«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2009-07-17 | #134, 2009-07-18 | #135, 2009-07-21


Ս. ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Աննայի հղիության տոնը նշում է դեկտեմբերի 9-ին

Հուլիսի 4-ին Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկին հարակից տարածքում գտնվող Ս. Կաթողիկե եկեղեցուն կից վայրում, կատարվեց Սուրբ Աննա եկեղեցու եւ Վեհափառ հայրապետի երեւանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի: Եվ այդ օրվանից մամուլի որոշ օրգաններ շտապեցին հասարակության մեջ կասկածներ հարուցել Աննա անվան նպատակահարմարության շուրջը, պնդելով, որ նա մեր եկեղեցու սրբերի դասին չի պատկանում, չհիշելով կամ չիմանալով անգամ, որ Աստվածամոր մոր անվան եկեղեցիներ մենք արդեն իսկ ունենք Հայաստանում (Մալիշկայում եւ Գանձակում), ինչպես նաեւ Մ. Նահանգների Իլինոյս նահանգում (Ս. Աննա եւ Հովակիմ):

  «Ազգը» դիմեց Գեւորգյան ճեմարանի դասախոս Ղեւոնդ քահանա Մայիլյանինՙ պարզաբանումներ տալու խնդրանքով: «Հայ եկեղեցիները, որպես կանոն, կրում են եկեղեցական տոնացույցում հիշատակված սրբերի անունները,- ասաց տեր հայրը:- Կարող են ունենալ նաեւ ընդհանրական անուններ, օրինակՙ Նահատակաց եկեղեցի, Քառասուն մանկանց եկեղեցի եւ այլն: Մեզանում տոների սրբերի ցանկը բավական ընդարձակ է, ընդգրկում է ոչ միայն սուրբ գրային անձերին, այլեւՙ ազգային, եկեղեցական, պատմական: Հայսմավուրքում հիշատակված անձերի անունները կրող եկեղեցիներ Հայոց աշխարհում շատ կան: Նահատակված սրբերի նշխարների վրա միշտ կառուցվել են նրանց անունը կրող եկեղեցիներ: Ընդ որում պարտադիր չէ, որ սուրբը հայ լինի: Մեզանում շատ սիրելի են, օրինակ, Ս. Սարգիսը, Ս. Գեւորգը, որոնք ազգությամբ հայ չէին: Ցայտուն օրինակ են նաեւ Ս. Պանդալեոն բժշկի (ազգությամբ հույն, 3-4-րդ դդ) անունը կրող եկեղեցիները: Այս տոնելի սրբի անունով մի մատուռ կա Հայոց աշխարհում: Մռավա լեռնաշղթայից հյուսիս-արեւելք գտնվում է Պանդ անունով լեռնագագաթը (Գանձակի լեռներում), որտեղ այսօր էլ պահպանվել են Պանդ անունով մի մատուռի ավերակները: Ըստ ավանդության, այդտեղ է թաղված Ս. Պանդալեոն բժիշկը: Այս ուխտատեղին մեծ համարում ունի Արցախում եւ հայտնի է որպես բժշկություն պարգեւող ուխտատեղի:

Հայ եկեղեցիների ցանկի մեջ ամենատարածվածը Ս. Կույսի անունը կրող եկեղեցիներն են: Ս. Աստվածամոր հետ կապված ամեն ինչ անցել է հայոց տոնացույց: Համեմատության համար նշենք, որ Ս. Գրիգոր Լուսավորչին մեր օրացույցը հիշում է 3 անգամ, Ս. Խաչին նվիրված տոները չորսն են, իսկ Աստվածամոր հետ կապված ունենք 7 տոն: Դրանք ենՙ Հղիությունը Աննայի (Ս. Կույսի մայրը)ՙ դեկտեմբերի 9-ին, Ս. Կույսի ծնունդըՙ սեպտեմբերի 8-ին, Ընծայումը տաճարինՙ նոյեմբերի 21-ին, Ավետումՙ ապրիլի 7-ին, Վերափոխումըՙ օգոստոսի 14-ի մոտակա կիրակին, Ս. Կույսի գոտու գտնվելըՙ օգոստոսի 21 - սեպտեմբերի 1-ը, Ս. Կույսի տուփի գտնվելըՙ Հոգեգալստի 5-րդ կիրակին: Հավելյալ նշվում է նաեւ Ս. Կույսի ծնողների հիշատակի օրըՙ Վերափոխման հաջորդ շաբաթվա մեջ: Այսպիսով, Ս. Կույսի մայրը հայոց մեջ հիշվում է 2 անգամ, ուստի եւ նրա անվամբ եկեղեցիներ մեզանում կանոնական երեւույթ են»:

Կարծում ենք, Ղեւոնդ քահանայի այս բովանդակալից եւ մանրամասն բացատրությունը շատ ինչուների պատասխանը տվեց, եւ եթե կլինեն այլ հարցեր կապված նույն խնդրին, «Ազգը» պատրաստակամ է օգնելու իր ընթերցողներին:

Վստահ ենք, որ մի քանի տարի հետո մեծ շուքով կօծվի Երեւանի Սուրբ Աննա եկեղեցին ու իր դռները կբացի հավատացյալների առջեւ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4