«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


ԿՌԻՎԸ ՎԵՐՋԻՆԸ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հայ կամավորական ազատամարտիկի մտորումներ

ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ, գնդապետ

Վերջերս հաճախ եմ կարդում ամենատարբեր տրամաչափի ադրբեջանցիների` հոխորտանքներով լի հրապարակումներ: Պատերազմի ու խաղաղության մասին եք խոսում, պատերազմի վերսկսման վտանգը ձեզ ավելի պետք է հուզի, ունեք բազմաթիվ նավթահորեր ու նավթամուղներ, թող դա՛ ձեզ անհանգստացնի: Առանց դրանց դուք կործանված եք: Բնությունից առատ ստացել եք ամեն ինչ, իսկ աշխատանքով դժվար կստեղծեք: Կուզե՞ք հիշեցնեմ պատերազմական ժամանակները. մենք խրամատները քլունգով ու բահով էինք փորում, դուք` տրակտորներով ու բուլդոզերներով, եւ երկաթբետոնե կոնստրուկցիաներ էիք տեղադրում: Որտեղ տեխնիկա չկար` քսան սանտիմետրանոց խրամատներ էիք փորում, դրա համար էլ քամակներդ չէիք կարողանում պահել, առաջին իսկ հարվածից նապաստակի նման լքում էիք դիրքերը:

Զենք-զինամթերք միշտ էլ շատ եք ունեցել: ԽՍՀՄ 4-րդ բանակի` գրեթե ողջ Անդրկովկասի պաշտպանության համար նախատեսված հսկայական զինապահեստները ձերն էին: Մեր հրետանու, «Գրադների» մեկ երկու դիպուկ հարվածներին քառասուն-հիսունով էիք պատասխանում, առանց խնայելու` գիշեր-ցերեկ էիք ռմբակոծում:

Մենք աշխատելու ենք սովոր, շատ ջերմ ենք սիրում մեր հայրենիքը, մեր տունն էինք պաշտպանում, դուք էիք փորձում նվաճել, որը չստացվեց:

Երկու-երեք օրինակը կրկին սառը ջուր կլցնի ձեր գլխին եւ կթարմացնի ձեր սկլերոտիկ հիշողությունը, թե ինչպես բազմաթիվ անգամներ մարդկային ռեսուրսներով, զինամթերքով ու զրահատեխնիկայով գերազանցող ուժերով «փառքով» լքեցիք Շուշին ու Լաչինը, Աղդամն ու Ֆիզուլին, եւ այլն, եւ այլն...

Երկու անգամ ձեր բախտն ուղղակի բերեց. միջնորդների միջոցով հաստատված զինադադարը խանգարեց կատարյալ ջախջախումից, այլապես ձեր «քաջարի զորքերը» նապաստակի նման մինչեւ Կասպից ծով էին փախչելու: Ականջներիս մեջ մինչեւ հիմա էլ հնչում է 94 թվականին Մարտակերտ զոռով հավաքված, Բերիայի մեթոդներով, ՆԿՎԴ-ական զորքերի կողմից մահվան բերան քշված երիտասարդ զինվորների «ա՛յ անա, ա՛յ անա» վայնասունը եւ թիկունքից «անա» հայհոյողների գոռգոռոցները:

Հայր Ալիեւի ավանտյուրան տապալվեց. ծեր աղվեսը զգաց կործանման անխուսափելիությունը եւ սսկվեց: Հիմա որդին է անցել հոխորտանքների: Թող փորձի բախտը: Գահից կզրկվի եւ հարեւան պետությունը կարգին երկիր կդառնա միգուցե:

Մարդկային գործոնն է ամենագլխավորը, այդ զենքն ու զինամթերքը գործածող է պետք, արեւելյան ասացվածքն ասում է. «Ձին ձիավորով է հրեղեն»: Թե՞ էլի հույսը դրել եք մոջահեդների ու այլ վարձկանների վրա, որոնք հանդիպելով հայ ռազմական ոգուն, առանց փողերը ստանալու էլ էին փախչում ռազմադաշտից: Ես միայն իմ տեսած մեկ տասնյակից ավելի դեպքերն եմ հիշում, երբ մեր ուժերին տասնապատիկ գերազանցելով` դիրքեր ու բնակավայրեր եք թողել: Կայծակնային կամ երկարատեւ պատերազմների սցենարներ եք մտմտում, պատերազմի հենց սկզբից կզրկվեք ձեր նավթից ու նավթամուղներից: Իմիջիայլոց, հիշեցնեմ ձեզ, որ նավթահանքերը երկար ու ուժեղ են վառվում: Վերջ կտրվի ձեր հարստության միֆին ու վերջնականապես կկործանվեք նավթահանքերի հրդեհներում:

Մի քանի դեպք հիշեցնեմ ձեր հատուկ նշանակության հետախուզական-դիվերսիոն խմբերի ներթափանցման ու խայտառակ ոչնչացման վերաբերյալ: Յոթ հոգանոց այդ դիվերսիոն խմբին Քյանդ Հորադիսի տարածքում տասնիննը տարեկան, վեց ամիս ծառայած երիտասարդ զինվորը մի պահունակ փամփուշտով երեսունհինգ րոպե գետնին է գամել, մինչեւ հասել են օգնական ուժերը, մի մասին գերեվարել, մյուսներին` ոչնչացրել: Իմ փառապանծ մարտական ընկեր, նախկին հողագործ, կամավորական ու հետո կոմբատ դարձած Հոսոն դավադրաբար իր վրա հարձակված տասներկու հոգանոց լավ պատրաստված խմբին երեք տեղից վիրավոր վիճակում մեն-մենակ փախուստի մատնեց: Ահա սրանք են ձեր ոգու տիպիկ օրինակները:

