տրված չէ այդ տարիքում խաղալ գլխավոր դեր եւ խաղալ այնպես, որ հանդիսականները զմայլվեն: Դա շատ դժվար է նույնիսկ ֆիզիկապես, բայց Վարդերեսյանն այդ արեց այնքան սքանչելի կերպով, որ ներկայացումը դարձավ հայ մեծ դերասանների արվեստի շարունակությունը: Նա թատերական կյանքի մեծ դպրոց է անցել, եւ թատրոնի երիտասարդների համար նրա խաղը վարպետության դաս է: Նրա ամուսնու դերակատար Կարեն Ջանգիրովը իր ամբողջ տաղանդով այդ կերպարին մոտեցել է շատ նրբորեն եւ փիլիսոփայորեն: Իսկ Ազատ Գասպարյանը քաղաքապետի դերում ստեղծել է հիանալի ողբերգակատակերգական կերպար: Ներկայացման բեմադրիչ Վահե Շահվերդյանը, որը Հայաստանում հայտնի է որպես ներկայիս առաջատար բեմադրիչներից մեկը, կարողանում է դասական գործը հիանալիորեն ընթերցել ժամանակակից ձեւով: Իսկ այդ պիեսում շատ այժմեական են հնչում գործող անձանցից մեկիՙ գիմնազիայի տնօրենի (Հայաստանի վաստակավոր արտիստ Ռ. Խոսրոեւ) խոսքերը. «Մեր իդեալները, որոնք սովորեցրել ենք նաեւ մեր զավակներին, անհետացել են: Հիմա փողը ամեն ինչ է, փողը գլխավորն է»: Ներկայացման մեջ նոր ամպլուայով հաջողությամբ հանդես եկան ոչ միայն Կարեն Ջանգիրովը եւ Ազատ Գասպարյանը, այլեւ Ռազմիկ Խոսրոեւը եւ Սամվել Փիլոյանը: Այդ ներկայացման հիանալի ձեւավորումը բեմադրող նկարիչ Եվգենի Սոֆրոնովի վերջին աշխատանքն էր, որը շատ ցավալիորեն վերջերս հեռացավ կյանքից: Նա ուներ լավ ճաշակ եւ մեծ վաստակ շատ թատրոններում բեմադրված ներկայացումների ձեւավորման մեջ: Ինչ վերաբերում է ըստ Բ. Բրեխթի պիեսի բեմադրվող «Կովկասյան կավճի շրջանին», այստեղ մի ամբողջ շարք ներկայացումներ (Պերճ Զեյթունցյանի «Կանգնե՛լ, դատարանն է գալիս», Կամյուի «Կալիգուլա», Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ») բեմադրած Տիգրան Գասպարյանի լավ բեմադրական ղեկավարումից բացի, ուզում եմ հատկապես նշել հիանալի դերասան Արմեն Մարությանի ստեղծագործական աշխատանքը (նա խաղում է դատավորի դերը), ինչպես նաեւ բանաստեղծի դերակատար Արամ Հովհաննիսյանի, Ալլա Վարդանովայի, երիտասարդ դերասաններ Լուսինե Կոստանյանի, Արաքսյա Մելիքյանի եւ Դավիթ Գասպարյանի աշխատանքը: Նրանց բոլորին մաղթենք ստեղծագործական նոր հաջողություններ:

ԱՆՆԱ ՄԱՐԻՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4