«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2009-07-21 | #136, 2009-07-22 | #137, 2009-07-23


«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱԿԱՀԱՅ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

«Էրգենեքոն» հանցավոր խմբի բացահայտումը վերջին շրջանում Թուրքիայի ներքաղաքական կյանքի կարեւոր իրադարձություններից է: «Էրգենեքոնի» դատավարության ընթացքը փորձագետները համարում են պայքար իսլամամետ քաղաքական ուժերի եւ զինվորականության միջեւ: «Էրգենեքոնի» հիմնական նպատակն էր Թուրքիայում ահաբեկչական գործողությունների միջոցով ստեղծել քաոս, իրականացնել զինվորական հեղաշրջում: Ի դեպ, Թուրքիայի նոր պատմության մեջ զինվորական հեղաշրջումները բավական շատ են: «Էրգենեքոնը» հայտնաբերվել է 2007-ին` զինամթերքի պահեստի բացահայտման ժամանակ: Այդ ընթացքում եղել են հարյուրավոր ձերբակալություններ, դատավարություններ, որոնք այսօր էլ շարունակվում են: Թուրքիայում կատարված մի քանի տասնյակ սպանությունների, պայթյունների, ահաբեկչությունների իրականացման համար մեղադրում են հենց այս խմբավորմանը:

Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված կազմակերպության պատմության ու հատկապես հակահայ ուղղվածության մասին երեկ «Արմատ» ակումբում խոսեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը : «Ձերբակալվածների մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք ունեն բացահայտ հակահայկական ուղղվածություն: 2005-ին ստեղծվեց «Թալեաթ փաշա» կազմակերպությունը, որի նախագահն էր Դողու Փերինչեքը: Այն պայքարում էր ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Հետագայում պարզվեց, որ այդ կազմակերպությունը սնվում է «Էրգենեքոնից», նկատում է թուրքագետը:

Ձերբակալվածներից պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, փաստաբան Քեմալ Քերինչսիզը, Անկարայի առեւտրի պալատի նախագահ Սինան Այգունը ներգրավված էին Հրանտ Դինքի հալածման ու դատական գործընթացներում: «Երբ վերոնշյալ երեք անձանց ձերբակալեցին, հայտարարում էին, թե ձերբակալել են հակահայ գործունեության համար», հիշում է Մելքոնյանը:

«Էրգենեքոնի» մեկ այլ անդամ Իբրահիմ Շահինի 300 հոգանոց կազմակերպության ստեղծած ցուցակն էլ` «Ներքին մաքրություն» անվամբ, նպատակ ուներ ահաբեկչությունների միջոցով սպանելու Թուրքիայում հայազգի ներկայացուցիչներին: Բացահայտված ցուցակը գլխավորում էր Մեսրոպ արք. Մութաֆյանը:

«Երկու տարի առաջ Մալաթիայում տեղի ունեցած պայթյունն էլ «Էրգենեքոնի» ձեռագիրն էր: Այդ քաղաքում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Նպատակ ուներ քաղաքում տարբեր ազգությունների միջեւ թշնամանք, ատելություն սերմանել»:

Թուրքագետը նկատում է, որ «Էրգենեքոնի» բացահայտումն ու դատավարական գործընթացը դրական ազդեցություն կունենան Թուրքիայի` եվրոինտեգրման գործում: «Եթե Թուրքիան ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, պետք է հետամուտ լինի «Էրգենեքոնի» բացահայտմանը»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների լավացմանն ու հոկտեմբերին ֆուտբոլային դիվանագիտությունը Անկարայում շարունակելուն, Մելքոնյանը հայկական գործելաոճում նկատեց մի շարք թերացումներ, որոնցից հատկապես առանձնացրեց Թուրքիայում ծայր առնող ազգայնամոլության նկատմամբ հայկական կողմի անուշադրությունը: Նա չի բացառում, որ Թուրքիայում կան լավատեսական դրսեւորումներ, սակայն դրանք կազմում են փոքրամասնություն:

«Թուրքիայի բնակչության մեծամասնությունն ազգայնամոլ է: Ֆուտբոլային հանդիպումը նախատեսված էր անցկացնել Կեսարիայում, սակայն տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, անցկացվեց ստորագրահավաք, եւ նախագահ Գյուլը փոխեց ֆուտբոլային հանդիպման անցկացման վայրը: «Ներողություն եմ խնդրում» ակցիան, որին մասնակցեց 30.000 մարդ, կարծես առաջնորդվում էր ազնիվ մղումներով: Սակայն, իրականում, նախաձեռնության կազմակերպիչներն այլ մտադրություն ունեին: Միջոցառումից 2 ամիս անց կազմակերպիչ Բասիք Օրանը հայտարարեց. «Վարչապետ Էրդողանը թող աղոթի մեր անձերի համար: Այս միջոցառման շնորհիվ սփյուռքը փափկեց, ցեղասպանություն բառը հանվեց միջազգային մամուլից»:

Բոլորը գովեցին Օրհան Փամուքի «Այստեղ մեկ միլիոն հայ է սպանվել» արտահայտությունը, սակայն որեւիցե մեկը հետագայում չհիշատակեց, որ Փամուքը մեկ ամիս անց ասաց, թե չի ասել, որ այդ մեկ միլիոն հային թուրքերն են սպանել», նկատում է թուրքագետը:

Թուրքական ազգայնամոլության համատեքստում Մելքոնյանը դժվարացավ խոսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների մասին: Միայն հավելեց, որ հայկական դիվանագիտությունը ձեւավորման փուլում է, մինչդեռ թուրքականը` հզոր եւ շատ հմուտ է:

«Լուրջ ակնկալիքներ ունենալն այնքան էլ խելամիտ չէ: Սակայն չպետք է մոռանալ, որ մեր դիվանագիտությունը փորձում է անել հնարավորության սահմաններում ամեն ինչ», եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4