Դուք ձեր մաշկի վրա զգացել եք 93-ին հայկական զինուժի հարվածը, որից մինչեւ հիմա մրմռում եք: Հիշեցնում եմ ձեզ, որ այս ընթացքում ավելի ենք կատարելագործվել: Եթե ուզում եք իմանալ, չնայած իմ եւ իմ ժողովրդի խաղաղասեր ոգուն, կուզենամ, որ կռիվը սկսվի: Այն վերջինը կդառնա ադրբեջանական պետության համար, քանի որ կվերանա մի շարք ժողովուրդների բանտի վերածված ձեր մինի-կայսրությունը, իսկ կռիվ գնացող կամավորականներ, ինչպես այն ժամանակ, այդժամ էլ մեզանում հազարավորները կլինեն:

Գիտակցելով այս իրավիճակը, վստահ եմ` մեր ժողովրդի առաջնորդներն ու դիվանագետները կկատարեն իմաստուն քայլեր: Մեկ բան քննարկման նյութ չէ` արցախյան հատվածի հայությունն արել է իր անկախ ապրելու ընտրությունը վերջնական, այնտեղ արդեն քսան-քսանհինգ տարեկան, անկախության մեջ մեծացած սերունդ կա: Հետընթաց չի կարող լինել:

Արցախյան ազատամարտի տարիներին մեր ժողովուրդն իր լավագույն զավակների արյամբ կռեց հաղթանակը: Ժողովրդական ասացվածքը պնդում է. «Արյունը ջուր չի դառնա»: Նման հերոսների օրինակներին հետեւողներ շատ կան. մեծ զրկանքներ կրեցինք, բայց փառքով ու պատվով հաղթահարեցինք դրանք:

Լեյլա Յունուսովա անունով արտաքին գործերի նախարարության մամլո նախկին խոսնակի խոսքերն եմ հիշում, որ 1994 թվականին ասում էր. «Շուտով Ադրբեջանում բոլորը հերոս կդառնան, իսկ Ադրբեջան պետություն չի լինի»:

Իմիջիայլոց, հիշեցնեմ ձեզ, որ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո մեզ մոտ ոչ մի կռվող տղա կենդանության օրոք հերոսի կոչման չի արժանացել, իսկ դուք հերոսության ձեր միֆերն եք առաջ քաշում ու Ղաչաղ Նաբու եւ Քյոռօղլու կերպարներով միայն կարող եք դաստիարակել ձեր խեղճ ու կրակ զինվորներին: Կրկին հիշեմ մի պատերազմական դրվագ, երբ հզոր սպառազինված Ֆիզուլի քաղաքն իր շրջակայքով խայտառակ կերպով պարտություն կրեց դիմացի ձորակի հայկական գյուղերում կազմված ջոկատներից, տասնչորս ռազմագերի վերցրինք: Ցավոք սրտի, երկու գերի էլ մենք ունեցանք: Գերիների փոխանակության խնդրով բանակցությունների ժամանակ ձեր կողմն առաջարկեց մեկը` յոթով: Մեր հրամանատարը դիպուկ ասաց, թե ի՞նչ է, մարդը ոչխարի հե՞տ ենք փոխում: Այդպես էլ չկամեցան տրամաբանական առաջարկ կատարել, որովհետեւ փող աշխատելու նպատակ ունեին, իսկ զինվորը, մարդը արժեք չունի ձեզ մոտ:

Պատերազմի դառնություններն ու զրկանքները մաշկիս վրա եմ զգացել, այն ծանր նստվածք է թողել իմ, ընտանիքիս եւ հայ ժողովրդի հոգում: Մինչեւ հիմա էլ սեւազգեստ մայրեր ու այրիներ կան, որոնք զգալով կորստի մեծությունը, նաեւ զգում են հպարտության ու պարծանքի չափը, դրա համար էլ մենք չենք ցանկանում պատերազմ, դրա համար էլ հիմնավոր ենք պատրաստվում խաղաղությանը:

Պատերազմից տասնհինգ տարի հետո նաեւ մի եզրակացության եմ հանգել, որ պարտադրված եմ ապրել իմ հարեւանների հետ: Այս իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել, լուծում անպայման լինելու է: Ուրեմն թող այն տրամաբանական ու խաղաղ լինի, առանց այսօրինակ անհեթեթությունների, բորենու որջ հրավերների, ազգամիջյան ատելության սերմանման: Կոռումպացված ալիեւների եւ մյուսների երեխաները վայելելու են այդ նավթադոլարները, խեղճուկրակների երեխաներն են կրկին «ա՛յ անա, այ ա՛նա» գոռալու: Այսօրվա հոխորտացողներն այն տարիներին չէին երեւում եւ ժողովրդական ասացվածքը կրկին ասում է. «Կռվից հետո բռունցքները չեն թափահարում»:

Եվ թող տա Աստված խոհեմություն եւ իրատեսություն մեր հարեւան ժողովրդին` հաշտվելու իրավիճակի հետ եւ հանգիստ թողնելու արցախահայությանը:

Ու խաղաղ գոյակցությամբ կառուցենք մեր երեխաների ապագան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4